Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, «ի տարբերություն 2001-ի «աշնանային քննաշրջանի», ընդդիմությունը որոշ չափով ավելի համախմբված ու պատրաստ է դիմավորելու 2002-ի գարունը: Դա վերաբերում է ոչ այնքան ընդդիմության կողմից քաղաքական ասպարեզ նետվելիք ծրագրերին, գաղափարներին ու կարգախոսներին, որքան որպես մեկ ամբողջություն հանդես գալու միջոցով սեփական ուժը ցույց տալու համար անհրաժեշտ կազմակերպվածությանն ու վճռականությանը»:

«Քաղաքական գարնան ընթացքում ընդդիմությունը կփորձի օգտագործել ոչ միայն սոցիալ-տնտեսական բնույթի դժվարություններն ու չլուծված հիմնահարցերը, այլեւ քաղաքական մեծ հնչեղություն ունեցող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ծավալվող բանակցային գործընթացում սպասվող սրացումները, Սահմանադրության բարեփոխման խնդրի քաղաքականացումն ու մանավանդ՝ մահապատժի վերացման խնդիրը՝ այն կապելով «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության հետ», - շարադրում է մեկնաբանը, ավելացնելով, թե այս հարցերից եւ ոչ մեկը չի կարող Հայաստանում առաջ բերել քաղաքական լուրջ գործընթացներ, քանի որ ժողովրդի հիմնական ուշադրության կիզակետում չէ: Հետեւաբար, այս գարունը եւս ընդդիմության սպասելիքները չի արդարացնելու:

«Կասկածելի նպատակներով շրջանառության մեջ են դրվում Արցախի հիմնահարցն ու արտագաղթը, պատերազմը վերսկսելու կեղծ տագնապն ու աղքատության չափերի անենթադրելի ծավալները», - ներկա ընթացքն է բնորոշում «Ժամանակ»-ի խմբագրականը, հատկապես առանձնացնելով. «Բավական է արհեստականորեն զարգացնել պատերազմը վերսկսելու հիստերիան... Պետք է դիվանագիտական ճանապարհներով երկարաձգել խաղաղությունը, որպեսզի իրենց հայրերի արժանավոր փոխարինողներ մեծանան»:

Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Երկիր»-ի հարցազրույցում նշում է. «Առաջին հերթին իշխանությունը ժողովրդի ամբողջական վստահության կարիքն ունի: Չի կարող որեւէ իշխանություն իր շուրջը համախմբված տեսնել ժողովրդին, եթե նրա նկատմամբ ինքն անարդարությունների, ճնշումների պատճառ է դարձել, երբ ինքը չի պաշտպանում հասարակության իրավունքները: Ժողովուրդը անհանդուրժող է այն բոլոր ներքին փոխհարաբերությունների հանդեպ, որոնք մեր մեջ ստեղծում են արտոնյալների ու ոչ արտոնյալների կարգավիճակ: Մանավարդ երբ այդպիսիք իրենց արտոնյալությունը ցուցադրում են հրապարակային կերպով: Այս ամբողջը ժողովրդի մեջ ընդվզում է ստեղծում»:

Հրանտ Մարգարյանի գնահատականով, «այսօրվա մեր քաղաքական կյանքն իրեն դրսեւորում է գռեհկությամբ ու անհանդուրժողականությամբ», մինչդեռ, ըստ նրա, «փոխադարձ անհանդուրժողականության համապատասխան պատճառներ եւ հիմքեր չկան»: Եվ ժամանակն է սթափվենք ու պայքարը փոխադրենք գաղափարական, քաղաքական հարթության վրա, ներկայացնենք ծրագրեր:

«Այս փոխադարձ անհանդուրժողականությունից , վերջին հաշվով, մեր ժողովուրդն ու երկիրը չեն շահելու: Սրանից արտաքին միջամտությունների կարողականությունը շատ-շատ է մեծանալու»,- ընդգծել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը:

«Չզարմանաք, եթե վաղը-մյուս օրը լսեք, թե Աֆրիկայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում կամ աշխարհի այլ հեռավոր անկյունում այդ երկրի քաղաքացիները ստեղծել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության կոմիտե», - Մոսկվայում նմանօրինակ մի երիտասարդական խմբի հռչակմանն է արդրադառնում «Առավոտ»-ը: - «Սույն մոսկովյան խումբը մտադիր է զբաղվել ռուսաստանյան տնտեսական եւ քաղաքական շրջանակներում Քոչարյանի լոբբինգով»:

Բայց ինչո՞ւ է Քոչարյանը այսքան անտարբեր «հայրենական ընտրողների» կարծիքի հանդեպ, - համադրում է «Առավոտ»-ը - Թե՞ նա մնացել է այն համոզմունքին, որ Հայաստանի նախագահին Մոսկվայից են նշանակում:

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների՝ վարկերի տրամադրումը ձգձգելու շարունակվող մարտավարությունը «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանին մղել է հետեւյալ ընդհանրացմանը. «Միջազգային կազմակերպությունների զեկույցները, նրանց կազմած փաստաթղթերը էական պատկերացում են տալիս մեր երկրի իշխանությունների նկատմամբ Արեւմուտքի ունեցած վերաբերմունքի մասին: Ահա այս տրամաբանությամբ կարող ենք ասել, որ վերջին տարիներին Արեւմուտքը սկսել է բացասաբար վերաբերել մեր իշխանություններին: Մերոնց, սակայն, առայժմ հաջողվում է նրանց համոզել՝ այդ վերաբերմունքը չվերածել կոնկրետ գործողությունների»:

Վրաստանում ծավալվող անցուդարձի ֆոնի վրա մամուլում՝ մասնավորապես, «Առավոտ»-ում մատուցվում է, թե «գերտերությունները սկսել են լրջորեն զբաղվել մեր տարածաշրջանով, ասել է թե՝ նաեւ Հայաստանով»: Եվ այս առումով դիտարկումներ կան, թե Արեւմուտքը շտապեցնում է Հայաստանին՝ լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

«Իրավունք» թերթը «Ռոբերտ Քոչարյանի ծանր գարունը» վերնագրի տակ իշխանության սպասվող փորձությունների շարքում առանձնացնում է. «Եթե հաշվի առնենք, որ շատ իրական է Վրաստանում մոտ օրերս ամերիկյան զորքի հայտնության հեռանկարը, ապա չպետք է բացառել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի վրա կլինեն կարծր արտաքին ճնշումներ, եւ բավականին դժվար կլինի հարցի լուծումը հետաձգել մինչեւ 2003-ի ընտրությունները»:

Մյուս կողմից, քաղաքաբան Իգոր Մուրադյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում հավաստիացնում է. «Խոշորագույն նավթային ընկերությունները, խոշոր երկրների կառավարություններում եւ ռազմական գերատեսչություններում ինտեգրված վերլուծաբանները միանշանակ հանգել են այն ճիշտ եզրակացությանը, որ Ղարաբաղյան խնդիրը չի հադիսանում իրենց կոմերցիոն-կոմունիկացիոն-նավթային ծրագրերի իրականացման խոչընդոտ: Այս իսկ պատճառով Ղարաբաղի հարցը կորցրել է իր հետաքրքրությունը եւ' Ռուսաստանի, եւ' Արեւմուտքի, մասամբ նաեւ Իրանի համար»:

«Ստացել ենք իրական հնարավորություն շարունակել Ղարաբաղում կառուցել եւս մի անկախ հայկական հանրապետություն: Ըստ էության, բոլորը հրաժարվում են այդ հարցին անդրադառնալուց, այդ խնդրով զբաղվելուց», - ասում է Իգոր Մուրադյանը: - «Պատահական չէ, որ ԱՄՆ պետդեպարտամենտում Հայաստանում եւ Ղարաբաղով այլեւս չեն զբաղվում նախկին պրոֆեսիոնալները, իսկապես շատ լուրջ մասնագետներ, որոնք զբաղվում էին մինչեւ Քի Ուեսթը: Հիմա հայկական մասով զբաղված են խաղաղասեր, հանգիստ մարդիկ՝ առանց մեծ հավակնությունների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG