Մատչելիության հղումներ

Բուշը ակնկալում է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի առաջիկա համաժողովում





Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը ուրբաթ օրը հանդիպել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ՝ համոզելու, որ Հայաստանը պաշտպանի Մեքսիկայում այս ամսին կայանալիք ՄԱԿ-ի համաժողովում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առաջարկությունները:

Ըստ Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, հանդիպումը հետեւել է դեսպան Օրդուեյի նամակին, «որտեղ ՀՀ վարչապետին եւ նրա գլխավորությամբ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ միջազգային համաժողովի մեկնող պատվիրակությանն առաջարկվում է համաժողովում ամերիկյան կողմից բարձրացվելիք հարցերին ծանոթանալ եւ տեսակետ հայտնել»:

Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում մարտի 18-22-ը կայանալիք ՄԱԿ-ի համաժողովում, որին մասնակցելու են 150 երկրների ներկայացուցիչներ, քննարկվելու են աշխարհի առավել աղքատ երկրներին ՀԲ-ի եւ զարգացման մյուս բանկերի կողմից տրվող դրամաշնորհների բաժինը ավելացնելու հարցը:

Ըստ «Րոյթեր» գործակալության, հինգշաբթի օրը Բուշը հայտարարել է, որ առաջարկելու է 5 միլիարդ դոլարով ավելացնել տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ իրականացնող աղքատ երկրներին տրամադրվող օգնությունը:

Դեսպան Օրդուեյը վարչապետ Մարգարյանին ասել է, որ նախագահ Բուշն առաջարկել է, որ Համաշխարհային բանկը եւ զարգացման մյուս բանկերը վարկերի հաշվին մեծ չափով ավելացնեն աշխարհի առավել աղքատ երկրներին տրվող դրամաշնորհների բաժինը: Մարգարյանը նշել է, որ «ընդհանուր համատեքստում, դրանք, իհարկե, ընդունելի են»:

«Ամերիկյան դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանը եւս կսատարի տնտեսական նշանակության այս նախաձեռնությանը եւ Մոնթերեյի համաժողովում դա ինչ-որ ձեւով կարտահայտի», - ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում: - «Վարչապետ Մարգարյանը նշել է, որ մինչեւ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ մեկնելը առաջարկվող նախաձեռնությունը եւ այն սատարելու ձեւերը կքննարկվեն»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG