Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը վճռորոշ է համարում 2003 թվականի ընտրությունները





Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանի կարծիքով, Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտություն կա: Նրա կարծիքով, 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար:

Փոփոխությունների անհրաժեշտությունը ԱԺՄ առաջնորդը հիմնավորում է պնդմամբ, թե «մենք հետ ենք մնում... այն աշխարհից, ուր չափորոշիչը ոչ թե աշխարհագրությունն է, այլ ասպարեզները՝ նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ֆինանսաստնտեսական համակարգերը:

«Բոլոր այն երկրները, որոնք մոտ ժամանակներում այդ երեւակայական երկրագնդի վրա տեղ չունենան, դրանք դառնալու են գյուղ», - ասաց Վազգեն Մանուկյանը, ավելացնելով. - «Մենք իսկապես մնում ենք գյուղ: Եվ այս գյուղի մարդիկ վախենում են իրենց ապագայի համար: Ոչ մեկը ապագայի նկատմամբ վստահություն չունի»:

Վազգեն Մանուկյանը չի համարում, թե մենք դատապարտված ենք ապրել այդ գյուղում: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել ենք այստեղ ապրել՝ պետք է կարգ ու կանոն լինի: «Մի քանի զորբա, որոնք համաշխարհային մակարդակով մժեղներ են, վերցրել են իրենց ձեռքը ամեն ինչ՝ մյուսներին ճնշելով: Սա ապագա չունի», - ասաց նա:

Իսկ փոփոխությունների հնարավորություն առջեւում կա: Վազգեն Մանուկյանի խոսքերով, կարեւոր ժամակաշրջան է գալիս՝ 2003 թվականը, այսինքն՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների տարին:

«Եթե 2003 թվից հետո պահպանվեն այս նույն կառույցները, նույն մարդիկ, նույն թիմերը՝ Հայաստանը դատապարտված է», - համոզմունք հայտնեց ԱԺՄ առաջնորդը:

ԱԺՄ-ն կողմ է երկրի խորհրդարանական կառավարմանը: Վազգեն Մանուկյանը չի կարծում, թե կառավարման ձեւի փոփոխությունը կարող է ցնցումներ առաջացնել: Նրա խոսքերով, չի կարելի ասել, թե վախենում ենք ցանկացած փոփոխությունից, որովհետեւ վիճակը կարող է ավելի վատանալ:

Մանուկյանը համոզված է, որ խորհրդարանական կառավարումը կիսանախագահականից ավելի լավն է: Նրա ձեւակերպմամբ, դա նույն է, ինչ «Զապորոժեց» մեքենայի փոխարեն ունենալ «Մերսեդես», որովհետեւ Սահմանադրույթունը դա մեքենան է»:

ԱԺՄ նախագահը այդ մեքենայի ղեկի մոտ թիմ է պատկերացնում: Նրա կարծիքով, 2002 թվականի ընթացքում թիմեր ձեւավորվելու հարցերը այս կամ այն կերպ լուծում կստանան: Ինչ վերաբերում է կոնկրետ ԱԺՄ-ին՝ Մանուկյանի խոսքերով, ԱժՄ-ն երբեք հավակնություն չի ունեցել, թե ինքն է այն թիմը, որը պետք է վերցնի ղեկը եւ տանի ժողովրդին դեպի «պայծառ ապագա»:

«Բայց մենք գտնում ենք, որ մենք կարող ենք նպաստել այդպիսի թիմի ստեղծմանը, եւ մենք էլ լինենք այդ թիմի մի մասնիկը», - ասաց նա, փաստորեն հայտարարելով, որ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններին ԱԺՄ-ն նախընտրում է մասնակցել դաշինքով:

Դեռեւս պարզ չէ, թե որ կուսակցությունների հետ է հնարավոր ԱԺՄ-ի դաշինքը, հստակ է սակայն, որ ՀՀՇ-ն որպես դաշնակից բացառվում է:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG