Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Նախագահ Քոչարյանի սյունիքյան այցից «Հայաստանի Հանրապետություն» թերթը շեշտված հասցնում է նրա արտահայտությունը, թե ուրախալի է, որ «հարցերը վերաբերում են աշխատանքին, տնտեսական զարգացմանը եւ ոչ քաղաքականությանն ու ինտրիգներին»: Մարզում այցելված օբյեկտների ու դրանց ցուցանիշների արանքում մամուլում գտնում ենք նաեւ նախագահի՝ «Ամեն ինչ լավ կլինի» հավաստիացումը:

Ավելի հեռու մեկնած մեր բարձրաստիճանների կյանքից երկու լուր է առանձնացրել «Առավոտ»-ը: «Կոմպլեմենտարիզմի եւս մեկ դրսեւորում» վերնագրի տակ տրվում է, թե Ռուսաստանից հետո հիմա էլ Միացյալ Նահանգներն են Սերժ Սարգսյանին պարգեւատրել իրենց արտաքին հետախուզության ծառայության մեդալով: Իսկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ինչպես տեղեկացնում է «Առավոտ»-ը, «Մոնթերեյի համաժողովից հետդարձի ճանապարհին կարճատեւ կանգառ կունենա Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան կհանձնվի Օքսֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչումը: Այդ բարձր պարգեւը նա կստանա համաշխարհային քաղաքական եւ գիտական մտքի զարգացման մեջ մեծ ներդրման համար»:

Այս ընթացքում, «Հայոց Աշխարհ» թերթի լրատվությամբ, անհաջող ավարտվեցին բանակցությունները Հայաստանի կառավարության եւ ճապոնական գործարար շրջանակների միջեւ. - «Ճապոնացիները կտրականապես հրաժարվում են գումարներ ներդնել մեր տնտեսության մեջ, հիմնավորելով մերժումը նրանով, որ կամիկաձեների ժամանակները վաղուց արդեն անցել են»:

«Գաղտնիք չէ, որ հայերը սիրում են իրենց հանդեպ ուշադրության արտաքին նշանները եւ բուռն կերպով արձագանքում են ամեն տեսակ (երբեմն դատարկ) կոչերին»։ Այս նախապատմությամբ է «Ազգ» թերթի մոսկովյան թղթակիցը փոխանցում Ռուսաստանի հայերի միության համագումարից հետեւյալ դրվագը. - Ռուսաստան - Բելառուս միության գործկոմի պետքարտուղար Պավել Բորոդինը իր ելույթում հայերին նույնիսկ կոչ արեց ժամանակ չկորցնել եւ արագորեն հարել Բելառուսի եւ Ռուսաստանի միությանը: Հետեւեցին ծափահարությունները, Բորոդինի գաղափարը դուր եկավ նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին։ Համենայն դեպս, նա բուռն կերպով ծափահարում էր։ Ամենքից զուսպ իրեն պահում էր դեսպան Սուրեն Սահակյանը, բայց դա, ըստ երեւույթին, Հայաստանին չի փրկի Ռուսաստանի հետ թերեւս անխուսափելի միավորումից։

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանն այսօր տրտմել է, որ հայոց առաջնորդներն ու դրանց թեկնածուները այդպես էլ հրապարակային քաղաքականություն չսովորեցին: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ընդդիմությանը. - «Հայաստանի ընդդիմությունը կամ հանճարեղ է, կամ՝ լրիվ հակառակը: Խնդիրն այն է, որ երկու դեպքում էլ այն չի հասկացվում: Մեծ հաշվով, ցանկացած ընդդիմության գերնպատակը ընկալված, հասկացված լինելն է: Հայաստանում արվում է ամեն ինչ՝ հակառակ արդյունքը ունենալու համար... Հայաստանում հրապարակային քաղաքականության մոդելը չափազանց պարզունակ է: Գործում է մաշված, ոչ էֆեկտիվ մեխանիզմ... Հրավիրվում է հանրահավաք, հետո քննարկվում է, թե ինչքան մարդ էր հավաքվել, եւ որի արդյունքների վրա կազմվում է ընդդիմության ու հավակնությունների ռեյտինգային ցուցակ»:

Միջանկյալ ինչ-որ քայլեր էլ արվում են նույնքան ապաշնորհ: «Հետաքրքիրն այն է, որ դրանց հեղինակներին իրոք թվում է, որ իրենք լուրջ, ծանրակշիռ գործով են զբաղված», - ի մի է բերում մեկնաբանը: - «Անհնար է առողջ բանավեճի ժամանակ ապացուցել, որ նախագահի հրաժարականի թաքուն ստորագրահավաք անելը՝ մանկապարտեզ է: Որովհետեւ նախագահի հրաժարական թաքուն չեն պահանջում»:

Հիմա էլ՝ ընտրություններից հաշված ամիսներ առաջ ընդդիմությունը կողմնորոշված չէ իր ծրագրերում: Մի խոսքով, «ընդդիմությունը հայտարարում է, թե միայն հրապարակային քաղաքականության միջոցով է հասնելու իր նպատակներին եւ միաժամանակ տապալում այդ հրապարակային քաղաքականությունը»:

«Շրջանառության մեջ է դրված մի «բարոյական նորմ», համաձայն որի, հարգի չէ ընդդիմությանը քննադատելը, որովհետեւ այն առանց այն էլ թույլ է, եւ թույլին չեն խփում: Բայց կա հարցի մյուս կողմը՝ կարելի է ընդդիմությանը խաբել՝ ասելով, որ դուք ուժեղ էք եւ այս պահի դրությամբ ունեք մեծ հնարավորություններ, բայց դրանից ընդդիմությունը, իհարկե, չի ուժեղանա», - եզրափակել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Գոլոս Արմենիի» թերթում այսօր արձանագրվում է, որ եթե չլինեին զանգվածային լրատվամիջոցները, ՀՀՇ-ի գոյությունը Հայաստանում չէր հիշվի՝ իրական որեւէ գործունեություն քաղաքական այդ ուժը չունի: Մեկնաբանի չի հավատում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի նախագահական ընտրություններին, որովհետեւ նա երբեք չի մտնի անհայտ ելքով պայքարի մեջ:

Բայց եթե անձամբ Տեր-Պետրոսյանի համար «Գլխավորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը» կարգախոսը բացարձակապես ընդունելի չէ, ապա ՀՀՇ-ն ու նրա գործիչները այլ ելք չունեն», - նշում է մեկնաբանը: - «Թեկուզ ի սկզբանե խիստ կասկածելի շանսերով մասնակցությունը նրանց թույլ կտա եւս մի քանի տարի բուռն քաղաքական գործունեության երեւութականություն ստեղծել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG