Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը «մեռած չէ»


Ինչպես ուրբաթ օրը հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանին, Միացյալ Նահագների կողմից պաշտպանվող Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամները փորձում են վերակենդանացնել իրենց գործունեությունը:

«Կարող եմ ասել, որ մեռած չեն ոչ Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեությունը, ոչ էլ բուն հանձնախումբը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանձնախմբի գործունեությանը աջատեղյակ աղբյուրը: - «Պաշտոնապես կարգավիճակը չի փոխվել, բայց ոչ պաշտոնապես շփումները շարունակվում են, եւ գործընթացը նույնպես շարունակվում է»:

Անանուն մնալ ցանկացած աղբյուրի խոսքերով, կողմերը «որոշ առաջընթաց են ունեցել» եւ մոտ ժամանակներս կորոշեն հանձնախմբի առաքելության հետագա ճակատագիրը:

Անցած տարվա դեկտեմբերի 1-ին արված հայտարարությամբ հանձնախմբի չորս հայ անդամները «դադարեցրել էին իրենց մասնակցությունը», քանի որ իրենց թուրք գործընկերները «միակողմանիորեն» դիմել էին Նյու Յորքում գործող Անցումային շրջանի արդարադատության կենտրոնին՝ ձեռնպահ մնալ Օսմանյան կայսրությունում դարասկզբին իրականացված հայոց ղեցասպանության նկատմամբ ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրությունից:

Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին դիմելու մասին որոշումն ընդունվել էր հանձնաժողովի բոլոր տասը անդամների (որոնցից վեցը ներկայացնում են թուրքական կողմը) համաձայնությամբ անցած տարվա նոյեմբերին:

Հանձնախմբի թուրք անդամներից մեկի կարծիքով, «թյուրիմացություն» է տեղ գտել՝ «տեխնիկական» պատճառներով: Ստամբուլում քաղաքական հետազոտությունների մասնավոր կենտրոնի ղեկավար Ուսթուն Էրգուդերը անցած հունվարին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասել էր, որ ինքը եւ հանձնաժողովի մյուս հինգ թուրք անդամները վստահ են, որ Միացյալ Նահանգների կողմից աջակցվող այդ նախաձեռնությունը «հնարավոր է վերակենդանացնել»:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը այսօր ասաց, թե նշված հետազոտության շուրջ հակասությունը շարունակում է մնալ «հաղթահարվելիք ամենաբարդ հիմնախնդիրը»՝ ավելացնելով, որ հայ անդամները պատրաստակամ են ճկունություն ցուցաբերելու այս հարցում:

Այդուհանդերձ, հանձնախմբի հայ անդամներից մեկը՝ Մոսկվայում բնակվող հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, ըստ «Ա1 պլյուս» հայաստանյան հեռուստաընկերության, հայտարարել է, որ առանց հիշյալ հետազոտության նախաձեռնությունն առաջ չի ընթանա:

Միհրանյանը, ինչպես նաեւ հանձնախմբի մյուս հայ անդամները ավելի վաղ ենթադրություն էին հայտնել, թե թուրք անդամները ետ էին կանգնել նոյեմբերին Նյու Յորքում ձեռք բերված համաձայնությունից, քանի որ պաշտոնական Անկարան կտրականապես հերքում է, թե հայերի զարգվածային սպանություններն ու տեղահանությունը ցեղասպանություն էին:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը ասաց նաեւ, որ հանձնախումբը կարող է վերսկսել գործունեությունը՝ «այլ անվան տակ»:

«Հայ անդամները կարող են ոչինչ չձեռնարկել ու հեռանալ: Այդուհանդերձ, գործընթացը կշարունակվի: Անհրաժեշտ է, որ ավելի շատ հայեր շփումներ ունենան ավելի շատ թուրքերի հետ», - ասաց «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրը:

Աղբյուրի պնդմամբ, Հայ-թուրքական հանձնախմբի գործունեությունը, որ խիստ քննադատության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, արդեն «նոր կապեր է հարուցել հայերի ու թուրքերի միջեւ»:

Անցած ամսվա սկզբին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան եւ Երեւանը կարող են քննարկել երկկողմ կապերը խոչընդոտող հարցերը: Հայաստանի արտգործնախարարը դա ասել էր Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Չեմի հետ հանդիպելուց հետո:

«Տրամադրվածություն կա երկու կողմից, որպեսզի ուղղակի երկխոսության միջոցով փորձենք մեր հարցերին անդրադառնալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Վարդան Օսկանյանը, հույս հայտնելով, որ մոտ ապագայում հանդիպումը շարունակություն կունենա:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG