Մատչելիության հղումներ

Մուշեղ Սաղաթելյանը իրեն մեղավոր չի ճանաչում


Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը այսօր սկսված դատավարությունում հերքեց իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները, ասելով, թե «իշխանությունները իր նկատմամբ կազմակերպել են հետապնդում»:

Սաղաթելյանը ձերբակալվել էր անցած տարեվերջին, այն բանից հետո, երբ հրապարակայնորեն մեղադրեց նախագահ Քոչարյանին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողությունը կազմակերպելու մեջ:

Դատավարության առաջին նիստում մեղադրող Կորյուն Փիլոյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ Մուշեղ Սաղաթելյանը ներքին գործերի նախարարության համակարգում աշխատանքի անցնելու համար ձեռք է բերել կեղծ դիպլոմ, կեղծ դիպլոմ ստացած իր ազգականին աշխատանքի է տեղավորել նույն համակարգում, տարբեր դեպքերում բռնություն է կիրառել՝ փախուստի դիմած կալանավորների նկատմամբ, որոնցից մեկը մահացել է, «Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Միսակ Մկրտչյանի նկատմամբ, 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների՝ այդ թվում ներկայիս պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի նկատմամբ:

Կալանավայրերի վարչության նախկին պետը, ըստ մեղադրական եզրակացության, «Հոկտեմբերի 27»-ի գործով կասկածյալներից մեկին «ԱՄՆ 50 հազար դոլար խոստանալու միջոցով գրել է տվել ակնհայտ սուտ հայտարարություն», թե վերջինս տեղեկություններ ունի, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցածը կազմակերպել են Հանրապետության նախագահը եւ պաշտպանության նախարարը:

Դատարանում ներկա քաղաքական դեմքերը հիմնականում «Հանրապետություն» կուսակցությունից էին՝ Վաղարշակ Հարությունյանը, Սմբատ Այվազյանը, Ալբերտ Բազեյանը, Արամ Սարգսյանը: Ի դեպ վերջին երկուսը հանդես են գալիս որպես վկաներ, եւ այդ պատճառով դատավոր Վազգեն Լալայանի խնդրանքով լքեցին դատական նիստերի դահլիճը:

Դատավորը բավարարեց մեղադրող Կորյուն Փիլոյանի միջնորդությունը, որը մեկ շաբաթ ժամանակ խնդրեց գործի նյութերին ամբողջ ծավալով ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 20-ին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG