Մատչելիության հղումներ

logo-print

Փոփոխությունների նպատակը կառավարման համակարգը տնտեսական բարեփոխումներին ներդաշնակեցնելն է


Օրերս նախագահ Քոչարյանի հրամանագրերով սահմանվել է կառավարության նոր կառուցվածք եւ գործունեության կարգ: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը ասաց, որ պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացը շարունակվելու է:

«Առաջին կարեւոր խնդիրն է՝ տնտեսական բարեփոխումներին ներդաշնակ դարձնել կառավարման համակարգը», - ասաց Մանուկ Թոփուզյանը:

Կառավարման մարմիների կատարելագործման մի փորձ էլ ձեռնարկվել է 90-ականների սկզբին, սակայն առանց հետեւողական քաղաքական կամքի: «Մենք տրամադրված ենք գործընթացը հասցնել տրամաբանական ավարտի, ինչի արդյունքները տարեվերջին արդեն տեսանելի կլինեն», - հավաստիացրեց կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում Մանուկ Թոփուզյանը արմատական նշանակության դրսեւորում է համարում «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ու «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների ուժի մեջ մտնելը, որոնց պահանջով, օրինակ, արդեն բոլոր նախարարություններում եւ դեռեւս (մինչեւ բարեփոխումների ավարտը) պահպանված կառավարությանն առընթեր 11 մարմիններում նշանակվել են աշխատակազմի ղեկավարներ:

Անցյալում կառավարությանն առընթեր թվով 31 մարմնից գոյությունը կշարունակի միայն 11-ը, իսկ մյուսները վերածվելու են տեսչությունների ու գործակալությունների՝ կատարելով վերահսկողական կամ ծառայությունների մատուցման գործառույթներ՝ զերծ մնալով որեւէ քաղաքականություն իրականացնելուց: Դրանք կընդգրկվեն նախարարություների համակարագերում:

Նախարարը, Թոփուզյանի խոսքերով, ընդամենը մեկ առաքելություն ունի, իրականացնել այն ծրագիրը, որով եկել է կառավարություն՝ նա չպետք է զբաղվի ընթացիկ «սեւ աշխատանքով», ներհիմնարկային ֆինանսատնտեսական, կադրային կամ այլ խնդիրներով:

Կառավարության նոր կառուցվածքում առեւտրի ու արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարություն: Մանուկ Թոփուզյանի բացատրությամբ, սեփականաշնորհման արդյունքում ժամանակավրեպ է դարձել մտածողությունը, որ նախարարությունները պիտի կառավարեն ձեռնարկություները, ուստի արդյունաբերության նախարարության խնդիրն այսօր հիմնականում գործարար մթնոլորտի ձեւավորումն է, տնտեսության զարգացումը:

Իսկ թե ինչ լիազորություններ կկիսվեն նշված նորանուն եւ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություների միջեւ, կորոշվի 2 ամսվա ընթացքում:

Անդրադառնալով հակակոռուպցիոն ծրագրին, որի մշակման համար համաշխարհային բանկը հատկացրել է 300 հազար դոլար, կառավարության աշխատակազմի ղեկավարը ասաց. «Մենք մինչեւ օգոստոս լուրջ մի ծրագիր հանրության դատին կներկայացնենք»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG