Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի՝ «Մի ուրվական է շրջում Հայաստանում» վերնագրի տակ ավտոմեքենա նստող Լեւոն Տեր-Պետրոսյանի լուսանկարն է: «1998 թվականի իշխանափոխությունից հետո իշխանամետ քարոզչության կողմից հրապարակ եկած՝ «Օդի ու ջրի նման անհրաժեշտ էր Տեր-Պետրոսյանի հրաժարականը» հարցադրումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերաճում է՝ «Օդի ու ջրի նման անհրաժեշտ է թույլ չտալ Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանության» «յորդորակի», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Սա, թերեւս, վկայում է, որ գործող իշխանությունները լավ են հասկանում, որ վերջին չորս տարվա իրենց գործունեությունը համոզմունք է ստեղծել, որ 1998 թվականի իշխանափոխությունն առնվազն անիմաստ էր: Մյուս կողմից, կա հանրային համոզմունք, որ գործող իշխանությունները պետք է հեռանան: Այս ֆոնի վրա ակնհայտ է նաեւ ուժեղ ընդդիմադիր գործչի բացակայությունը քաղաքական թատերաբեմում: Ահա այս պայմաններում մեխանիկորեն Տեր-Պետրոսյանը վերստին վերածվում է թիվ մեկ ընդդիմադիր գործչի», - հանգեցրել է «Հայկական ժամանակ»-ը: - «Իհարկե, ազգը դեռեւս չի մոռացել «ազգովի խնդրելու մասին» հեռացող Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը, բայց կարծում ենք, իրադարձությունների որոշակի ընթացքի դեպքում Տեր-Պետրոսյանը առաջ կանցնի ազգից եւ ինքը կխնդրի վերստին իրեն վստահել»:

«Վանո Սիրադեղյանի կրկին ԱԺ պատգամավոր ընտրվելը կփաստի իշխանությունների սնանկությունը». այս դրույթի շրջանակում «Հայկական ժամանակ»-ի մեկնաբաններից մեկը հավաստում է. «Դիտորդների կարծիքով, վերջին երեք տարիների ընթացքում Սիրադեղյանի հեղինակությունը իր ընտրատարածքի ընտրողների շրջանում առավել քան բարձրացել է, եւ կասկած չկա, որ թեկնածությունը առաջադրելու դեպքում նա կրկին կընտրվի: Այսինքն, խայտառակությունից խուսափելու համար իշխանությունները կամ պետք է փորձեն թույլ չտալ, որ նրա թեկնածությունը առաջադրվի, կամ էլ ստիպված կլինեն ընտրությունները կեղծել», - բխեցրել է մեկնաբանը, ուրվագծելով, թե «Սիրադեղյանի թեկնածության առաջադրումը կանխարգելելու համար իշխանությունները կա'մ ուղղակի պիտի հրաժարվեն վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տալ Վ. Սիրադեղյանին, կա'մ էլ Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովին պիտի պարտադրեն, որ վերջինս մերժի թեկնածության գրանցումը»:

Ազգային ժողովի «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ» թերթում ասում է. «ՀՀՇ-ն ազդանշաններ է ուղղում Արեւմուտքին: Փորձ է արվում ներկայիս իշխանություններին, ազգայնական ուղղվածության կուսակցություններին Արեւմուտքում ներկայացնել իբրեւ պատերազմի ջատագովների եւ արեւմտյան որոշ շրջանակների աջակցությամբ վերադարձնել կորսված իշխանությունը: Այսինքն՝ ՀՀՇ-ն չի ձգտում արդարանալ սեփական ժողովրդի աչքում, քաջ գիտակցելով, որ իրենց իշխանության յոթ տարիներից հետո դա անիմաստ է եւ անհնարին: Նրանք ձգտում են արտաքին աշխարհում անփոխարինելի գործընկեր դառնալ»:

Այդ հարթության վրա միտումները Հմայակ Հովհաննիսյանը ներկայացնում է այսպես. «Արեւմուտքի որոշ շրջանակների համար ձգտելով լավը երեւալ, նրանք աշխատում են Հայաստանը դարձնել ռուս-ամերիկյան հակադրության թատերաբեմ: Բնականաբար, դրանով էապես հարվածելով ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ պահպանելու եւ միաժամանակ Ռուսաստանի ռազմավարական դաշինքն ամրապնդելու Հայաստանի բավականին հավասարակշիռ արտաքին քաղաքականությանը»:

Ռուսական կողմնորոշման առաջամարտիկներից Հայկոմկուսը մամուլում շարունակում է մնալ տկարության շրջանակի մեջ: «Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը հիվանդանոցում է գտնվում եւ, ըստ որոշ կոմունիստների՝ Կոմկուսի առանց այն էլ ուշացած պլենումը մարտի 24-ին տեղի չի ունենա», - փոխանցում է այսօր «Առավոտ» թերթը։ Ըստ Դարբինյանին ընդդիմադիր Վանյա Մխիթարյանի, «hիվանդանոց պառկելը հին նոմենկլատուրայի հայտնի ձեւ է, որը շանթարգելի դեր է խաղում. այսինքն՝ ամպերը ցրվում են, երկինքը խաղաղվում, եւ քարտուղարը վերադառնում է»։

«Այսօրվա իշխանություններին ձեռնտու է, որ Կոմկուսը ղեկավարի Դարբինյանի նման մեկը, որը վանում է Կոմկուսի ընտրազանգվածին եւ գցում է կուսակցության վարկանիշը», - կապում է Մխիթարյանը։ - «Դարբինյանի ղեկավարության պայմաններում Կոմկուսը ինչպիսի դաշինքի էլ գնացել է, բոլորն էլ եղել են թվացյալ դաշինքներ։ Այսօր էլ ստորագրվել է «Սոցիալիստական ուժերի» հետ դաշինքը, բայց հիմա էլ պատճառ է բռնվում, թե իրենց համար հասկանալի չէ, թե ինչ բան է դեմոկրատական սոցիալիզմը։ Դաշնակիցների կողմից ներկայացրածը քննադատվում է, բայց Կոմկուսը սեփական տեսակետ չի ներկայացնում։ Նման միավորումը կարող է լուրջ քաղաքական ուժ դառնալ, հետեւաբար Դարբինյանը իշխանություններից համապատասխան ցուցումներ է ստացել այդ դաշինքը եւս խափանել։ Կոմկուսի ղեկավարության միջոցով վիրուս է մտցվում որեւէ կառույցի մեջ, եւ փչացնում են այն», - երեւույթն ընդհանրացրել է Վանյա Մխիթարյանը։

«Ազգ» թերթի մոսկովյան թղթակցի հայացքով՝ տարօրինակ է, որ իրական հիմք են ստանում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Սուրեն Սահակյանի հետկանչի վերաբերյալ լուրերը: Այս առումով նա փոխանցում է. «Լավատեղյակ աղբյուրները պնդում են, թե տվյալ դեպքում բախտորոշ են դարձել Սահակյանի «չափազանց սերտ բարեկամական հարաբերությունները» Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի հետ»։

«Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը վերսկսում է իր աշխատանքները», - հավաստիացնում է «Ազգ»-ի մեկնաբանը, դրա վկայություն համարելով երկու շաբաթ առաջ Միչիգանի համալսարանում տեղի ունեցած գիտաժողովը՝ հայ, թուրք եւ ամերիկացի պատմաբանների մասնակցությամբ: Սրա հետ կապված, մեկնաբանը ընդգծել է. - «Հայոց ցեղասպանության մասին անկեղծ խոսակցությունը հայ-թուրքական հաշտեցման առումով նշանակալից քայլ է։ Սակայն այդ խոսակցությունը թուրք հասարակությունից քողարկելը ամենեւին հաշտեցմանը չի նպաստում։ Այս պայմաններում Միչիգանի համալսարանում կազմակերպված գիտաժողովը դառնում է Հայոց ցեղասպանությունը շահարկելու միջոց, իսկ շահարկման հետ ինքնաբերաբար շահարկվում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»:

Բացի այդ, «նման գիտաժողովներում խոսքի իրավունքը պետք է առաջին հերթին պատկանի հայաստանցի գիտնականներին», որոնք տվյալ դեպքում բացակայում էին:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG