Մատչելիության հղումներ

Բաշխիչ ցանցերը միավորվել են մեկ ընկերության մեջ


Հայաստանի չորս բաշխիչ էլեկտրացանցերի միավորման մասին որոշումն արդեն իրականացվել է՝ ստեղծվել է «Միասնական բաշխիչ էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը: Վարչապետի մոտ երեկ եւ այսօր կայացած խորհրդակցությունների արդյունքում ձեւավորվել են դրա կառավարման մարմինները:

Ըստ էներգետիկայի նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, նորաստեղծ ընկերությունը ունենալու է եռաստիճան կառավարում՝ ընդհանուր ժողով, տնօրենների խորհուրդ եւ գործադիր մարմին: Գործադիր տնօրեն է նշանակվել «Հարավային էլեկտրացանց» ընկերության արդեն նախկին տնօրեն Լյովա Գալստյանը:

Միասնական կառավարումը ենթադրում է տարածքային կառավարման որոշ օղակների կրճատում, իսկ շահագործման խնդիրը դրվելու է մասնաճյուղերի վրա:

Մինչեւ տարեվերջ նախարարությունը նախատեսում է իրականացնել նաեւ բաշխիչ ցանցերը համատարմագրային կառավարման գաղափարը:

Բաշխիչ ցանցերի մասնավորեցման փորձը թեեւ դառն էր էներգետիկայի նախարարության համար, բայց ուսանելի էր եւ այսօր հավատարմագրային կառավարման հանձնելու պլանների մասին խոսելիս էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն ավելի շրջահայաց էր:

«Այս անգամ էյֆորիայի մեջ չեն ընկնելու... Բավականին լավ փորձ ենք ձեռք բերել»,- ասաց փոխնախարարը, նկատի ունենալով բաշխիչ էլեկտրացանցերի՝ անցած տարվա ընթացքում երկու անգամ ձախողված մասնավորեցման միջազգային մրցույթները:

Աշխարհը, Գալստյանի կարծիքով, այլեւ այնքան էլ կանխատեսելի չէ, եւ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ նորից կապիտալի միջազգային շուկան չի հայտնվի այնպիսի վիճակում, որ «հզոր ընկերությունները չեն ունենա ազատ միջոցներ, որպեսզի կարողանան տարբեր ռիսկային գոտիներում ներդրումներ անել»:

Սակայն միջազգային շուկայի ճգնաժամը մեր անհաջողության բազմաթիվ պատճառներից մեկն էր միայն: Փոխնախարարը, որ կորրդինացնում էր հենց մասնավորեցման գործընթացը սկզբում նշեց, որ հավատարմագրային կառավարման պայմանագրային պայմանները բոլորովին չեն փոխվել. «Բոլոր այն կոշտ պայմանները մեկը մեկին դրվելու են այս կոնտրակտի մեջ», - հայտարարեց նա, քիչ անց ավելացնելով, սակայն, որ նկատի ունի միայն սկզբունքային նշանակություն ունեցող պայմանները:

Ինչ վերաբերում է նոր մրցույթի հաջողությանը, ապա նույնիսկ լավատեսական սցենարների նկատմամբ ի պաշտոնե հակում ունեցող պաշտոնյանները անհաջողությունը չեն բացառում:

«Զարգացումները ինչպես կընթանան՝ դժվարանում ենք ասել: Մենք ամեն ինչ կանենք, որ գան, բայց չի բացառվում, որ չստացվի», - ասաց Արեգ Գալստյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG