Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի նախաքննությունը իրականացրած քննիչների նկատմամբ քրեական գործ է հարուցվել





Այսօր հավաստի, բայց ոչ պաշտոնական աղբյուրները «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննական մարմնի որոշ անդամների նկատմամբ՝ մեղադրյալների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:

Նախաքննական մարմնի աշխատանքը համակարգում էր Հայաստանի զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Առայժմ հայտնի չեն կոնկրետ անձանց անուններ: Հայտնի է, սակայն, որ դատարանում ամբաստանյալներ Կարեն եւ Նաիրի Հունանյանները եւ Էդիկ Գրիգորյանը որոշ անուններ տվել են: Բացի այդ, Ազգային ժողովի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամներին նույն հիմնավորմամբ բողոքներ էին ներկայացրել նախկին մեղադրյալներ Նաիրի Բադալյանը եւ Հարություն Հարությունյանը:

Իսկ մարտի 13-ին սկսվելու է Մուշեղ Սաղաթելյանի դատարավությունը, որը որոշակիորեն առնչվում է «Հոկտեմբերի 27»-ի գործի որոշ մանրամասներին: Հայաստանի կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, ի թիվս այլնի, մեղադրվում է նաեւ ակնհայտ սուտ մատնություն նախապատրաստելու փորձ կատարելու մեջ:

Թերեւս, ինչպես Մուշեղ Սաղաթելյանը բաց դատավարության ընթացքում, այնպես էլ հարուցված նոր գործով հարցաքննվողները լրացուցիչ փաստարկներ կունենան հրապարակելու՝ գոնե իրենց ասելիքը հիմնավորելու համար:

Տպավորություն է ստեղծվում, թե դատարանում էլ ամբաստանյալներն ինչ-որ բանի են սպասում: Համենայնդեպս, այսօրվա նիստում էլ ամբաստանյալ Դերենիկ Բեջանյանը գրեթե ոչ մի՝ նույնիսկ իր շահերից բխող հարցի չպատասխանեց: Չմոռացավ, սակայն, մի քանի անգամ նշել, որ նախաքննության ընթացքում քննիչներն իր նկատմամբ բռնություններ են կիրառել, սպառնացել են:

Որքան էլ կողմերը տարբեր հնարքներ էին օգտագործում՝ համոզելու, որ ամբաստանյալը խոսի, նա համառորեն միայն մեկ նախադասություն էր ասում. «Այդ հարցին այս փուլում չեմ պատասխանի: Ասելիք կա, հետագայում շատ բան կասեմ»:

Նման պատճառաբանություններ էին ներկայացնում նաեւ մյուս երեք ամբաստանյալները՝ Հունանյան եղբայրներն ու Էդիկ Գրիգորյանը: Պարզ չէ, թե ինչի են սպասում ահաբեկչության մասնակիցները:

Հետաքրքիր է, որ բոլորն էլ պնդում են, որ ոչ միայն ցուցմունքներ են տալու, այլեւ փաստեր են ներկայացնելու:

Դատավարությունը կշարունակվի մարտի 11-ին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG