Մատչելիության հղումներ

Իշխող կուսակցության կողմից վերահսկվող լրագրի հրապարակումները կքննարվեն կուսակցության խորհրդի նիստում


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած 11,5 հազար անդամ ունեցող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) միջոցներով հրատարակվող «Ժամանակ» շաբաթաթերթի մի շարք հրապարակումներ ստիպել են ՀՀԿ խորհրդին անդրադառնալ խմբագրակազմի գործունեությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՀԿ փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը նշեց, որ թերթի որոշ խմբագրականներ ու հոդվածներ կուսակցության տեսակետների ճիշտ հակառակն են: ՀՀԿ-ի փոխնախագահը ասաց, թե դժվարանում է հիշել խորհրդի որեւէ անդամի, որը «նման ծայրահեղ դիրքորոշումներ ունի»: Նա ասաց նաեւ, որ հարցը մոտ օրերս քննարկվելու է ՀԿԿ խորհրդի նիստում:

«Դա թերթի խմբագրակազմի տեսակետն է, եւ որեւէ չափով չի առնչվում Հանրապետական կուսակցության ո'չ ծրագրին, ո'չ տեսակետին», - հեռախոսով «Ազատություն ռադիոկայանին ասաց «Ժամանակ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մերուժան Հովհաննիսյանը:

Շաբաթաթերթի հրապարակումներում պետության համար վտանգավոր են անվանվում ոչ հայ մորից ծնված հայերը, անվայելուչ գնահատական է տրվում հրեաների պատմական դերին: Տեղ են գտել այսպիսի դատողություններ. «Որեւէ պետություն կործանելու ամենակարճ ճանապարհը գրաքննությունը վերացնելն է կամ դրա չափանիշները չարդարացված կերպով մեղմացնելը», «Տեռորիզմը կվերանա միայն դեմոկրատիայի վերացման հետ»:

1991 թվականին գրանցված եւ թիվ մեկ վկայականն ստացած Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը 1993֊ին հստակեցրել է իր ծրագիրն ու գաղափարները, որոնց հիմքում նժդեհյան ցեղակրոնությունն է, պահպանողականությունը:

Գարեգին Նժդեհը, որ հմուտ զինվորական էր, Առաջին հանրապետության շրջանում՝ Սյունիքի ղեկավարը, մշակել է ազգայնական՝ ցեղակրոն գաղափարախոսություն: Նա փորձել է Սփյուռքում սերունդներ դաստիարակել, որոնք հավատարիմ կմնային ազգային ակունքներին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է կուսակցությունը ժողովրդավարության սկզբունքները տեղավորում ցեղակրոնության մեջ, Տիգրան Թորասյանը ասաց. - «Գարեգին Նժդեհի մշակած գաղափարախոսությունը ոչ մի հակասություն չունի ժողովրդավարության հետ: Ճիշտ հակառակը»:

Թորոսյանը ավելացրեց, որ իրենց կուսակցությունը պահպանողական հոսանքների մեջ դավանում է այն ուղղությունը, որը ընդունում է «եւ' ժողովրդավարությունը, եւ' մարդու իրավունքների հարգման անհրաժեշտությունը, եւ' ազատ տնտեսական հարաբերություները»:

Տիգրան Թորոսյանը չհամաձայնեց, թե ՀԿԿ-ն հեթանոսապաշտ կուսակցություն է: «Պարզապես Քրիստոնեության ընդունումից առաջ հազարավոր տարիներ հայերն ունեցել են քաղաքակրթություն, պետություններ, մշակույթ: Ուստի մենք գտնում ենք, որ պետք է երբեւէ չմոռանալ թե' այդ շրջանում, թե' քրիստոնեության շրջանում ստեղծված որեւէ արժեք», - ասաց նա:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG