Մատչելիության հղումներ

Համանախագահներն առաջարկում են բանակցային գործընթացում ներգրավել Ղարաբաղի հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչներին


ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն առաջարկում են փոխել ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը եւ, Հայաստանից ու Ադրբեջանից բացի, այդ գործընթացին մասնակից դարձնել Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը, որը ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահների հետ ժամանել է Բաքու:

Տրուբնիկովի վկայությամբ, նման ֆորմատն արդեն գործել է 1994-97 թվականներին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրները, պնդում է, որ միջնորդները նաեւ առաջարկում են արագացնել խաղաղության գործընթացը, սակայն որեւէ այլ տեղեկություն չի հայտնում Մինսկի խմբի նոր առաջարկների մասին:

Մեկնաբանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը, ռուսաստանցի համանախագահն ասաց, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում էր միջազգային իրավական դաշտում, ինչը ենթադրում է, որ սահմանները չեն փոխվում, քանի դեռ պետությունները չեն տալիս իրենց համաձայնությունը: Սակայն դա չի արգելում պետություններին մտածել իրենց սահմանները փոխելու կամ չփոխելու մասին՝ համապատասխան համաձայնագրերի շրջանակներում:

Բաքվում կայացած մամլո ասուլիսում Տրուբնիկովը նշել է, որ հիմա, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները հազվադեպ են դարձել, նրանք կարող էին մշտական ներկայացուցիչներ նշանակել՝ բանակցային գործընթացը մշտական դարձնելու նպատակով: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի ղեկավարությունը համաձայն է նման առաջարկներին, ռուս դիվանագետը պատասխանել է, որ «դրանք ընդունվել են 75 տոկոսով»:

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան կարծիք է հայտնել, որ «եկել է Ղարաբաղի խնդիրը լուծելու ժամանակը»: Դիվանագետն ավելացրել է, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանել «ղարաբաղյան հակամարտության հնարավորինս արագ կարգավորման վճռականությամբ»:

Իսկ Վյաչեսլավ Տրուբնիկովը փաստել է, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները խորը, լուրջ եւ անսասան պարտավորություններ ունեն իրենց ժողովուրդների հանդեպ» եւ առանց նախագահների աջակցության դժվար է գտնել հարցի լուծման բանալին:

Անդրադառնալով Ադրբեջանում եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, նա շեշտել է, որ «ներքին քաղաքական գործոնը էական դեր է խաղում բանակցային գործընթացում, եւ Մինսկի խումբը դա չի անտեսում: Սակայն դա չի նշանակում, որ մենք հապճեպ ենք աշխատելու», - եզրակացրել է Վյաչեսլավ Տրուբնիկովը:

Տարածաշրջանային այցից հետո համանախագահները մեկնելու են Վիեննա, ուր ԵԱՀԿ նախագահին տեղեկացնելու են բանակցություների արդյունքների մասին:

Վաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանելու են Երեւան:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG