Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսությունը հունվարին աճել է 7,7 տոկոսով


Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների միջպետական վիճակագրական կոմիտեն ամփոփել է անդամ երկրների հունվար ամսվա արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի Համախառն ներքին արդյունքը աճել է 7,7 տոկոսով։ Անցյալ տարվա հունվարին մեր տնտեսությունն աճել էր 13,2 տոկոսով, իսկ տարվա արդյունքով տնտեսական աճը կազմել էր 9,6 տոկոս։

Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսության աճը հունվարին ԱՊՀ երկրների համեմատ եղել է ամենաբարձրը: Համեմատաբար բարձր տնտեսական աճ է եղել միայն Տաջիկստանում՝ 7,4 տոկոս։ Մյուս երկրների տնտեսությունները աճել են բավականին դանդաղ. Բելառուսում տնտեսական աճը եղել է 4, Ռուսաստանում՝ 3,3, Ուկրաինայում՝ 3,2, Ադրբեջանում՝ 3 տոկոս, Վրաստանում՝ 2,5 տոկոս։ Իսկ Ղըրղզստանում տնտեսությունը նույնիսկ նվազել է 6,7 տոկոսով։

Արդյունաբերության մեջ հունվարին ամենամեծ աճը գրանցվել է Ղազախստանում՝ 13,2 տոկոս։ Հայաստանի արդյունաբերությունն աճել է 7,1 տոկոսով։ Մոլդովայի արդյունաբերությունն աճել է մոտ 6, Վրաստանինը՝ 5, Բելառուսինը՝ 3, իսկ Ռուսաստանի արդյունաբերությունը՝ ընդամենը 2,2 տոկոսով։ Ղըրղզստանում եւ Ադրբեջանում արդյունաբերության անկում է գրանցվել՝ համապատասխանաբար՝ 21,5 եւ 2 տոկոսով։

Բերված թվերը փաստում են, որ Հայաստանը համեմատաբար բարվոք դիրք ունի ԱՊՀ մյուս երկրների համեմատ. տնտեսական աճը վերստին բարձր է: Մեր տնտեսության գլխավոր խնդիրը, սակայն, ամենեւին էլ աճի տեմպերը չեն, այլ ստեղծված եկամտի անարդարացի բաշխումը:

Այս տեսանկյունից, հատկանշական է համեմատությունը Ռուսաստանի Դաշնության հետ: Վերջերս, մեկնաբանելով տնտեսական աճի քաղաքականությունը, Ռուսաստանի բարեփոխումների եւ տնտեսական զարգացման նախարար Գերման Գրեֆը հայտարարեց, թե իրենց համար տնտեսական աճը ինքնանպատակ չէ: Հնարավոր է, որ տնտեսական աճի տեմպերը ավելի ցածր լինեն ներկայիս մակարդակից, սակայն՝ ցանկալի կառուցվածքային փոփոխություններն ավելի արագ ընթանան։

Մյուս կողմից, ԱՊՀ այն երկրները, որոնց տնտեսությունները անկանոն ու հախուռն բարեփոխումների արդյունքում հայտնվել են բարդ կացության մեջ, արդեն այժմ լուրջ խնդիրներ ունեն արտաքին պարտքի սպասարկման հետ։

Հայաստանի պարագայում նման խնդիր չկա։ Դա, իհարկե, չի նշանակում, թե արտաքին վարկավորման կարիք այլեւս չկա։ Ընդհակառակը՝ արտաքին էժան փողեր պետք են, այլապես ներքին ռեսուրսներով բյուջեի ճեղքվածքը փակելը անհնար կլինի՝ գոնե առաջիկա 3-4 տարիներին։ Ու խնդիրն այն է, որ դոնորների խոստացած գումարները ժամանակին տեղ հասնեն։

Հայաստանում գրանցված բարձր տնտեսական աճը ենթադրում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկը ժամանակին հատկացնեն այս տարվա համար նախատեսված վարկավորումը։

Այդ հարցում,սակայն, պաշտոնյաների շրջանում որոշակի թերահավատություն կա: Մասնավորապես, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ երկու շաբաթ բանակցելուց հետո նման տպավորություն է ստացել:

«Մենք բանակցեցինք, փաստաթուղթը ամբողջությամբ համաձայնեցրինք, սակայն ԱՄՀ-ն խնդրեց առայժմ այդ մասին չասել: Բայց հիմա էլ արդեն բանակցված փաստաթղթի վերաբերյալ նոր առաջարկներ են ուղարկել», - ասաց ֆինանսների նախարարը: - «Մինչեւ ապրիլի 12-ը մենք կունենանք այն փաստաթուղթը, որը կստորագրենք, կամ չենք ունենա այդպիսի փաստաթուղթ»:

Այդուհանդերձ, Վարդան խաչատրյանն ասում է, որ ԱՄՀ-ի պատվիրակությունը դրական է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացումները, դրանք նշել է իր եզրակացություններում, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ստանալ Համաշխարհային բանկի՝ Կառուցվածքային բարեփոխումների (ՍԱՔ-4) վարկի երկրորդ մասաբաժինը:

Հետո հերթը կգա այս եւ հաջորդ տարվա համար նախատեսված ՍԱՔ-5 վարկին, որը ընդհանուր առմամբ 40 միլիոն դոլար է՝ ավելի քիչ, քան նախորդ տարիներին է տրվել:

«Մենք աշխատում ենք աստիճանաբար կրճատել դեֆիցիտը, լրացնել այդ միջոցները ներքին աղբյուրներով», - ասաց Վարդան Խաչատրյանը, հույս հայտնելով, որ կառավարությունը կկարողանա կատարել այդ ծրագիրը: - «Դա է երկրի զարգացման միակ ուղին: Այլ ուղիներ չկան»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG