Մատչելիության հղումներ




Էջմիածնում այսօր բացվեց Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ՝ պետքարտուղարության, Պենտագոնի եւ Հայաստանի պաշտպանության նախարության համագործակցության արդյունքում:

Կենտրոնը բացեցին Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

«Ես համոզված եմ, որ այլեւս ռազմական գործողություններ չեն լինելու: Դրա համար էլ մենք ձեռնամուխ ենք եղել այս կենտրոնի ստեղծմանը, եւ այդ տարածքների ականազերծմանը», - ասաց Սերժ Սարգսյանը:

Իսկ Ջոն Օրդուեյի խոսքերով, նորաստեղծ ականազերծման կենտրոնը նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Դեսպանը նաեւ հայտնեց, որ ամռանը այստեղ կաշխատեն նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի հատուկ նշանակության ուժերի հրահանգիչներ:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան ռազմական կցորդ Էրիկ ֆոն Թերշը կենտրոնի ստեղծումը համարում է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության առաջին կոնկրետ արդյունքը:

«Սա լավ սկիզբ է: Սա մեր ապագա աշխատանքի, համագործակցության մոդելն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Թերշը:

Ականազերծման կենտրոնը ընդգրկված է Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում: Կենտրոնը զորամաս է համարվում, բայց այն ոչ թե ռազմական, այլ հումանիտար կենտրոն է: Այստեղ պատրաստված մասնագետները վնասազերծեու են մարդաբնակ վայրերից ոչ հեռու տեղադրված ականները, որոնք վտանգում են խաղաղ բնակիչների կյանքը:

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի խոսքերով, ականապատված տարածքները շատ են, ադրբեջանցիները հարյուր հազարավոր ականներ են տեղադրել, որոնց վնասազերծումը միայն Հայաստանի ուժերով շատ դժվար էր իրականացնել: Գլխավոր շտաբի պետը ընդգծեց, որ ամերիկացի մասնագետները ականազերծման աշխատանքներին չեն մասնակցելու, նրանք միայն ուսուցանելու են հայ զինվորներին, սպաներին, պայմանագրային ծառայողներին: Ամերիկացի մասնագետները Հայաստանում կմնան այնքան ժամանակ, որքան կպահանջվի այդ ուսուցումն ավարտելու հանար:

Քաղաքացիական երեք ամերիկացի մասնագետներ արդեն Էջմիածնում են: Թոնի Դերիբերին ականազերծման աշխատանքներում մասնագիտացված «Ռոնկո» ընկերությունից է: Պենտագոնը այս ընկերության հետ պայմանագիր է կնքել Հայաստանում աշխատանքներ կատարելու համար: Թոնին այստեղ վարժեցնելու է շներին, որոնք սակրավորներին օգնելու են հայտնաբերել ականները:

Հայաստանի պաշտպանության նախարարը վաղը մեկնելու է Վաշինգտոն, ուր հանդիպելու է ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ: Իր իսկ խոսքերով, մեկնում է, որպեսզի քննարկի «հայ-ամերիկյան ռազմական համագործակցություն սկսելու եւ շարունակելու խնդիրները»:

Պատասխանելով հարցին, թե կոնկրետ ինչպե՞ս է օգտագործվելու ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ռազմական ոլորտին տրամադրվող 4 միլիոն 300 հազար դոլար օգնությունը, Սերժ Սարգսյանը ասաց. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ օգնության հիմնական մասը ծախսվի հայկական զինված ուժերի, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության, կապի կատարելագործման վրա: Եվ երկրորդ մասը, անշուշտ, մենք ցանկանում ենք, որպեսզի ծախսվի սպաների պատրաստման եւ վերապատրաստման վրա»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG