Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վազգենի ընկերներն ու «ընկերները»» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը երեկվա թարմ տպավորություններով նշում է. «Եռաբլուրն այն միակ տեղն է, որտեղ Վազգեն Սարգսյանի երբեմնի ընկերները դեռ կարող են միմյանց ներկայությունը հանդուրժել»:

«Եթե Վազգենը լիներ, իրար կհանդուրժեին, իրար չէին դավաճանի, իրար չէին լափի», - լրագրողին ասել է ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Մինչդեռ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մնում է իր այն կարծիքին, թե «Վազգենի բոլոր ընկերները նույն ճամբարում են»:

Պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանն էլ, սակայն, երբ երեկ լրագրողները դիմել էին, թե բան չունի՞ ասելու իր ընկերոջ մասին, խոսել էր այսպես. «Ախպոր պես, ինձ բան մի հարցրեք, որ հարցնեք՝ ճշմարտությունը պիտի ասեմ. իսկ հիմա ճշմարտությունը չեմ ասելու, որ ասեցի՝ ինձ եմ վնասելու: Թողեք, դեռ գործեր ունեմ անելու, արեցի պրծա՝ Մատրոսով եմ դառնալու: Դուք գնացեք Ջհանգիրյանին հարցրեք, հենա, մոմ ա վառում՝ մեղքերի թողության համար»:

«Վերադարձ՝ առանց ապաշխարանքի» վերնագրի տակ է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն առանձնացնում, թե «վերջին օրերի ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատվող ամենահետաքրքրական երեւույթը նախկին իշխանությունները ներկայացնող մանր կազմակերպությունների ինքնալուծարման գործընթացն է՝ կրկին մայր կուսակցության՝ ՀՀՇ-ի գիրկը վերադառնալու նպատակադրումով: Այդ առումով առաջին ազդանշանը տվեց «21-րդ դար» կուսակցության վարչությունը»:

«Ներկա համախմբման պատճառը Հայաստանի շուրջ ձեւավորվող սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական կացության ընձեռած հնարավորություններից օգտվելու նախկին եւ ներկա հհշականների բուռն ցանկությունն է: Դա պայմանավորված է տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության փաստով եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցային գործընթացի վերաշխուժացումով: Նման պայմաններում վերամիավորվող ՀՀՇ-ն կփորձի իր վրա վերցնել «խաղաղության կուսակցության» գործառույթներն ու հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման եւ այդ ճանապարհով Հայաստանը ամբողջովին ամերիկյան ազդեցության դաշտ տեղափոխելու ջատագով», - ենթադրում է մեկնաբանը, եզրափակելով. - «Կիրառելով երկրի ներքին կացության, մանավանդ սոցիալ-տնտեսական իրավիճակի տոտալ քննադատության մարտավարությունը, վերամիավորված ՀՀՇ-ն կփորձի հանրության ուշադրությունը շեղել այն ակնհայտ փաստից, որ ոչ վաղ անցյալում ձախողված քաղաքական ուժը կրկին ասպարեզ է վերադառնում՝ չտալով իր նախորդ գործունեության գնահատականը եւ չապաշխարելով իր սխալների ու ահավոր ձախողումների համար: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնելու, որ ՀՀՇ-ի վերադարձը քաղաքական ասպարեզ կարող է ամբողջական դառնալ առայժմ լռություն պահպանող Լեւոն Տեր-Պետրոսյանի վերակենդանացման միջոցով միայն, քանզի եթե վերամիավորվող ՀՀՇ-ն գիծ չի քաշում իր անցյալի ու ներկայի միջեւ, ուրեմն՝ չի հրաժարվել ու չի հրաժարվելու այդ անցյալը խորհրդանշող առաջնորդից»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը ասում է. «Կյանքը ցույց տվեց, որ կառավարման այս կիսանախագահական համակարգի տեւականությունը բերել-հանգեցնելու է այն բանին, որ կուսակցություններն ընդհանրապես դեր ու կշիռ չեն ունենալու Հայաստանում: Այսինքն, մեզանում ձեւավորված ավանդույթների ու սովորությունների պայմաններում կիսանախագահական համակարգը «ծնում» է մի կուսակցություն, որն իշխանություն է, բոլորը հապճեպ «լցվում» են այդ կուսակցության մեջ եւ նույն հապճեպությամբ էլ դուրս գալիս՝ իշխանությունը կորցնելուց հետո: Մինչեւ որ հաջորդ կուսակցությունը կգա իշխանության»:

Ինչ վերաբերում է անձերին, Վազգեն Մանուկյանը վերջին տասնամյակից ընդհանրացրել է. «Քանի որ ժամանակներն ինքնին բավական դաժան էին, անընդհատ քավության նոխազներ էին պետք: Սակայն անընդհատ մարդ փոխելով չէ, որ երկիրը պիտի առաջընթաց ապրի»:

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, Կոմկուսում ծայր առած հակամարտությունը կարծես մոտ է հանգուցալուծման: Առաջիկայում Կոմկուսը նոր առաջին քարտուղար կարող է ունենալ: «Ես չեմ պատրաստվում հրաժարական ներկայացնել, եւ առաջիկա պլենումի օրակարգում նման հարց չկա», - թղթակցին հավաստիացրել է Վլադիմիր Դարբինյանը, սակայն, նաեւ ավելացնել. «Եթե պլենումի անդամները որոշեն, որ իմ ծառայությունները կուսակցությանն այլեւս անհրաժեշտ չեն, եւ պետք է նոր առաջին քարտուղար ընտրել, ապա այդպես էլ թող վարվեն... Ես չեմ կարող ժամանակից շուտ կոնկրետ անուններ տալ, որովհետեւ իմ կարծիքը պլենումի մասնակիցների մեծամասնության կարծիքի հետ կարող է չհամընկնել: Միեւնույն ժամանակ այս կամ այն անունը տալով՝ իմ կուսակիցներին կարող եմ վիրավորել»:

«Ինչո՞ւ են ամերիկացի զինվորները գալիս Վրաստան». «Ազգ» թերթի մեկնաբանը աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների վերլուծականում գրում է. «Հայաստանի նախագահի եւ պաշտպանության նախարարի առաջին արձագանքները հանգստացուցիչ էին։ Նախ, ամերիկացիները, եթե նույնիսկ երկար, անգամ ընդմիշտ մնան Վրաստանում, մեզ համար սպառնալիք չեն, բարեկամ երկիր են։ Երկրորդ, ամերիկացիները չեն կարող ունենալ տարածաշրջանում հաստատված ուժերի հավասարակշռությունը խախտելու չարագույժ նպատակներ»։

«Այսօր այդ գնահատականները ճիշտ են, բայց վաղը կարող են վտանգավոր զարգացումներ լինել, որ էապես կանդրադառնան Հայաստանի ճակատագրի վրա», - ուրվագծում է մեկնաբանը: - «Ջավախքում ապակայունացման ամեն մի սադրանք խիստ կբարդացնի հայ-վրացական հարաբերությունները։ Իսկ վրաց-աբխազական հակամարտության նոր թեժացման պարագայում կվտանգվի մեզ աշխարհի հետ միացնող եւ Վրաստանով անցնող միակ երկաթուղին։ Անդրկովկասում ամերիկյան ազդեցության կտրուկ մեծացումը անվերապահորեն կհանգեցնի տարածաշրջանում նրա դաշնակից Թուրքիայի դերի ուժեղացմանը։ Իսկ որ թուրքերը դա կօգտագործեն հօգուտ Ադրբեջանի շահերի՝ տարակուսելի չէ»։ Եվ նման պայմաններում «Հայաստանը հարկադրված կլինի իր պետական ու ազգային շահերի որոշակի զոհաբերումների գնով արագորեն հաշտվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ»:

«Ողջունում եմ՝ լավ օրինագիծ է»,- այսպես է գնահատել ՀՀՇ վարչության նախագահ, նախկին արտգործնախարար եւ Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը «1915-1922 թթ. Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանման իրավական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը։

«Առավոտի» դիտարկմանը, թե հեղինակները դրա անհրաժեշտությունը հիմնավորել են եւ' Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի վերականգնման հնարավորությամբ, եւ' նրանով, որ ՀՀՇ-ական վարչակազմն իբր փորձել է Ցեղասպանության հարցը վանել հայ ժողովրդի ազգային գիտակցությունից, Ալեքսանդր Արզումանյանը արձագանքել է. «Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմել այն կառավարությանը, որն ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ երբեւէ չի հայտարարել, թե Թուրքիայից հողային պահանջներ չունի։ Ես վստահ եմ, որ այս օրինագիծը հայ-թուրքական երկխոսության շարունակմանը նոր լիցք է հաղորդելու»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG