Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի ընդգծմամբ, Թուրքիային կոչ անելով ճանաչել հայոց ցեղասպանության հարցը եւ առանց նախապայմաններ առաջադրելու վերացնել Հայաստանի շրջափակումը, Եվրախորհուրդը հստակորեն բանաձեւեց ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլեւ ողջ տարածաշրջանի ապագայի վերաբերյալ իր առանցքային մոտեցումները: «Այդ մոտեցումների հստակեցման հիմնական՝ խորքային պատճառը ոչ թե Հայաստանի կամ հայ ժողովրդի հանդեպ առանձնահատուկ սերն ու հարգանքն է, այլ հենց իր՝ Եվրոպայի որպես ուրույն քաղաքակրթական ամբողջության պաշտպանության խնդրի վերածումը անխախտ քաղաքական հավատամքի»:

Մեկնաբանի հայացքով, «նման պայմաններում Հայաստանը եւ կազմակերպված Սփյուռքը կանգնում են եվրոպական ատյաններում ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների վերականգնման միջազգային նոր երաշխիքներ ապահովելու անհրաժեշտության առջեւ, քանզի ցեղասպանությունը... ենթադրում է ոչ միայն ճանաչում ու պաշտոնական զղջում, այլեւ համապատասխան փոխհատուցում»:

«Եվ վերջին հանգամանքը եվրոպական բեմերում պետք է դրսեւորվի նախ եւ առաջ ցեղասպանության ենթարկված արեւմտահայերի ժառանգներին իրենց նախնիների բնակավայրերը վերադառնալու պահանջի տեսքով», - կարծում է մեկնաբանը:

«Առավոտ»-ը այսօր «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթից փոխանցում է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի պնդումը, թե ղարաբաղյան կարգավորման քիուեսթյանի սկզբունքները հայտնի են. «Հետեւյալ մոտեցումն է առկա. ազատագրված տարածքները վերադարձվում են, Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում, բայց ունի հատուկ կարգավիճակ, Շուշին եւ շրջակա 5 գյուղերը տրվում են Ադրբեջանին: Այստեղ մնում է Հայաստանի հետ կապի հարցը, որն առնչվում էր Մեղրիի կարգավիճակի հետ: Հիմա հարթությունը փոխվել է, երբ Մեղրիի տարբերակն օրակարգում էր, տեսան, որ Հայաստանի հանրությունը դա չի ընդունում, սկսեցին նոր ձեւ փնտրել: Սկսեցին կոչել «կոմունիկացիա», բայց իրականում ոչինչ չի փոխվում: Իսկ կապը կախված է նրանից, թե ինչ կարգավիճակով մենք կտրամադրենք Մեղրին: Կզիջե՞նք Մեղրին, կստանանք Լաչինը: Կտրամադրե՞նք Մեղրին միջազգային ուժերի հսկողությամբ, կստանանք Լաչինի միջանցքը նույն կարգավիճակով»:

«Մեզ կանգնեցնում են այնպիսի մի դրության առջեւ, որը կամ կհանգեցնի Ղարաբաղի կորստին, կամ կմղի Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարբերակին», - ամփոփել է Վաղարշակ Հարությունյանը:

«Արտաշես Գեղամյանը խոստացել է, որ փետրվարի 25-ին հանրությանը կներկայացնի իր ծրագիրը, եւ այն քաղաքական ուժերը, որոնք կընդունեն ծրագրի հիմնադրույթները, կարող են դաշինք կազմել «Ազգային միաբանության» հետ»: Սակայն Գեղամյանը մտադիր է որոշ ժամանակով հետաձգել իր ծրագրի հրապարակումը, եւ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում դա պատճառաբանում է նրանով, որ նախագահի կողմից ծուղակ է տեսնում. «Ծրագրի հրապարակումից հետո Քոչարյանը կարող է հայտարարել, որ կոմպրոմիսի է գնում ընդդիմության հետ եւ պատրաստ է Արտաշես Գեղամյանին նշանակել վարչապետ, որպեսզի նա իրագործի իր հակաճգնաժամային ծրագիրը»: Բայց՝ «Իրական իշխանությունը մնալու է նախագահի ձեռքում, որը նման պայմաններում ոչ միայն չի աջակցելու վարչապետին, այլ ամեն կերպ խոչընդոտելու է նրա կողմից իրականացվող ծրագրերը կյանքի կոչելուն: Մի քանի ամիս հետո նախագահը կարող է ասել, թե՝ այո, Արտաշես Գեղամյանը շատ լավ խոսում էր, կարծես թե շատ լավ ծրագրեր ուներ, սակայն բոլորդ տեսաք, որ դրանք միայն սիրուն խոսքեր էին»:

«Նման հեռանկարից խուսափելու համար պարոն Գեղամյանը մտադիր է իր ծրագիրը ներկայացնել մի այնպիսի ժամանակ, երբ ընտրությունների մոտ լինելու պատճառով իշխանությունները չեն կարողանա գործի դնել այդ հնարքը»:

«Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Արդշինբանկի» հետ տեղի ունեցածով բանկային համակարգի ճգնաժամային դրսեւորումները ավարտված չեն: Այսպիսին է բանկիրներից շատերի կարծիքը», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Նրանց գնահատմամբ, բացառված չէ, որ շուտով մենք եւս մի խոշոր ու ճանաչված բանկի շուրջ ծավալվող բուռն իրադարձությունների ականատեսը դառնանք: Բացի սրանից, զգալի վերադասավորումներ են սպասվում, այսպես կոչված, գաճաճ բանկերի «հարթակում»:

«Ընդհանրապես, բանկիրներն արդեն գտել են բանկային համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը», - նշվում է թերթում: - «Խնդիրներ են ծագում մեծ մասամբ այն բանկերում, որոնց բաժնետերերը լայն հասարակությանը հայտնի չեն, իրենց բանկը ծառայեցնում են զուտ իրենց սեփական եւ ոչ այնքան հուսալի բիզնեսը վարկավորելուն, կամ նրանք, ովքեր վերջին շրջանում, թեկուզ կարճ ժամանակով, ֆինանսավորել են իշխանավորների հսկողության տակ գտնվող մոնոպոլ բիզնեսները կամ քարոզչական որոշակի ավանտյուրաներ»:

Այս նույն թեմայի շրջանակում ուշագրավ են էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի գնահատականները «Հայոց Աշխարհ» թերթում: «Արդշինբանկը ամենահուսալի բանկերից մեկն է Հայաստանում, - ասում է նա: - «Ավելին, ըստ իս՝ ամենակայացածն է... Կայուն վիճակում է, կարողանում է ճիշտ կառավարել իր ֆինանսական հոսքերը: Էներգետիկ համակարգը շարունակում է աշխատել եւ շարունակելու է աշխատել «Արդշինբանկ»-ի հետ, որը մեր ֆինանսական օպերատորն է եւ մեր հուսալի գործընկերը»:

«Պաշտոնական վարկ», «Ազնիվ անուն» եւ մյուս նման հասկացությունները ավելի ու ավելի արխաիկ են դառնում», - ընդգծվում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթում: - «Մեր բարձրաստիճան պաշտոնյաները համառորեն լռում են, թե որտեղից է իրենց հսկայան ունեցվածքը: Լավագույն դեպքում՝ կատակի են տալիս: Լռում է եւ դատախազությունը: Այսօր Հայաստանում ինչ ասես կարելի է խոսել նախկին ու ներկա պաշտոնյաների ու գործիչների մասին, եւ որեւէ արձագանք չի լինի», - ամենաթողությունն է շրջանակում «Գոլոս Արմենիի»-ին:

Իսկ մամուլը, ինչպես «Ազգ» թերթն է որակում՝ միասնական ու հետեւողական շարունակում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուղղված բողոքի ակցիային։ «Ազգ», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայկական ժամանակ», «Իրավունք» թերթերը իրենց առաջին էջերում զետեղում են «Ո՛չ գրաքննությանը։ Հանե՛լ շրջանառությունից «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը» տպագիր պաստառը, որի վրա պատկերված է շղթայված գրիչ։

Այսօր դա նաեւ «Հայաստանի Հանրապետություն» թերթում է: Վերջինս, սակայն, միաժամանակ նշում է. «Օրենքի նախագծի՝ առայժմ առկախված վիճակի հիման վրա եզրակացություններ անելուց ավելի գերադասելի կլինի սպասել փորձագիտական վերջնական արդյունքներին, ըստ այդմ կանոնակարգելով գործողությունները»:

Արդեն մարտի 4-ին Հայաստանի լրատվամիջոցների ղեկավարները հանդիպում են ունենալու Եվրախորհրդի փորձագետների հետ, որոնց ժամանումը Երեւան սպասվում է նույն օրը։

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG