Մատչելիության հղումներ

Երեւանի համայնքները խոշորացվում են


Հինգշաբթի օրը ընդունված որոշմամբ Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովին առաջարկում է փոփոխություններ մտցնել «Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Այդ փոփոխությունը ենթադրում է նաեւ համիմաստ փոփոխություններ «Ընտրություններիմ մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, այն հաշվով, որպեսզի համայնքների խոշորացմանը հաջորդեն նոր ձեւավորված համայնքապետերի եւ ավագանու անդամների արտահերթ ընտրություններ։

Որոշմամբ կառավարությունը հիմք դրեց հանրապետության վարչատարածքային նոր բաժանմանը, որի իմաստը փոքր համայնքները ավելի խոշորներին կամ միմյանց միավորելով, նորաստեղծ տարածքային միավորները ավելի քիչ ծախսերով ավելի արդյունավետ կառավարելը պետք է լինի:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նպատակահարմար է գտել Երեւանի 12 թաղային համայնքները առայժմ երկուսով կրճատել:

«Նուբարաշեն թաղային համայնքը միավորվեց էրեբունի թաղային համայնքի հետ՝ որպես թաղամաս, եւ Նորք-Մարաշ համայնքը՝ Կենտրոն համայնքի հետ՝ որպես թաղամաս», - ասաց նախարարը:

Ըստ Հովիկ Աբրահամյանի, օրինակ, Նուբարաշենի համայնքը ունի 9300 ազգաբնակչություն եւ ընդամենը 47 միլիոն դրամի տարեկան բյուջե, մինչդեռ, Էրեբունու համայնքի ազգաբնակչությունը 125 հազար է, իսկ տարեկան բյուջեն 697 միլիոն դրամ է։

Փոքր համայնքները խոշորների հետ միավորելով առաջինները միայն կշահեն, բացի այդ կտնտեսվեն կառավարման վրա ծախսվող միջոցները։

Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ առաջիկա խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների նախաշեմին վարչատարածքային բաժանմանն առնչվող այս փոփոխությունը քաղաքական ենթատեքստ չունի: Նախարարի մատուցմամբ, փոփոխությունները թելադրված են բացառապես ֆինանսական միջոցները տնտեսելու եւ կառավարումն ավելի ռացիոնալ դարձնելու անհրաժեշտությամբ։

Ավելին, Աբրահամյանն ասաց, որ այժմ քննարկվում է մայրաքաղաքում եւս երկու համայնք կրճատելու տարբերակ, եւ Երեւանում կունենանք 8 համայնք։

Իսկ հանրպետության մյուս մարզերի ավելի քան 900 համայնքների խոշորացումը, ըստ նախարարի, տեղի կունենա միայն 2003 թվականի վերջին եւ 2004 թվականի ընթացքում, այսինքն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո միայն: Այստեղ լավագույն տարբերակ է դիտվում 300 համայնքի գոյությունը։

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեցին նաեւ կարեւոր ֆինանսական որորշումներ: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, թե դրանցից մեկով որոշվել է պետական օգնություն հատկացնել Ազգային Ժողովում զոհված Հայաստանի Հանրապետության ազգային հերոսների ընտանիքների անչափահաս եւ խնամակալության տակ գտնվող անձանց։ Մեկ այլ որոշմամբ, բյուջեով նախատեսված 100 միլիոն դրամի հատկացում արվեց խորհրդարանական կուսակցություններին։

Երեկ Երեւանի պոլիկլինիկաներից մեկի աշխատակիցները անժամկետ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով վճարել իրենց 17 ամիս չվճարված աշխատավարձը: Կառավարությունն այսօր որոշել է միանգամից փակել առողջապահության ոլորտի անցած տարվա պարտքը:

Վարդան Խաչատրյանը ասաց, որ առաջնահերթ իրենց աշխատավարձները կարող են ստանալ պոլիկլինիկաների, հոգեբուժարանների բուժաշխատողները։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը խոստացավ, որ մինչեւ ամսվա վերջ կվճարվեն նաեւ այս տարվա հունվար-փետրվար ամիսների չվճարված աշխատավարձերը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG