Մատչելիության հղումներ

Սկսվեց Հյուսիսային պողոտայի շինարարությունը





Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը այսօր Երեւանի կենտրոնում կատարած շրջայցից հետո երեւանցիներին՝ շնորհավորական, իսկ ներդրողներին՝ շնորհակալական ուղերձը անոթում ամփոփված իջեցրին կառուցվելիք պողոտայի տարածքում նոր փորած փոսի մեջ՝ դրանով իսկ պաշտոնապես բացելով Հյուսիսային պողոտայի շինարարությունը:

«Հյուսիսային պողոտա» ամբողջ ծրագիրը նախատեսում է 150 մլն դոլարի ներդրում: Պողոտայի շինարարությունն ու կառուցապատումը ծրագրված է ավարտել 2006 թվականին: Այս տարի նախատեսվող ներդրումների չափը կազմում է 60 մլն դոլար:

Հյուսիսային պողոտայի կառուցապատումը իրականացվելու մասնավոր ներդրումներով: Տարածքները վարձակալության են տրվելու աճուրդով: Մինչ օրս աճուրդում հաղթած որեւէ ընկերության անուն չի հրապարակվել:

Այսօր, սակայն, Երեւանի քաղաքապետը քիչ ավելին ասաց. «Հյուսիսային պողոտայում գործում են հիմնականում ռուսական ֆիրմաներ, որոնք արդեն 4 լոտ գնել են... Մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ այլ արտասահամանյան ֆիրմաներ»:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե քանի՞ տարի կպահանջվի Երեւանի կենտրոնը կառուցապատելու համար, Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Ժամկետը դժվար է որոշել»: Նախագահը դա բացատրեց նրանով, որ բյուջետային միջոցներ չեն ներգրավվում այս նպատակի համար, ինչը նշանակում է, որ պետք է ներդրողների հետ հաջող աշխատանք տարվի, եւ լինի քաղաքական կայունություն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG