Մատչելիության հղումներ

logo-print

Սպանված զինծառայողի ծնողները արդար դատ են պահանջում


Փետրվարի 25֊-ին Վանաձորի զորամասերից մեկում մահացած զինծառայող, Գյուղատնտեսական ակադեմիայի 22֊-ամյա ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի դիակը բերում են Երեւան՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ: Արտյոմի մայրը՝ Կարինե Սարգսյանը եւ մորաքույրը՝ տիկին Գայանեն, ախտորոշումը գրավոր չեն տեսել եւ չգիտեն, ով է եղել ախտորոշողը: Դիահերձումը ցույց է տվել ուղեղային վնասվածք՝ բութ գործիքի հարվածներից, տրավմատիկ շոկ:

«Երեխայի որովայնը երբ բացեցին, պարզ դարձավ, որ դա թունավորում չէ, որովհետեւ Արտյոմը մոտ երեքուկես լիտր արյուն էր կորցրել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մահացածի մայրը:

Վերջնական ախտորոշումը խոստացել են 15֊-20 օրից: Եվ ինչը խիստ կարեւոր է, տիկնանց վկայությամբ՝ դիահերձող բժշկի խոսքերով, «երեխային 36 ժամ դեռ կարելի էր փրկել»:

Անցած աշնանը հայաստանյան բուհերի ասպիրանտուրայի վճարովի համակարգում սովորողները ցույցեր էին անցկացնում կառավարության շենքի մոտ՝ բողոքելով իրենց զինծառայությունից տարկետում ստանալու իրավունքից զրկելու դեմ: Մահացած Արտյոմ Սարգսյանը այդ ցույցերի ակտիվ կազմակերպիչներից էր:

Արտյոմ Սարգսյանի մայրը ասաց, որ որդու մահվան հետ անմիջականորեն չի կապում կրթության փոխնախարար Արա Ավետիսյանի այն ժամանակ Արտյոմին արած սպառնալիքը՝ թե «Չե՞ս վախենում բանակ գնալուց հետո ինչ կլինի»: Մոր խոսքերով, սակայն, կրթության նախարարությունն է մեղավոր, որ իրենց երեխաները զորակոչվել են:

Ծնողների պատմածով, փետրվարի 23-֊ի լույս 24-֊ի, այսինքն՝ լույս կիրակի գիշերը, քնած Արտյոմին արթնացնում է զորամասի օրվա պատասխանատու հերթապահ, գարնանը զորացրվելիք ծառայող Աղաբեկ Թադեւոսյանը՝ հարբած, ու հարցնում. «Արտյոմ, ի՞նչ ես ասում, ես սխալներ ունե՞մ»: Երբ ընդհանուր զորանոցից անցնում են մեկ այլ սենյակ, Թադեւոսյանին ուղեկցող նորակոչիկ Վարուժան Խաչատրյանը աթոռով հարվածում է Արտյոմի գլխին եւ, ըստ Արտյոմի մոր՝ «պառկած վիճակում երեխային այնքան են ծեծում, որ...»:

Թե դրանից հետո ինչ է եղել, Արտյոմի մայրն ու մորաքույրը չգիտեն: «Մենք չգիտենք մեր երեխան 36 ժամ որտեղ է եղել գցած», - ասաց սպանվածի մորաքույրը, ավելացնելով, որ ամբողջ կիրակի Արտյոմը պառկած է եղել: - «Ղեկավարությունից զորամասում ոչ ոք չի եղել: Եթե հրամանատարներից մեկը լինել, ինչ-որ օգնություն երեխային ցույց կտային»:

Զոհված զինվորի մայրը կամենում է, որ գործի քննությունը Վանաձորից տեղափոխվի Երեւան: «Ուղղակի ես արդար դատ եմ պահանջում», - ասաց Արտյոմի մայրը: Նա պահանջում է, որ պաշտոնեական անփութության համար պատասխանատվության ենթարկվեն զորամասի հրամանատարը, առաջին բուժօգնություն ցույց չտված բժիշկը:

«Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտում, որն արտահայտվել է ծեծով եւ բռնությամբ». դեպքի առիթով այսպիսի քրեական գործ է հարուցել Գուգարքի կայազորի զինդատախազությունը: Այս մեղադրանքով մինչեւ 12 տարվա ազատազրկում է նախատեսվում:

Քննչական խմբի ղեկավարը կայազորի զինդատախազի տեղակալ Էլիզբարյանն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում վերջինս ասաց, որ գործով կալանավորվածները միայն երկուսը չեն, ավելին են: Որ քննչական խմբի խիստ ուշադրության տակ են սպայական անձնակազմի կատարած գործողությունները:

Հարցին, թե արդյո՞ք նույնը կարելի է ասել հոսպիտալի բուժանձնակազմի գործողությունների մասին, Էլիզբարյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Գործով ակտիվ եւ համակողմանի քննություն է ընթանում», - եւ, վկայակոչելով նախաքննության շահերը, այլ մանրամասներ չհաղորդեց:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հետեւելու են գործի քննության ընթացքին ու համապատասխան քայլեր են ձեռնարկելու: Իշխանյանի կարծիքով, խնդիրը երկու կողմ ունի. նախ՝ բանակում անօրինություններն ու ոչ կանոնադրական հարաբերությունները շարունակվում են, եւ հրամանատարությունը դա չի կարողանում կանխել:

Հարցի մյուս կողմը, ըստ Իշխանյանի, «ոչ իրավական երկրի հերթական պատկերն է», երբ ասպիրանտները դատական ատյան էին տեղափոխել իրենց բանակ զորակոչելու հարցը՝ պատասխանատվության կանչելով կրթության նախարարությանը, իսկ դատավորը, տղաների զորակոչը մինչեւ դատավճիռ առկախելու փոխարեն, երկու անգամ հետաձգեց դատական նիստը:

Կենտրոն եւ Նորք֊Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից «Ազատություն« ռադիոկայանին հայտնեցին, որ առաջիկա երկու օրվա ընթացքում կնշանակվի ասպիրանտների հայցով դատական նիստի օրը: Նախարարությանը դատի տված ասպիրանտները ներկայումս ծառայում են բանակում:

Արտյոմ Սարգսյանը հայց ներկայացնողների մեջ չի եղել: Մոր խոսքերով՝ «խաբված, տեսնելով, որ պետությունը իր շահերը չի պաշտպանում», Արտյոմը ծառայության մեկնած առաջին ասպիրանտներից էր:

Արդյո՞ք Արտյոմի հայրը՝ ռազմական օդագնացության ինստիտուտի փոխտնօրեն, փոխգնդապետ Սարգսյանը չստիպեց, որ որդին հրաժարվի պայքարից ու բանակ մեկնի: «Ոչ, - ասաց տիկին Կարինեն: - «Երեխան պաշտպանում էր իր իրավունքները»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG