Մատչելիության հղումներ

Հայաստանում կբացվի Կալիֆորնիայի առեւտրատնտեսական գրասենյակ





Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) հրավերով եւ Արեւմտյան Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Երեւանում գտնվող ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի սենատոր Ջեկ Սքոթը վստահ է, որ Հայաստանում Կալիֆորնիայի առեւտրատնտեսական գրասենյակ բացելու ծրագիրը հաջողությամբ կիրականացվի:

Գրասենյակի բացումը իրականացվելու է անցած տարվա նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարի եւ Կալիֆորնիայի նահանգապետի միջեւ ստորագրված առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

Այսօր Ջեկ Սքոթի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայաստանի վարչապետը: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության, Անդրանիկ Մարգարյանը համոզմունք է հայտնել որ Հայաստանում Կալիֆորնիայի նահանգի առեւտրատնտեսական գրասենյակ բացելու նախաձեռնությունը հաջողություն կունենա եւ կնպաստի հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական էլ ավելի սերտացմանը:

Սենատոր Սքոթը ՀՅԴ գրասենյակում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ արդեն ապրիլի 3-ին սենատի հանձնախմբին է ներկայացնելու գրասենյակի ստեղծման մասին իր օրինագիծը: Սենատորը համոզված է, որ օրինագիծը փոխշահավետ է եւ կընդունվի սենատի ու կվավերացվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից:

Նրա խոսքերով, գրասենյակի ստեղծումից հետո բավականին մեծ քանակությամբ ամերիկյան ապրանքների տեսականի կգա Հայաստան: Շոշափելիորեն կաշխուժանա նաեւ արտահանումը Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ:

Եվ եթե նկատի ունենանք, որ Կալիֆորնիայի բնակչությունը մոտ 34 միլիոն է, ապա, սենատորի համոզմամբ, «ճիշտ մարկետինգ իրականացնելու դեպքում, սա հիանալի հնարավորություն է հայաստանյան ապրանքները Կալիֆորնիայում իրացնելու համար: Եվ դրանից կօգտվեն ոչ միայն կալիֆորնիաբնակ հայերը, այլեւ այլազգիները»:

«500 հազարից ավելի հայերն են ապրում Կալիֆորնիայում, եւ, համագործակցելով ամերիկահայերի հետ, տեսնում եմ նրանց սերն ու կապվածությունը Հայաստանին», - ասաց Ջեկ Սքոթը: Համագործակցության շրջանակները սենատորը տեսնում է հատկապես բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սեյսմիկ պաշտպանության եւ այլ ոլորտներում:

«Ես բավական փաստեր արդեն հավաքել եմ եւ դրանք պետք է խանդավառությամբ ներկայացնեմ գործընկերներիս եւ նահանգապետին՝ նրանց եւս ոգեւորելով այս նախաձեռնությամբ», - ասաց Սքոթը, հույս հայտնելով, որ նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG