Մատչելիության հղումներ




Ուրբաթ օրը Երեւանում ավարտվեց Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների միացյալ կոլեգիայի նիստը, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր:

Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության հիմնական փաստաթուղթը ստորագրվել է դեռեւս 1993 թվականին, իսկ կոլեգիայի համատեղ նիստեր անցկացվում են 2000 թվականից: Սա վկայում է, որ երկու երկրների իրավապահ մարմիների համագործակցությունը վերջին տարիներին ավելի է սերտացել:

Հայաստանի նախագահը մեծ նշանակություն է տալիս այդ համագործակցությանը: Երեկ ընդունելով Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գռիզլովին, Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ հանցավորության դեմ պայքարը շատ ավելի արդյունավետ կլինի:

Պաշտոնական տվյալներով, 2001 թվականին Հայաստանում գրանցվել է 11 հազար 483 հանցագործություն: Նախորդ տարվա համեմատությամբ, հանցագործությունների քանակը 565-ով նվազել է. 2000-ին գրանցվել էր 12 հազար 48 հանցագործություն:

Նիստից հետո երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը ասաց, որ բարի ավանդույթների վրա հիմնված համագործակցությունը սերտանում եւ տարեցտարի նոր որակ է ձեռք բերում: Նա գոհունակությամբ նշեց, որ երկու նախարարությունների միացյալ կոլեգիան ոչ միայն համագործակցության ճկուն ձեւ է, այլեւ՝ լրացուցիչ մեխանիզմ, որ հնարավորություն է տալիս հանցավորության դեմ պայքարի գործում բարձրացնել ստորաբաժանումների փոխգործակցությունը:

Օրականգում ընդգրկված հինգ հարցերից մեկը վերաբերում էր միջպետական հետախուզման մեջ գտնվող մարդկանց որոնելու, ձերբակալելու եւ հետ ուղարկելու խնդրին: Հայկ Հարությունյանի խոսքերով, երկու երկրների նախարարությունների համար դա հրատապ հարցերից մեկն է, եւ այդ ուղղությամբ իրավապահ մարմիները ակտիվ համագործակցում են:

Նախարարը տեղեկացրեց, որ 2001 թվականի Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմիները ձերբակալել եւ Հայաստան են ուղարկել 110 հանցագործների, որոնց նկատմամբ Հայաստանում հետախուզում էր հայտարարվել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ ձերբակալվել եւ Ռուսաստանի իրավապահ մարմիներին են հանձնել 12 հանցագործի:

Քանի որ ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ են գրում, թե Լեռնային Ղարաբաղի տարածքով թմրանյութեր են տեղափոխվում, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ տվյալներ ունի Ռուսաստանի ներքին գործերի նախարարը:

«Միացյալ կոլեգիայի այսօրվա նիստում այդ հարցը քննարկվել է, եւ Հայաստանի ներքին գործերի նախարարության կողմից շատ հստակ հայտարարվել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը Հայաստանում խիստ հսկողության տակ է: Այդ խնդիրը վտանգ չի ներկայացնում, Հայաստանով անցնող թմրանյութերի տարացիկ ճանապարհներ այսօրվա դրությամբ հայտնաբերված չեն», - ասաց Բորիս Գռիզլովը:

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին, Գռիզլովը ասաց, որ այդ ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցությունը տեսնում են տեղեկատվություն ստանալու մեջ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG