Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ավարտեց վեցյակի նախագծի քննարկումը


Այսօր Ազգային ժողովում ավարտվեց խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագծի քննարկումը: Ու թեեւ ընթացիկ եռօրյայի օրակարգը քննարկելիս, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը ասել էր, թե վեցյակի եւ նախագահ Քոչարյանի սահմանադրական նախագծերը կքննարկվեն հաջորդաբար, քննարկման ավարտից հետո նա օրակարգային այլ հարցերի քննարկում հայտարարեց:

Վեցյակի նախագծի համահեղինակները հույս ունեն, որ վաղն առավոտյան գոնե կսկսվի նախագահի նախագծի քննարկումը: Ուշացումը վտանգում է մի այլ պայմանավորվածություն եւս՝ հաջորդաբար անցկացնել նաեւ երկու նախագծերի քվեարկությունները:

Այսօրվանից սկսեց աշխատել վեցյակի քվեարկության համար առավելագույնը 15 օրվա ժամացույցը: Եթե այդ ընթացքում նախագահի նախագծի քննարկումը չավարտվի, հաջորդաբար քվեարկության մասին խոսք լինել չի կարող:

Սակայն, այսօր արդեն մի անգամ եւս կարող ենք արձանագրել, որ քվեարկությունների ելքն արդեն իսկ պարզ է: Այս համոզման վերջին վրձնահարվածը եղավ այսօր նիստերի դահլիճում, երբ խորհրդարանի խմբերն ու խմբակցությունները իրենց տեսակետն էին ներկայացնում վեցյակի՝ խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Խորհրդարանական ուժերի վերաբերմունքը Սահմանադրության երկու նախագծերին որեւէ փոփոխություն չի կրել: Խորհրդարանի մեծամասնությունը՝ «Միասնություն» խմբակցությունը, մեծությամբ հաջորդ՝ «Ժողովրդական պատգամավոր» եւ «Ագրոարդյունաբերողների ժողովրդավարական միություն» խմբերը, Դաշնակցության եւ «Օրինաց Երկիր» խմբակցությունները՝ առնվազն 88 պատգամավոր, որոնք ընդհանուր թվի առնվազն երկու երրորդն են, միանշանակ պաշտպանում են նախագահ Քոչարյանի նախագիծը:

«Միասնություն»-ից ՀԺԿ 7 պատգամավորները՝ պաշտպանելով նախագահական համակարգը, կողմ են քվեարկելու նաեւ վեցյակի Սահմանադրությանը՝ «հանրաքվեն է որոշելու» սկզբունքով:

Կարծիքները բաժանվում են նաեւ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունում (Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն»-ը նախագահական կառավարման կողմնակից է, «Սահմանադրական իրավունք» միությունը՝ խորհրդարանականի) եւ «Հայաստան» խմբում: Վերջինիս մի մասը՝ ութ պատգամավոր, Ազգային Ժողովում միակն է, որ պաշտպանում է գործող Սահմանադրությունը: Մյուս չորսը, որոնք «Հանրապետություն» կուսակցության անդամներ են, վեցյակի նախագծի համահեղինակներից են: ԱԺՄ չորս անդամանոց խմբակցությունից միայն Վազգեն Մանուկյանն է պաշտպանում վեցյակի նախագիծը:

ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Արմեն Ռուստամյանը զգուշացրեց. միաժամանակ երկու այլընտրանքային նախագիծ հանրաքվեի դնելով «վտանգում ենք որեւէ փոփոխություն, եւ վերահաստատում ենք, փաստորեն, գործողը [Սահմանադրությունը]»:

«Օրինաց Երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք այս փուլում ճիշտ չեն համարում անցումը խորհրդարանական համակարգին:

«Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը հիշեցրեց, որ գործող Սահմանադրության համար պատասխանատվությունն 1995 թվականին իր վրա վերցրեց այն ժամանակ իշխող ՀՀՇ-ն, մինչդեռ այսօր «սահմանադրական բարեփոխումներ կատարելու համար պետք է լինի հստակ քաղաքական ուժ, որը վերցնի պատասխանատվություն եւ կրի այդ պատասխանատվությունը»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG