Մատչելիության հղումներ

Կիրականացվի ՄԻԱՎ-ի կանխարգելման հնգամյա ծրագիր


Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հաստատվեց մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՍՊԻԴ-ՄԻԱՎ) եւ ձեռքբերովի իմունային անբավարարության հարուցչի (ՁԻԱՀ) դեմ պայքարի հնգամյա ծրագիրը:

Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նման ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է «թմրամոլության, մարմնավաճառության եւ այլ սոցիալական դրսեւորումների գոյություն ունեցող մակարդակով», ինչպես նաեւ «պետական մակարդակով կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համագործակցության եւ կոորդինացման բացակայությամբ»:

Որոշմամբ հաստատվեց նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջգերատեսչական խորհրդի կազմը: Նորաստեղծ խորհրդի նախագահ, առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի խոսքերով, թեեւ, այսօր պաշտոնապես ՄԻԱՎ-ի 169 վիրուսակիր, եւ հիվանդության 29 դեպք է գրանցված, սակայն, իրական թվերը 10-15 անգամ բարձր են: ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի գնահատումներով, Հայաստանում այսօր 1500-2200 վարակակիրներ կան։

Հայաստանում 1988 թվականից ի վեր ՄԻԱՎ-ից մահացել է 19 մարդ, ընդ որում նրանցից մեկը եղել է մանկահասակ երեխա։

Ծրագիրը, ըստ նախարարի, գլխավոր շեշտը դնում է կանխարգելիչ քարոզչական աշխատանքների վրա, հատկապես՝ բարձր ռիսկի խմբերի, ասենք, թմրամոլների շրջանում։

Ազգային ծրագրի իրագործման ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի, ինչպես նաեւ միջազգային եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցներով:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG