Մատչելիության հղումներ

logo-print

Բրիտանական «Էկոնոմիստ». Տնտեսական աճը Հայաստանում կդանդաղի, Քոչարյանի հենարանը կթուլանա


Հայաստանի տնտեսության հեռանկարների վերաբերյալ նոր կանխատեսումներ է հրապարակել բրիտանական հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսը՝ իր հետազոտական հավելվածում: «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանների հաշվարկներով, տնտեսական աճը Հայաստանում այս եւ հաջորդ տարի դանդաղելու է եւ անցյալ տարվա 9,6 % դիմաց կազմելու է 5-ից 5,5-6 %: Պատճառները ինչպես արտաքին են, այնպես էլ՝ ներքին:

Արտաքին գործոնների թվում «Էկոնոմիստ»-ը նշում է Հայաստանի տնտեսության կախվածությունը թանկարժեք քարերի եւ մետաղների վաճառքից: Թանկարժեք քարերի ու մետաղների համաշխարհային գները շատ անկայուն են: Եվ քանի որ այս տարի եւ հաջորդ տարի համաշխարհային տնտեսությունը նոր է միայն փորձում դուրս գալ ճգնաժամից, պահանջարկը այս ապրանքների նկատմամբ զգալիորեն նվազելու է:

Հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկը նվազելու է նաեւ Ռուսաստանում, նկատում է «Էկոնոմիստ»-ը: Ադամանդի արտահանումը Եվրոպա Հայաստանի արտահանման ամենախոշոր հոդվածն է: Սակայն եվրոպական տնտեսությունը շատ դանդաղ աճ կունենա 2002-2003 թվականներին, ինչը կսահմանափակի պահանջարկը այդ երկրներում հայկական ադամանդի նկատմամբ:

Մյուս կողմից, հանդեսը գտնում է, որ հումքի եւ սննդամթերքի համաշխարհային գների բարձրացման հետեւանքով Հայաստանում սղաճ կարձանագրվի: Սպառման ապրանքների եւ սննդամթերքի գների բարձրացման հետեւանքով սղաճը կկազմի 3,5- 4 %: Բնականաբար, հայաստանցու դրամապանակի պարունակությունն էլ կարժեզրկվի նույն չափով:

Միաժամանակ «Էկոնոմիստ»-ը նկատում է, որ ներմուծվող սննդամթերքի գների բարձրացումը կխթանի տեղական սննդարդյունաբերությունը: Իսկ սննդամթերքի տեղական արտադրության ընդլայնումը կզսպի սննդամթերքի գների բարձրացումը հայկական շուկայում: Բայց դրա համար «Էկոնոմիստ»-ի փորձագետները Հայաստանի կառավարությանը խորհուրդ են տալիս վերակենդանացնել գյուղատնտեսական հողերի ոռոգման համակարգը:

Հայաստանի կառավարությունը ծրագրել է բարելավել հարկերի հավաքման գործը, պայքարել կաշառառության դեմ եւ կրճատել ստվերային տնտեսության ծավալները: Սակայն առաջիկա երկու տարիներին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կաբինետը շատ դանդաղ առաջընթաց է արձանագրելու:

Տնտեսական բարձր աճի տեմպերը, որ Հայաստանը արձանագրում է 1994 թվականից ի վեր, չեն կարող պահպանվել: Բանն այն է, որ Հայաստանը չունի տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարություն, եզրակացնում է «Էկոնոմիստ»-ը: Սակայն բրիտանական հանդեսի հետազոտական հավելվածի փորձագետների կարծիքով, Հայաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը կնպաստի արտահանման աճին:

«Էկոնոմիստ»-ը կանխատեսում է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո Թուրքիան կմեղմացնի տնտեսական շրջափակումը, ինչը կխթանի հայկական ապրանքների արտահանումը: Իսկ ընդհանուր առմամբ, 2003 թվականի ընթացքում Հայաստանի արտահանումը աստիճանաբար կսկսի աշխուժանալ:

«Էկոնոմիստ» հանդեսի վերլուծաբանները նաեւ կանխատեսումներ ունեն նախընտրական տարվա համար: Թեեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ այժմ տիրապետող դիրքեր ունի ներքաղաքական զարգացումներում, այդուհանդերձ նրան դժվարին պայքար է սպասում առաջիկա նախագահական ընտրություններում: «Էկոնոմիստ»-ը Հայաստանի քաղաքական կառույցում մի շարք հիմնարար թերություններ է մատնանշում, որոնք կարող են խարխլել Ռոբերտ Քոչարյանի դիրքերը 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ:

Ըստ «Էկոնոմիստ»-ի, նախագահին անվերապահ աջակցություն ցուցաբերող կուսակցություն չկա: Իսկ 131 անդամ ունեցող Ազգային ժողովում, անհատ պատգամավորներ եւ առանձին կուսակցություններ աջակցում են նախագահին առանձին դեպքերում: Չկա, սակայն, ամբողջական, կապակցված մի խումբ, որի վրա հենվելով Հայաստանի նախագահը կարողանա անցկացնել իր օրակարգը:

Ինչ վերաբերում է Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը, ապա այն, ըստ բրիտանական հանդեսի հետազոտական հավելվածի, ավելի շատ կազմված է տեխնոկրատներից, այլ ոչ թե նախագահի քաղաքականության անկեղծ ջատագովներից: Բրիտանացի փորձագետները կանխատեսում են, որ քաղաքական էլիտայի աջակցությունը Քոչարյանին հարաբերականորեն թույլ կլինի, ինչը կարող է վտանգել նրա վերընտրության հնարավորությունները:

«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները կանխատեսումներ ունեն նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների մասին: 2002-2003 թվականներին Ղարաբաղյան խաղաղության գործընթացում հանդեսը շոշափելի առաջընթաց չի ակնկալում, նշելով միայն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակելու է միջնորդական առաքելությունը՝ որոնելով հակամարտության կարգավորման լուծումներ:


Հրայր Թամրազյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG