Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը աջակցելու է Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը





Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժայմե Գաման տարածաշրջանային այցի երեւանյան փուլի ավարտին երեքշաբթի օրը պատրաստակամություն հայտնեց ամենայն օգնություն ցուցաբերել, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների միջնորդությամբ ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ավարտին հասնի դրական արդյունքով:

Լրացնելով Ժայմե Գամային, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց. «Լեռնային Ղարաբաղը միշտ էլ ներգրավված է գործընթացում: Դրա վառ ապացույցն է այն, որ ԵԱՀԿ ղեկավարության եւ Մինսկի խմբի այցելությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ կոնտակտը պահպանվում է»:

Ղարաբաղյան խաղաղ կարգավորման խնդիրը առանցքային էր ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ բանակցություններում: Ժայմե Գաման Երեւանում հանդիպում է ունեցել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

«Քննարկել ենք նրանց (համանախագահների) այցելության արդյունքում հնարավոր զարգացումները», - առանց մանրամասնելու ասաց Վարդան Օսկանյանը, ավելացնելով, որ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան սպասվում է «մոտ օրերս»:

Սակայն ո'չ ԵԱՀԿ գործող նախագահը եւ ո'չ էլ Հայաստանի արտգործնախարարը մանրամասներ չհաղորդեցին համանախագահների նոր առաջարկությունների վերաբերյալ:

«Վրաստանն ինքնիշխան երկիր է եւ մենք ողջունում ենք սեփական անվտանգությունն ամրապնդելուն ուղղված նրա ջանքերը», - անդրադառնալով Պանկիսի կիրճում ամերիկյան զինվորական ներկայությանը, ասաց Ժայմե Գաման, միաժամանակ ողջունելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը վրացական իշխանությունների գործողություններին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG