Մատչելիության հղումներ

logo-print

Նախարարի կարծիքով, աղքատության կրճատումը պետք է սկսել «երկրի ներսից»


Մարտի 18-22-ը Մոնթերեյում (Մեքսիկա) կայացած ՄԱԿ-ի համաժողովում, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, որոշվել է մինչեւ 2006 թվականը աղքատ երկրներին հատկացվող օգնության ծավալը ներկայիս 50 միլիարդից հասցնել 80 միլիարդ դոլարի։

Թե որ երկիրը ինչքան ու ինչ ձեւով հավելյալ օգնություն կստանա, հավանաբար, վերջնականապես կորոշվի սեպտեմբերին՝ Յոհաննեսբուրգում կայանալիք բարձր մակարդակի համաժողովում։

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը Մոնթերեյի համաժողովից հետո եզրակացրել է, որ «երկրները առաջին հերթին իրենց ներսում պետք է լուծեն իրենց խնդիրները»:

«Պետք չէ մեղավորներ ման գալ երկրից դուրս: Առաջին հերթին մենք պետք է կարգավորենք մեր խնդիրները, հետո նոր անդրադառնանք օտարերկրյա կամ միջազգային կազմակերպություններից տրամադրվող օգնություններին», - այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ճշմարիտյանը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, մեր պատվիրակությունը ակտիվ մասնակցություն է ունեցել կայացած քննարկումներին, սեմինարներին եւ լիագումար նիստերին:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Ժոել Բուտրուն։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ՄԱԿ-ը չի՞ պատրաստվում, արդյոք, դոնորների միջազգային հանրությանն առաջարկել պատժամիջոցներ կիրառել այն երկրների հանդեպ, որոնք հաղորդակցության ուղիների շրջափակումներ եւ այլեւայլ տնտեսական ճնշամիջոցներ են բանեցնում հարեւան երկրների հանդեպ՝ վատթարացնելով նրանց դրությունը ու աղքատության նոր օջախներ ստեղծելով, Ժոել Բուտրուն անորոշ պատասխան տվեց. - «Անցյալի փորձը ցույց է տալիս, որ պատժամիջոցները երկրների նկատմամբ նախ եւ առաջ ազդում են այդ երկրների աղքատ բնակիչների վրա ու չեն ծառայում այն նպատակին, որի համար սահմանվել են ի սկզբանե»: Նման պատասխանը, թերեւս, նշանակում է, որ Թուրքիայի նկատմամբ ճնշամիջոցներ հազիվ թե կիրառվեն։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG