Մատչելիության հղումներ

Նախագահը քննադատում է Ռոբերտ Նազարյանին


Երեքշաբթի օրը նախագահ Քոչարյանը խիստ քննադատության ենթարկեց Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի եւ քաղաքապետարանի աշխատանքը, ասելով, այդուհանդերձ, որ քաղաքապետը դեռ «երկար է աշխատելու»:

Ռոբերտ Քոչարյանը գրեթե նույնությամբ կրկնեց 2000 թվականի նոյեմբերին անցկացված խորհրդակցությունում հնչեցրած խոսքերը, թե քաղաքապետարանը գումարի խնդիր պետք է չունենա՝ «փողի վրա նստել, փող եք ուզում»: Այդ խորհրդակցությունից մեկուկես ամիս անց պաշտոնանկ արվեց քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

Նախագահը այսօր դժգոհեց Ռոբերտ Նազարյանի զեկույցից, ասելով, թե հստակ, աղյուսակների ձեւով ամփոփ ներկայացված չէ, ասենք, թե հողահատկացումներից ինչ գումարներ են ստացվել:

Նախագահը դժգոհ էր համարյա բոլոր ոլորտների վիճակից: Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, ասաց, թե այսօր Երեւան մտնող ջրի քանակի կեսն իսկ բավական է շուրջօրյա ջրամատակակարում ապահովելու համար, մինչդեռ բնակչությունը շուրջօրյա ջրամատակարարում չի ստանում: Ջրային տնտեսության ղեկավարը խոստացավ, որ 2004 թվականին կլուծքվի Երեւանի շուրջօրյա ջրամատակարարման հարցը:

Խորհրդակցությունում շոշափվեցին նաեւ առողջապահության ոլորտին, մասնավորապես բուժաշխատողների ուշացած աշխատավարձերի վճարմանը, կապիտալ շինարարությանը վերաբերող հարցեր: Նշվեց, որ այս տարվա ընթացքում Երեւանում 50 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ են կատարվելու:

Խորհրդակցության ընթացքում քննադատությունն այնքան խիստ էր, որ շատերին թվում էր, թե քաղաքապետը պաշտոնանկ է արվելու: Խորհրդակցության վերջում, սակայն, Հայաստանի նախագահը ասաց. - «Քաղաքապետը երկար է աշխատելու: Ծրագրեր կան, որ պիտի միասին իրականացնենք: Մինչեւ 2004 թիվն էլ պարտավորություն է վերցրել»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG