Մատչելիության հղումներ

logo-print

Կոմունիստ պատգամավորը կասկածահարույց է համարում մարդահամարի նախնական տվյալները


ԱԺ առողջապահության, սոցիալական եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը պնդում է, որ հասարակական առողջացումը Հայաստանում առաջին հերթին համակարգային փոփոխություններ է պահանջում: Նա նաեւ թերահավատությամբ է վերաբերում անցած աշնանը Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալներին:

Հայաստանում հասարակության եւ բնակչության առողջության արդի վիճակը խորհրդարանի հանձնաժողովի նախագահը «վատառողջ» բնորոշեց՝ փաստարկելով. «60-70 տոկոս աղքատության շեմ, 40-60 տոկոս ստվերային տնտեսություն, ազգաբնակչության արդեն 22 տոկոս կազմող ծերացող բնակչություն»:

Թադեւոսյանը առանձնահատուկ կասկածի տակ առավ մարդահամարի տվյալները, դրանք համարելով հավատ չներշնչող՝ այս առումով փաստարկներ բերելով, թե տասը տարի առաջ 400-500 աշակերտ ունեցած գյուղական դպրոցներում հիմա ընդամենը 30-40 երեխա է սովորում:

«Մահացության ավելացում գրեթե երկու անգամ, ծննդի նվազում՝ անռվազն երեք անգամ, ԱՊՀ երկրներում ամենամեծ գործազրկության տոկոս, մեկ աշխատողին մեկ թոշակառու, պարտքերի մեջ թաղված առողջապահություն՝ 1997 թվականից սկսած 21 միլիարդ դրամի առողջապահության պարտք պետական բյուջեից», - ասաց Գագիկ Թադեւոսյանը:

Այս շաբաթ կառավարության ընդունված որոշմամբ փակվելու են առողջապահության ոլորտում աշխատավարձի պարտքերը անցյալ տարվա գծով:

Թադեւոսյան կարծիքով, հասարակական առողջացումն առաջին հերթին համակարգային փոփոխություներ է պահանջում, եւ այդ առումով ողջունելի է համարում վեցյակի (այդ թվում Հայկոմկուսի)՝ խորհրդարանական կառավարում նախատեսող սահմանադրական նախաձեռնությունը:

Հատկապես կարեւորվեց համակարգերի բարելավումը կառավարման ոլորտում, որովհետեւ, Թադեւոսյանի կարծիքով, սխալ մոտեցումները քայքայիչ դեր են կատարում: Որպես օրինակ պատգամավորը բերեց հանրապետություն ներկրվող դեղորայքի վրա ավելացված արժեքի հարկի սահմանումը:

«Մինչեւ ավելացված արժեքի հարկի կիրառումը 20 միլիոն դոլարի դեղ էր մտնում հանրապետություն: Ավելացված արժեքի հարկի կիրառումից հետո մտել է 10 միլիոն դոլարի դեղորայք», - ասաց նա, չբացառելով, որ դրանից հետո անհետացած դեղորայք ներկրող սուբյեկտների մի մասը պարզապես սկսել է գործել ստվերում:

Գագիկ Թադեւոսյանը առաջնահերթ համարեց, որպես մարդու իրավունքների պաշտպանության հիմնական դրսեւորում, նվազագույն սպառողական զամբյուղի ապահովումը: Ներկայումս նվազագույն կենսաթոշակը Հայաստանում գրեթե երեք անգամ պակաս է սպառողական զամբյուղից:

Գագիկ Թադեւոսյան ասաց նաեւ, թե «կառավարությունում պետք է աշխատեն ունակ մարդիկ»: Այլապես, նրա խոսքերով, բանի նման չէ, երբ երկամյա գործընթացի արդյունքում, բազմաթիվ մասնագետների մասնակցությամբ ստեղծվում է «Սեւանի մասին» օրենք, իսկ կառավարությունը, նախագահի ստորագրելուց հետո անգամ, հայտարարում է, թե չի կարող իրականացնել լճի փրկության ռազմավարական ծրագիրը:


Գագիկ Թադեւոյանն անպատասխան թողեց իրեն՝ որպես շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի նախագահին ուղղված հարցը, թե ինչու են իշխանությունները աչք փակում անխնա անտառահատումների վրա:



Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG