Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վազգեն Սարգսյանի տարեդարձին անդրադառնալով, «Առավոտ» թերթը նախ ընդգծում է, որ այդպես էլ պատրաստ չէ նրա անվան ռազմական ակադեմիայի շենքի մոտ նախատեսված կիսանդրին, «մինչդեռ իշխանության ու բանակի վերնախավում քանի «տրեստի կառավարիչ» է այս ընթացում շքեղ ապարանքներ կառուցել»:

«Նրա կենդանի ներկայությունը մեզ միմյանց եւ աշխարհի հանդեպ պահելու էր բոլորովին այլ կեցվածքով: Նրա բացակայությունը բեկում է մեր խոսքը, եւ մեր քայլը հաստատուն չէ», - երկու տարի առաջ այս օրն ասում էր Հրանտ Մաթեւոսյանը, եւ «Առավոտ»-ը ի մի է բերել, որ Վազգեն Սարգսյանի բացակայությունը ավելի ու ավելի բացասական ակոսներ է առաջ բերում:

«Նրա՝ ուժեղ բանակ ունենալու երազանքն իրականացել էր: Հերթը, ինչպես ինքն էր ասում, զարգացած տնտեսություն եւ տարածաշրջանում ուրույն դեր ու կշիռ ունեցող հայրենիք կառուցելն էր, որին ձեռնամուխ էր եղել արդեն 99-ի հունիսից: Ուժեղ, ընդունելի, հասարակության հավատն ու վստահությունը վայելող վարչապետին՝ մե՛կ անգլիական թագուհի, մե՛կ դիտորդ, մե՛կ մարդասպանների հովանավոր իշխանությունների օրոք, պատասխանն, անշուշտ, «Հոկտեմբերի 27»-ն էր լինելու», - ուղղակիորեն կապում է «Առավոտ»-ի մեկնաբանը:

«Հուսանք, որ հանրությունը քամուն չի տա Վազգեն Սարգսյանի արժեքավոր ժառանգությունը եւ տեր կկանգնի դրան», - նշում է «Իրավունք» թերթը, միաժամանակ շնորհավորելով նաեւ Սամվել Բաբայանին, որի ծննդյան օրը եւս մարտի 5-ն է:

«Հայ ժողովուրդը հիշում եւ սիրում է քեզ, գնահատում է քո անուրանալի ծառայությունը հայրենիքի առջեւ ու, համոզված եղիր, մի օր անպայման օրինականորեն պատժելու է բոլոր ազգադավներին եւ հանցագործներին», - գրում է «Իրավունք»-ը:

«Վազգեն Սարգսյանը, ցավոք, մեզ հետ չէ, իրերն իրենց անուններով կոչելու հնարավորություն չունի եւ ստախոսներին չի կարող ասել. «Ատում եք», - իր հերթին գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Իր անունից մտավարժանքներ անող պրոֆեսիոնալ շահարկողներին չի կարող ասել՝ «Հույսներդ կտրեք», մի կողմ քաշվեք, եւ եթե չեք ուզում օգնել, գոնե մի' խանգարեք: Անվստահություն սերմանելով՝ երկիրը չեն կառուցում, քանդում են»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում էլ շեշտված է. «Գուցե այսօր առիթ է կրկին Սպարապետի լավատեսության, հանդուրժողականության եւ բարության դաշտով մեր լարված ու անհանգիստ իրականությունը լիցքաթափելու, ականջալուր լինելու այսօր ավելի քան երբեւէ, արդիական նրա մտահոգություններին... Առօրեական մանր խնդիրները, անձնական մեծ հավակնությունները հաճախ այն աստիճան են զբացեղնում մեր միտքը, որ մոռանում ենք շուրջբոլորը նայել: Աշխարհի մեր փոքրիկ անկյունում մենք մեր փոքրիկ խնդիրներն ենք լուծում՝ անտեսելով արտաքին ազդեցություններն ու վտանգները»:

«Հասկանալի է, որ ամերիկյան դեսանտի հայտնությունը Վրաստանում եւ, հետեւաբար, ռուս-ամերիկյան հարաբերությունների բարդացումը պետք է անհանգստացնի Հայաստանին», - մեր շուրջ ծավալվող ընթացքներին է անդրադարձել «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Նախ՝ այս կերպ մենք հայտնվում ենք շահերի բախման անմիջական հարեւանությամբ, երկրորդ՝ Ջավախքում գտնվող ռուսական ռազմական հենակետը կարող է հավելյալ լարվածության աղբյուր դառնալ»:

«Առավոտ»-ի արձանագրմամբ, «Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մանավանդ Հայաստանի համար, որը ստիպված կլինի երկար ժամանակով մոռանալ կոմպլեմենտար քաղաքականությունն ու ապացուցել Ռուսաստանին տված իր երդումը՝ անխախտ ու հավերժական բարեկամության մասին։ Իսկ դա մեզ այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ Ռուսաստանը մրցակցության մեջ է մտնում ոչ թե Վրաստանի, այլ Ամերիկայի հետ»։

«Մեծ քաղաքանության մեջ ամեն ինչ շուտով կխառնվի, քանզի սկսվել է աշխարհի նոր վերաբաժանումը», - գրում է «Գոլոս Արմենիի» թերթի տեսաբանը: - «Հզորության գագաթնակետին գտնվող Միացյալ Նահանգները ձգտում է անվիճելի առաջնության եւ պահը բոլոր առումներով՝ քաղաքական, ռազմական ֆինանսատնտեսական ու անգամ բարոյական, նրա համար բարենպաստ է: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չի կարող լինել: ԱՄՆ-ը բախվելու է արտաքին մեծ դիմակայությունների, ներքին լուրջ խնդիրներ էլ է ունենալու, եւ Հայաստանը իր գործողություններում նախ եւ առաջ պիտի հիմնվի այն գիտակցության վրա, որ ավանդական աշխարհաքաղաքական սխեմաները անչափ կայուն են»:

«Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է, որ Դավիթ Շահնազարյանի «21-րդ դար» կուսակցությունը մտադիր է լուծարվել եւ իր անդամներին հորդորելու է անհատապես անդամագրվել ՀՀՇ-ին: «Անկախ ձեւից, սա երկու կուսակցությունների միավորում է լինելու եւ, իմ կարծիքով, կարող է մեծ խթան հանդիսանալ Շարժման, այսինքն՝ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսություն կուսակցություններին մի կուսակցության մեջ միավորելու գործում», - արձագանքել է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Տեղեկություններ կան, որ աջ ուղղվածության մի շարք կուսակցություններ եւս պատրաստվում են քննարկել ՀՀՇ-ի մեջ մտնելու հարցը:

«Ո՞ւմ դիմել, ո՞ւմ դրոշի տակ անցնել՝ պատգամավոր դառնալու համար». այս հարցը մղձավանջային է դարձել շատերի համար, որովհետեւ, - ուրվագծում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը, - «նախորդ ընտրությունների ժամանակ բավական հեշտ էր», կային հստակ միավորումներ իշխանության հովանու ներքո: Հիմա անորոշությունները շատ են, «իշխանամետ հասկացությունը հավելյալ ճշգրտման կարիք է զգում», կողմնորոշվելը բարդացել է:

Շրջանառության մեջ է դրվել, թե նախագահական ընտրություններում Դաշնակցությունն առաջարկելու է իր թեկնածուին՝ հանձինս Դավիթ Լոքյանի: «Իրավունք»-ի հարցադրմանը ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը պատասխանել է. «Հետաքրքիր լուր է... Նախագահական ընտրություններին դեռեւս մեկ տարի ժամանակ կա եւ դրան գումարած առաջիկա բազում իրադարձություններ, որոնք կարող են կտրուկ փոխել դիրքորոշումներ, վերաբերմունք, ներքաղաքական վիճակ: Այդ պատճառով ես վաղ եմ համարում խոսել նախագահական ընտրությունների թեկնածուների մասին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG