Մատչելիության հղումներ

Ջավախքահայերը հայտարարում են, թե «երբեւէ անջատողականություն չեն դրսեւորել»


Վրաստանի Սամցխե-Ջավախեթիայում գործող ջավախքահայերի կուսակցությունը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ հերքել է անջատողականության մեջ վրացական մեղադրանքները:

1999 թվականին հիմնադրված, սակայն մինչեւ օրս Վրաստանի իշխանությունների կողմից չգրանցված «Վիրք» կուսակցության կենտրոնական վարչության հայտարարության մեջ ասվում է, որ վերջին շրջանում Վրաստանի լրատվամիջոցների կողմից Ջավախքի շուրջ ընթացող իրադարձությունների մասին պարբերաբար տարածվող լուրերը «հիմնականում չեն համապատասխանում իրականությանը»:

«Ջավախքի ազգաբնակչության, հասարակական-քաղաքական կազմակերպությունների կողմից ոչ միայն երբեւէ անջատողականություն չի դրսեւորվել, այլեւ տարածաշրջանը մշտապես եղել է Վրաստանի ամենախաղաղ անկյուններից մեկը», - ասված է տեղական «Ա-Ինֆո» գործակալության միջոցով տարածված հայտարարության մեջ:

«Վիրք» կուսակցությունն իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու հասարակական-քաղաքական այլ կազմակերպությունների հետ՝ «տարածաշրջանը զերծ պահելու տարատեսակ սադրանքներից»:

Անհեռանկարային համարելով տարածաշրջանի կառավարման գործող համակարգը, հայտարարության հեղինակները նշում են, որ «բազմիցս առաջարկություն եւ պահանջ է ներկայացվել համապատասխան իրավասու մարմիններին, տարածաշրջանում սահմանել տեղական ինքնակառավարման ավելի բարձր կարգավիճակ՝ տեղական իշխանություններին օժտելով ավելի լայն իրավասություններով»:

Ջավախքի ինքնավարության կոչերը, որոնք Հայատանը երբեք չի պաշտպանել, անցած ամիս քննարկան առարկա դարձան Վրաստանի խորհրդարանի համապատասխան մշտական հանձնաժողովում: Դրա նախագահ Գեորգի Բարամիձեն, ըստ հաղորդագրությունների, Ջավախքի ազգայնական խմբերին մեղադրել էր օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ կապերի մեջ: Նա նաեւ շեշտել էր, որ այդ խմբերից ու կազմակերպություններին ոչ մեկը գրանցված չէ Վրաստանի արդարադատության նախարարությունում:

«Վիրք» կուսակցության հայտարարության մեջ, սակայն, ասվում է. «Կուսակցությունը հիմնադրվել է 1999 թվականին՝ «Քաղաքական կազմավորումների մասին» Վրաստանի օրգանական օրենքի պահանջներին համապատասխան, սակայն առ այսօր անհիմն պատճառաբանություններով արդարադատության նախարարության կողմից չի գրանցված, ինչը համարում ենք մարդու իրավունքների կոպիտ խախտման եւս մեկ դրսեւորում»:

Ջավախքահայերի ճնշող մեծամասնությունը դեմ է ռուսաստանյան ռազմակայանի Ախալքալակից դուրսբերմանը, ինչը մաս է կազմում Արեւմուտքի հետ մերձեցման Վրաստանի ջանքերին: Գործազրկության բարձր մակարդակով այդ շրջանում ռազմակայանը ամենամեծ գործատուն է: Թուրքիային սահմանակից այս շրջանի տեղացի հայերի համար ռազմակայանը նաեւ անվտանգության երաշխիք է:

Ռազմակայանի խնդիրը հիմանականներից է վերջին շջանում լարվող ռուս-վրացական հարաբերություններում: Ռուսաստանը ջանում է պահպանել իր զինվորական ներկայությունը Ախալքալակում:

Հայաստանի իշխանությունները մինչեւ այժմ խուսափել են հարցին միջամտելուց՝ ասելով, թե դա Վրաստանի ներքին գործն է:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG