Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնը նախընտրական Հայաստանի քաղաքական դաշտը դեռեւս չի «շոշափել», բայց, հանձին իր տնօրեն Ահարոն Ադիբեկյանի, արդեն իսկ ունի քաղաքական ընթացքի իր գնահատականը», - փոխանցում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթը: Ըստ այդմ՝ «քաղաքական ջրերը հիմնականում հստակված կլինեն աշնանը, կձեւավորվեն ուժերի բյուրեղացման մի քանի կենտրոններ», ընտրություններին մոտ քաղաքական գործիչների ընկալումները կփոխվեն, «նրանք կհասկանան, որ առանձին-առանձին հաջողության չեն հասնի»:

«Ինչ վերաբերում է պնդումներին, թե գործող իշխանության իրական այլընտրանքը ՀՀՇ-ն է, եւ պայքարը հիմնականում «ներկաների» եւ նախկինների միջեւ է ծավալվելու, ապա, ըստ Ադիբեկյանի, այդ մտայնությունը ընդամենը հաստատում է, որ գաղափարախոսությունը մեզանում ընդամենը բաճկոն է, որ քաղաքականության հետ իրականում կապ չունի»:

«Կառավարական շրջանակների մոտ 60 տոկոսը, բացի «օդիոզ դեմքերից», որոնք հեռացել են, նախկին հհշականներ են», - ընդգծում է Ադիբեկյանը, ընդհանուր առմամբ համաձայն չլինելով, թե «ՀՀՇ-ն կարող է վերածնվել ու վերադառնալ քաղաքական ասպարեզ՝ որպես ՀՀՇ»: Սոցիոլոգի գնահատմամբ, «Հայաստանում այսօր բավական կայուն իրավիճակ է: Դժգոհություններ, իհարկե, կարող են լինել, բայց անկում չկա, ազգային համախառն արտադրանքը դանդաղ, բայց հաստատուն կերպով աճելու միտում ունի, դրսից բավականին գումարներ են գալիս, եւ եթե կողքից նայելու լինենք, որոշակի մակարդակ ապահովված է: Այս վիճակը կարող է կես դար, մեկ դար շարունակվել: Սպասել, որ կգա մեկը եւ այս վիճակը կտրուկ կփոխի, տգիտություն է եւ քաղաքական խոշոր սխալ», - ամփոփել է Ահարոն Ադիբեկյանը:

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ, «ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության հարաբերությունները առաջիկայում կարող են վատանալ: Բանն այն է, որ «Ազգային միաբանությունը» պնդում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում մոտ երկուսուկես հազար ՀԺԿ-ական է անդամագրվել իր շարքերը: «Ազգային միաբանություն»-ը այսպիսով փորձում է ցույց տալ իր առաջնությունը ընդդիմադիր դաշտում: ՀԺԿ-ն, իհարկե, կուսակցականների արտահոսքի մասին լուրերը հերքում է: Չնայած», - նշում է «Հայկական ժամանակ»-ը, - «մարդիկ ՀԺԿ-ից հեռանալու պատճառներ ունեն, եւ դա առաջին հերթին Ստեփան Դեմիրճյանի ոչ հստակ քաղաքական պահվածքն է»:

«Այս պահին Գեղամյանը գործող իշխանությունների հասցեին անհամեմատ ավելի հստակ է արտահայտվում, ինչը չի կարող հրապուրիչ չլինել ընդդիմադիր տրամադրություններ ունեցողների համար», - եզրափակված է անդրադարձում:

«Հայոց Աշխարհ» թերթի տեղեկություններով, «վերջերս ինտենսիվ շփումներ են տեղի ունենում Արտաշես Գեղամյանի եւ Արա Սահակյանի միջեւ: Դատելով Գեղամյանի գովաբանական զեղումներից, շփումները, գոնե ՀՀՇ-ի համար օգտակար են», - ի մի է բերում մեկնաբանը: - «Իսկ եթե շուտով ՀՀՇ-ն էլ սկսի գովերգել Գեղամյանին, ապա կարելի է ասել, որ դրանք երկուստեք արդյունավետ են եւ փոխշահավետ»:

«Իրավունք» թերթի պատկերմամբ, «իշխանությունները բոլոր ուղղություններով անցնում են կոշտ քայլերի՝ «ամեն ինչ հանուն ընտրարշավի» կարգախոսից ելնելով... եւ շուտով կառավարման համակարգում, նույնիսկ նմուշի համար, դժվար թե մնա գոնե մեկ ոչ նախագահամետ չինովնիկ, իսկ ճնշումները տեղեկատվական դաշտում կսաստկանան: Ինչքան մոտենան ընտրությունները, այնքան ավելի ու ավելի կոշտ ձեւով գործարար շրջանակներից կպահանջվեն անվերապահ իշխանամետության իրական ապացույցներ»:

«Իրավունք»-ի տեղեկություններով էլ, նախագահական նստավայրում քաղաքական որոշում է կայացվել «Ա1+»-ին դուրս թողնել եթերից: Նման կայացած հեռուստաընկերության փակումը ոչ միայն քաղաքական տեսանկյունից է հղի բացասական հետեւանքներով, այլեւ հետ կմղի ընդհանրապես հեռուստատեսության զարգացումը Հայաստանում, - գնահատված է «Իրավունք»-ում:

«Ամեն ինչ հանուն ընտրաշավի» կարգախոսը հոգեհարազատ է ոչ միայն իշխանություններին, այլեւ ռեւանշիստական ընդդիմությանը», - մյուս կողմն է նայում «Իրավունք»-ի մեկնաբանը, նշելով. - «Վերջիններիս քարոզչական տեխնոլոգիաները ոչ պակաս, իսկ երբեմն նաեւ՝ առավել կեղտոտ են, քան իշխանությունների կիրառածը: Դրա վառ դրսեւորումներից մեկը թեկուզ այն է, թե ինչ մեթոդներով է իրականացվում Մուշեղ Սաղաթելյանի պաշտպանությունը»:

«Առավոտ»-ի խմբագիրը այսօր գրում է. եթե Մուշեղ Սաղաթելյանը «շարունակեր սուսուփուս ծառայել իշխանությանը, ապա կստանար գեներալի կոչում, կպտտվեր Սերժ Սարգսյանի կամ որեւէ այլ նախարարի շքախմբում, «տանիք» կկանգներ որեւէ շահավետ բիզնեսի»:

«Այո, Սաղաթելյանը պատժվում է երկրի ղեկավարներին հրապարակավ կասկածելու համար: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա ընդհանրապես չպիտի պատժվի», - այս կապակցությամբ շեշտում է խմբագիրը: - Եթե Սաղաթելյանը ծեծի է ենթարկել քաղաքացիներին, ապա «անկախ նրանից, թե ում եւ ինչում է նա այսօր կասկածում, նա պետք է պատասխանատվություն կրի իր արածի համար»:

«Կանցնի որոշ ժամանակ, կլինի իշխանափոխություն, եւ, շատ հնարավոր է, Կուկուն ու նրա ընկերները եւս կկանգնեն դատարանի առաջ՝ դատվելով առնվազն իշխանազանցության եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար»: Թեկուզ ուշացած ու գինը գցած, արդարադատությունը չի դադարում այդպիսին լինել:

«Ա1+»-ի հետ կապված, «Առավոտ»-ը առանձնացնում է. «Չափանիշերի բացակայությունը հեռուստառադիոյի հանձնաժողովին կամայականությունների լայն հնարավորություն է տալիս:

Այսօր իր առաջին համարով հանդես եկած «Օր» թերթում էլ վերլուծված է, թե այդ քայլը նախագահին ոչ մի օգուտ չի բերի: «Վերջին հաշվով, «Ա1+»-ի գործունեությունը չի ավելացնում «Ա1+»-ի գաղափարախոսության կողմնակիցների թիվը, սակայն դառնում է լիցքաթափման յուրատեսակ միջոց, որով ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող բյուրավոր հեռուստադիտողներ հնարավորություն են ստանում իրենց սեփական կարծիքին համընկնող կարծիքներ լսելու, եւ դրանով նվազում է ավելի վճռական քայլերի դիմելու ցանկությունը»:

«10 տոկոս տնտեսական աճը աչքակապություն է» վերնագրի տակ «Օր»-ում ընդգծվում է. «Այս վիճակում ՀՆԱ-ի 5 կամ 10 տոկոսի աճը Հայաստանում, աղքատության մեղմացման առումով, էական չէ, որովհետեւ, չնայած թվերի աճին, կյանքը բարելավվում է բնակչության ընդամենը մի քանի տոկոսի համար... Կիսատ-պռատ ծրագրերով, մեքսիկաներ ուղեւորվելով, ժապավեններ կտրելով ՝ հնարավոր չէ առնել սովածության ահագնացող աղետի դեմը: Համատարած թշվառությունը դառնում է Հայաստանի պետականության կայացման համար մեկ հակառակորդը: Եվ դրանում աղքատների մեղքը նվազագույնն է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG