Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ Միացյալ Նահանգներ այցի հետքերով «Հայոց Աշխարհ» թերթը իմաստավորում է. «Վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը կազմող սկզբունքներից յուրաքանչյուրի ներքին «բաղադրությունը» սկսել է որոշակի փոփոխությունների ենթարկվել: Մի կողմից, նկատվում է տնտեսական խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի արդյունաբերության առանցքային ճյուղերում Ռուսաստանի ներկայությունն ուժեղացնելու ձգտում... մյուս կողմից՝ Հայաստանը փաստորեն առաջին անգամ փորձում է պաշտպանության բնագավառում հաջողությամբ շարունակվող ռուս-հայկական փոխգործակցությունը լրացնել ու ամբողջացնել նաեւ հայ-ամերիկյան համագործակցությամբ»:

«Հայոց Աշխարհ»-ի ընդգծմամբ, «ակնհայտ է, որ գործ ունենք ռազմական բնագավառում համագործակցության բոլորովին նոր երեւույթի հետ, որը հիմնվում է ոչ թե առկա անվտանգության համակարգի փոփոխության, այլ կատարելագործման սկզբունքի վրա՝ արդիականացնելու համար հայկական զինուժի կենսագործունեության այն բնագավառները, որոնք զգում են Միացյալ Նահանգների օգնության անհրաժեշտությունը: Դրանք առաջին հերթին կապվում են նորագույն տեխնիկական միջոցների եւ փորձի սուր կարիք ունեցող ճյուղերի հետ՝ կապ, ականազերծման աշխատանքներ եւ այլն»:

«Դրանով չի խախտվում ոչ միայն հայ-ռուսական ռազմաքաղաքական փոխգործակցության ամուր հիմքը, այլեւ... հայկական զինուժի տեխնիկական հագեցվածությունն ու նոր փորձի ձեռքբերումը կարող են նպաստել ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը», - լրացնում է «Հայոց Աշխարհ»-ը:

Վերջերս քաղաքական մի շարք ուժերի կողմից մեղադրանքներ են հնչում, թե Հանրապետական կուսակցությունը, օգտագործելով իր իշխանական լծակները, պետական կառույցների աշխատողներին հարկադրաբար ներգրավում է իր շարքերը: Այս հարցադրմանը հանրապետականների փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց Աշխարհ»-ում պատասխանում է. - «Ընդհանրապես չի կարելի բացառել այդպիսի դեպքերի գոյությունը... Սակայն դա համարում եմ բացարձակապես անընդունելի ճանապարհ: Երբ մարդկանց ստիպողաբար այս կամ այն կուսակցության անդամ են դարձնում, համոզված եմ, որ դրանով որեւէ օգուտ չեն բերում, այլ ճիշտ հակառակը: Դա կարող է միայն վնասել ցանկացած կուսակցության հեղինակությանը»:

Հանրապետական կուսակցության ներկայիս անդամների թիվը Թորոսյանը շրջագծում է 7-ից 11 հազար: Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) անդամների թվաքանակը, ՀԺԿ խորհրդի անդամ, պատգամավոր Գրիգոր Հարությունյանի հավաստմամբ, մոտ 29 հազար է: Արտաշես Գեղամյանի հայտարարությունը, թե ժողովրդական կուսակցությունից իր ղեկավարած «Ազգային միաբանության» շարքերն են անցել շուրջ 2,5 հազար մարդ, Գրիգոր Հարությունյանը «Հայոց Աշխարհ»-ում որակում է «զառանցանք»:

ՀԺԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արամայիս Բարսեղյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Այսօրվա իշխանությունները ուղղակի իրենց ցանկությունները ուզում են իրականության տեղ հրամցնել: Մեզ էլ են բազմաթիվ խոստումներով փորձում հրապուրել մտնել «Ազգային միաբանություն», սակայն այդ փորձերը ի սկզբանե դատապարտված են... Գեղամյանը կատարում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պատվերը: Քոչարյանը Գեղամյանին գործուղել է ընդդիմության դաշտ, որպեսզի նախագահական ընտրությունների ժամանակ իր չառաջադրվելու դեպքում Գեղամյանը ընտրվի նախագահ՝ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին երաշխիքներ տալով, որ չի բացահայտի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»:

«Մի խառնեք մեզ ձեր խաղերին» վերնագրի տակ «Առավոտ» թերթում այսօր ներկայացվում է «Շարմ» ընկերության արձագանքը «Ա1+»-ի հետ իրենց մրցակցության առնչությամբ մեկնաբանություններին. «Ցավալիորեն այսօր եւ' քաղաքական իշխանությունների, եւ' ընդդիմության առանձին գործիչներ ու կուսակցություններ փորձում են այս մրցույթին եւ հատկապես մեր մասնակցությանը քաղաքական երանգներ տալ: Ուզում ենք շեշտել եւ պահանջել, որպեսզի մեր մասնակցությունը դիտվի զուտ իբրեւ կոմերցիոն, շոու-բիզնեսի ոլորտում գոյություն ունեցող ընկերության ծրագիր եւ չքաղաքականացվի»:

«Առավոտ»-ի խմբագրականը, սակայն, այսօր էլ շեշտադրում է. «Չնսեմացնելով «Շարմի» հաջողությունները շոու-բիզնեսի բնագավառում, հիշեցնենք, որ զվարճալի ֆիլմ նկարելը եւ հեռուստատեսություն սարքելը տարբեր բաներ են»: Եթե հանձնաժողովը պայման է դրել, որ, ասենք, 21-րդ հաճախականությունը պետք է լինի մանկապատանեկան ալիք, ապա նույն տրամաբանությամբ՝ 37-րդ հաճախականությունը պետք է հայտարարվեր լրատվական:

««Ա1+»-ը օպերատիվ եւ բազմակողմանի ամենօրյա լրատվություն է հաղորդում հասարակությանը: Իշխանությանը դա ձեռնտու չէ. նրան պետք է եթերում մենաշնորհ հաստատել եւ ունենալ մեկ, սուպերլոյալ հեռուստաընկերություն՝ տարբեր անուններով», - եզրափակել է «Առավոտ»-ի խմբագրականը:

«Արդեն որերորդ տարին է, Հայաստանի շուրջ 1300 բաց բաժնետիրական ընկերությունների բազմահազար մանր բաժնետերերը, ուշադրությամբ լսելով գլխավոր հաշվապահների հաշվետվությունները, վերջում մշտապես հանդիպում են ընկերության վնասով աշխատելու եզրակացությանը։ Հերթական անգամ նրանք հիասթափվում ու հուսախաբվում են՝ անիծելով բոլորին», - անդրադառնում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Հերթական անգամ մեռնում է շահութաբաժին ստանալու հույսը մի ձեռնարկությունից, որի բաժնետերերի գերակշիռ մեծամասնությունն այստեղ աշխատել է երկար տարիներ։ Իսկ ընկերության սեփականատերերը, որոնք նաեւ խորհրդի անդամներն են, նման ձեւով մի զարկով խփում են միանգամից երկու նպատակակետի։ Առաջինը՝ զերծ են մնում պետբյուջեին շահութահարկ, երկրորդը՝ բաժնետերերին շահութաբաժին վճարելուց։ Սակայն որքան էլ տարօրինակ է, լինելով վնասով աշխատող ընկերության սեփականատերեր, նրանք իրենց ոչնչից չեն զրկում եւ ապրում են առավել քան բարեկեցիկ կյանքով... Ակնհայտ է, որ դրա սեփականատերերը բարգավաճում են շնորհիվ գործունեության զգալի մասի ստվերայնացման»։

«Այս ամենը վկայում է, որ դեռեւս վաղ է խոսել արժեթղթերի շուկայի կայացման մասին, քանզի առանց շահութաբաժին ստանալու իրական ակնկալիքի ոչ մի քիչ թե շատ նշանակալի ներդրում չի կատարվի այս ոլորտում», - եզրափակված է «Ազգ»-ում։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG