Մատչելիության հղումներ

Աճել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մուտքերը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի այսօր հրապարակած տվյալներով, 1992 թվականին ստեղծված հիմնադրամի միջոցներով իրականացվել են 138 ծրագրեր՝ 75 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ: Իսկ 2001 թվականին հիմնադրամի հավաքած գումարը կազմել է 5 միլիոն 400 հազար դոլար, ինչը 800 հազար դոլարով ավելի է, քան 2000 թվականին:

Տեր-Ղեւոնդյանի տեղեկացրեց, որ շինարարական ծրագրերով Հայատանում եւ Լեռնային Ղարաբաղում կառուցվել է 210 բնակելի շենք եւ առանձնատուն, 36 դպրոց, 12 առողջապահական հաստատություն, 220 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ եւ այլն:

Ընթացիկ ծրագրերից հիմնականներն են Սպիտակի Եռանկյունի թաղամասի եւ Լեռնային Ղարաբաղում Հարավ-Հյուսիս մայրուղու շինարարությունները: Վերջինիս շինարարությունը, որի արժեքը 25 միլիոն դոլար է, ծրագրվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Արդեն ավարտված է մոտ 70 կիլոմետրի շինարարությունը:

Վահան Տեր-Ղեւոնդյանի խոսքերով, նվիրատվությունների աշխարհագրությունը որոշ չափով մեծացել է, սակայն հիմնական մուտքերը գալիս են Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Արգենտինայից:

«8 միլիոն դոլարից մասնակցություն է ունեցել Հայաստանը, եւ մոտավորապես 176 հազար դոլարի՝ Ղարաբաղը», - տեղեկացրեց «Հայաստանի համահայկական հիմնադրամի տնօրենը:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG