Մատչելիության հղումներ

Անկախ «Ա1+» հեռուստաընկերությունը կարող է դուրս մնալ եթերից


Հայաստանյան «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը, որը առավել հաճախ է եթերաժամ տրամադրում ընդդիմադիր գործիչներին, առաջիկա յոթ տարիներին իր զբաղեցրած կապուղուց օգտվելու համար պիտի մասնակցի մրցույթի: Նույն կապուղու համար հայտեր են ներկայացրել եւս երկու հեռուստաընկերություն՝ «Շարմ» եւ «Դոֆին Թի Վի»:

Այսօր հարցին անդրադարձել են նաեւ «Առավոտ», «Հայկական Ժամանակ» թերթերը: «Ա1+»-ի զբաղեցրած դեցիմետրային կապուղու համար մրցույթում հեռուստաընկերությունը կարող է եւ չհաղթել՝ մինչեւ որեւէ ազատ կապուղու համար նոր մրցույթ դուրս մնալով եթերից: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով, մրցույթը հայտարարում եւ անցկացնում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը «Ա1+»-ի շուրջ աղմուկն անվանեց քաղաքական շահարկում: Նա հերքեց տեղեկությունը, թե հեռուստաընկերությանը արտոնագրից զրկելու սցենարը ծնվել է նախագահ Քոչարյանի աշխատակազմում:

Խնդիրն այն է, որ հաձնաժողովի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը, եւ գործող Սահմանադրությամբ (նաեւ նախագահ Քոչարյանի սահմանադրական փոփոխությունների նախագծով)՝ նման մարմնում կարող է նշանակումներ անել միայն երկրի նախագահը:

Գրիգոր Ամալյանն ասաց, թե «նախագահի աշխատակազմը լիցենզավորում չի անցկացնում», եւ որեւէ «հրահանգ հանձնաժողովը չի ստացել»:

Ի պատասխան փաստարկների, թե սրանով միակ ընդդիմադիր հեռուստակայանի հեռարձակումն է վտանգվում, Ամալյանն ասաց, թե «չի կարելի պահանջել, որ հաղթողի ճանաչման հիմքում դրված լինի քաղաքական լուծումը»:

«Պետք չէ պահանջել, որ առաջնորդվեմ նրանով, որ այն միակն է, օպոզիցիոն է, եւ կանխակալ ձեւով այն գերադասեմ մյուս մրցակիցներից», - ասաց Ամալյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին էլ վստահեցնելով, թե հաշվի կառնվի, որ «Ա1+»-ը արդեն օգտագործում է այդ հաճախականությունը: - «Կբացենք փաթեթները, լսենք բոլոր առաջարկները... Հաղթող կճանաչենք իսկապես օրենքով սահմանված ձեւով: Մեր քայլերը թող լինեն իրավական դաշտում, ոչ թե քաղաքական դաշտում»:

Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց նաեւ, որ փաթեթները կբացվեն ու կհրապարակվեն միայն մարտի 28֊-ին՝ հանձնաժողովի նիստում: Ապրիլի 2-ի նիստում արդեն կքննարկվեն այդ առաջարկների փաթեթները եւ քվեարկությամբ կորոշվի հաղթողը:

Ազգային հանձնաժողովը, ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի, ընտրության ժամանակ հաշվի է առնում սեփական, հայրենական արտադրության հաղորդումների գերակայությունը, դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը:

Հանձնաժողովի նախագահի խոսքերով, առաջնայինը ծրագրային հայեցակարգը եւ այն իրականցնելու հանդեպ վստահության աստիճանն է: Հավասար պայմանների դեպքում առավելություն է տրվում «գործած եւ իրավախախտումներ չունեցող ընկերությանը, երեք տարի եւ ավելի փորձ ունեցող ընկերությանը»:

Ինչ վերաբերում է լսարանի կարծիքը հաշվի առնելուն, հավանականությունը զրո է՝ թե' իրավական, թե' գործնական առումներով: Չնայած մրցույթն անցկացվում է հրապարակային եւ բաց եղանակով:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG