Մատչելիության հղումներ

Թուրքմենստանը Իրանի տարածքով բնական գազ կմատակարարի Հայաստանին


Ըստ պաշտոնական աղբյուրների, Հայաստանը նախնական համաձայնության է հասել Թուրքմենստանի հետ՝ հարեւան Իրանի տարածքով Հայաստան ներմուծել թուրքմենական բնական գազը:

Ինչպես հայտարարել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանը, մատակարարումները հնարավոր կլինի սկսել Իրան-Հայաստան խողովակաշարի կառուցումից հետո: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության մեջբերմամբ, դեսպան Արամ Գրիգորյանը Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովի հետ հանդիպումից հետո ասել է, որ Աշգաբադը ծրագրում է տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ մատակարարել Հայաստանին:

Գրիգորյանի խոսքերով, նախագահներ Նիյազովն ու Քոչարյանը մատակարարումների սկզբունքները համաձայնեցրել էին անցած ամիս Ղազախստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում: Մանրամասները քննարկվելու են Թուրքմենստանի նախագահի այս տարի Հայաստան կատարելիք այցի ընթացքում:

1997 թվականից սկսած Հայաստանը ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար անհրաժեշտ բնական գազի մեծ մեծը ներմուծում է Ռուսաստանից: «Իտեռա» ընկերության կողմից Հայաստան մատակարարվող գազի մի մասը թուրքմենական ծագում ունի: Թուրքմենական գազի դիմաց Հայաստանը վճարել է հիմնականում արդյունաբերական սարքավորումներով եւ լայն սպառման ապրանքի խմբաքանակներով: Այդուհանդերձ, դեռեւս ունի 12 մլն դոլար չվճարված պարտք:

Հայաստանի դեսպանը եւ Թուրքմենստանի նախագահը քննարկել են նաեւ պարտքի հարցը: Ըստ Արամ Գրիգորյանի, ինքը առաջարկել է, որպեսզի պարտքի դիմաց հայաստանյան ընկերությունները մասնակցեն Թուրքմենստանում խողովակաշարերի շինարարությանը:

Թուրքմենստանը խողովակաշարով միացած է Իրանին: Իսկ Հայաստան գազը հնարավոր կլինի հասցնել Իրան-Հայաստան գազամուղի կառուցումից հետո: Անցած դեկտեմբերին Թեհրանում Հայաստանի եւ Իրանի նախագահները վերահաստատեցին իրենց մտադրությունը՝ իրականացնել 125 մլն դոլար արժեցող այդ ծրագիրը:

Դեռեւս, սակայն, անհայտ է, թե երբ կսկվի 141 կիլոմետր երկարությամբ այդ խողովակաշարի շինարարությունը: Անցած դեկտեմբերին Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ասել էր, որ շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ «տեխնիկական փաստաթղթերը» ստորագրելու համար պատրաստ կլինեն մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Հիմնականում բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայանները տալիս են Հայաստանում արտադրվող էլետրաէներգիայի մոտ 40 տոկոսը: Հայաստանը օրական մոտ 5 միլիոն խորանարդ մետր գազ է գնում ռուսաստանյան «Իտեռա» ընկերությունից: Կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ վառելիքի այլընտրանքային աղբյուրների առկայությունը կբարձրացնի Հայաստանի «էներգետիկ անկախությունը»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG