Մատչելիության հղումներ




Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Ալի Շամխանին եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր Երեւանում ստորագրեցին պաշտպանության եւ անվտանգության բնագավառում համագործակցության մասին հուշագիր:

«Ստորագրված հուշագիրը սկիզբն է ռազմական ոլորտում համագործակցության» - ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ բազմաբնույթ այդ համագործակցությունն ընդգրկելու է փորձի փոխանակությունից մինչեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը: - «Մենք հարեւաններ ենք, մենք բարեկամներ ենք: Մենք պարտավոր ենք եւ պիտի համագործակցենք»:

Անդրադառնալով Վրաստանում՝ Պանկիսի կիրճում ամերիկյան զորքերի տեղակայման հարցին, Ալի Շամխանին ասաց, որ Իրանը գտնում է, որ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանում պետք է լինի կայունություն, խաղաղություն եւ տնտեսական զարգացման համար հենք:

Պատասխանելով հարցին, թե Իրանը մտավախություն չունի՞ արդյոք, որ Միացյալ Նահանգները կարող է հարձակվել Իրանի վրա, Շամխանին ասաց. «Բացառում եմ, որ Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա եւ չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները Իրանը, Իրաքը եւ Աֆղանստանը մի շարքի վրա է դիտում: Իրանը մեծ պետություն է, ունի միջազգային հատուկ դիրք եւ բացառիկ աշխարհագրական դիրք, կուռ կազմակերպված ժողովուրդ: Բնականաբար՝ ունի հակազդելու մեծ կարողություն»:

Ինչ վերաբերում է Իրաքի վրա հարձակվելու վերաբերյալ ԱՄՆ-ի կատարած հայտարարություններին, ծովակալ Ալի Շամխանին պատասխանեց. «Մենք դեմ ենք Իրաքի դեմ հարձակմանը եւ Իրաքի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարեւոր հարց է: Պատերազմը լավագույն ելքը չէ երկրների միջեւ խնդիրներ լուծելու համար: Մենք տարածաշրջանում լուրջ վնասներ ենք կրել պատերազմի հետեւանքով, եւ մեր ժողովուրդները պատերազմների հետեւանքով ետ ենք ընկել զարգացումների գործընթացներից»:

Ալի Շամխանին հերքեց ադրբեջանական մամուլի լուրերը, թե Իրանի Ատրպատականում անջատական տրամադրությունների կան, նշելով, որ դա «սոսկ ցանկություն է»: Իրականում Իրանը Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունի:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը համատեղ ասուլիսի ժամանակ հրաժարվեց պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ պատճառաբանելով, թե ռադիոկայանը ամերիկյան է:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG