Մատչելիության հղումներ

Սահմանադրական երկու նախագծերի կողմնակիցները համաձայնեցնում են քննարկման հատուկ կարգը


Ազգային Ժողովի այսօրվա նիստում սահմանադրական երկու նախագծերի կողմնակիցները համաձայնության եկան դրանց քննարկման միասնական հատուկ կարգի շուրջ:

Մինչ այդ հատուկ կարգի երկու նախագիծ կար: Խորհրդարանային կառավարում նախատեսող վեցյակի ներկայացրած նախագծի համահեղինակ Շավարշ Քոչարյանի ներկայացրածը եւ ԱԺ սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ներկայացրածը:

Ազգային Ժողովի այսօր նիստում նախագահող փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը հայտարարեց, որ Ազգային Ժողովի պատգամավորների, այսինքն՝ վեցյակի, նախագծի քննարկումից անմիջապես հետո կսկսվի նախագահ Քոչարյանի ներկայացրած նախագծի քննարկումը:

Եվ քանի որ այս հաջորդականությունը վեցյակի նախագծի հեղինակների՝ հատուկ կարգով քննարկման պահանջներից էր, Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ հատուկ կարգի նախագծերը միասնականացնելու եզրեր արդեն կան, սակայն իրենք պնդում են, որ սահմանադրական երկու նախագծերը քննարկվել-֊ավարտվելուց հետո միայն երկուսը հաջորդաբար քվեարկության դրվեն Ազգային Ժողովում:

Տիգրան Թորոսյանն ընդունեց հատուկ կարգի նախագծում հիմնական զեկուցողներին 40֊-ական րոպե տրամադրելու առաջարկը: Այսինքն՝ սահմանադրական յուրաքանչյուր նախագծի հիմնական զեկուցմանը երեք մասով հանդես գալու հնարավորություն կտրվի: Յուրաքանչյուր մասի համար՝ 40-ական րոպե:

Հնարավոր է, որ հատուկ կարգում կետ ընդգրկվի, որով Ազգային Ժողովի ոչ թե ամբողջ եռօրյաները կհատկացվեն սահմանդրական նախագծերի քննարկմանը, այլ որոշակի նիստեր, որպեսզի հնարավորություն լինի այլ հրատապ հարցեր նույնպես քննարկել եռօրյաներում:

Հատուկ կարգի երկու նախագծերի հեղինակները պայմանավորվեցին վաղն առավոտյան միասնական նախագծի տեքստը բերել քվեարկության: Եվ վաղը՝ հատուկ կարգն ընդունելուց հետո, վերջապես կսկսվի սահմանադրական բովանդակային քննարկում:

Առաջինը կքննարկվի խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագիծը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG