Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ ադրբեջանական աղբյուրների, Հայաստանն ու Ադրբեջանը նշանակել են հատուկ բանագնացներ


Ինչպես ուրբաթ օրը հաղորդել են ադրբեջանական աղբյուրները, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են միջազգային միջնորդների առաջարկությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում նշանակել հատուկ բանագնացներ:

«Թուրան» լրատվական գործակալությունը մեջբերել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, թե հակամարտող երկրների փոխարտգործնախարարները երկու-երեք ամիսը մեկ անգամ հանդիպելու են խմբի ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ: Հաղորդվում է, որ առաջին նման հանդիպումը տեղի կունենա մայիսին Պրահայում:

Այս հաղորդագրությունը առայժմ չեն հաստատել լրատվական մյուս գործակալությունները:

Եռանախագահողները, ըստ «Թուրան» գործակալության, տարածաշրջանային վերջին այցից հետո Վիեննայում հանդես են եկել հայտարարությամբ: Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, որը եռանախագահների հետ այցելել էր տարածաշրջան, փաստարկել է, թե հատուկ բանագնացների նշանակումը ավելի կանոնավոր հիմքերի վրա կդնի բանակցությունները: «Մեզ համար դժվար է մաքոքային դիվանագետներ լինելը», - ասել էր Տրուբնիկովը Բաքվում անցած շաբաթ:

Միջնորդները արձանագրել են, որ այցի ընթացքում հակամարտող կողմերի հետ քննարկել են խաղաղ գործընթացն աշխուժացնելու ուղիները: Ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան լրագրողներին խոստացել է Վիեննայի հանդիպումից հետո «անել որոշ կոնկրետ հայտարարություններ»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG