Մատչելիության հղումներ

Ամերիկյան զինվորական պատվիրակությունը ժամանել է Հայաստան



Էլմեր Գայ Ուայթը (աջից) Թբիլիսիում


Տարածաշրջանային այցի շրջանակներում հինգշաբթի օրը Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների զինված ուժերի պատվիրակությունը՝ Հայաստանին հատկացվելիք ռազմական օգնության մանրամասները քննարկելու նպատակով:

Պատվիրակությունը, որը գլխավորում է Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամատարության եվրասիական բաժնի պետ Էլմեր Գայ Ուայթը, Հայաստան է ժամանել Վրաստանից: Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման հարցերի շրջանակներում, զինվորական 5 մասնագետներից բաղկացած այս պատվիրակությունը քննարկում է նաեւ Հայաստանում ականազերծման կենտրոնի ստեղծման, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող 4 միլիոն 300 հազար դոլարի օգտագործման հարցերը:

Պենտագոնի պատվիրակությունը Հայաստանից մեկնելու է վաղն առավոտյան, ինչը նշանակում է, որ նրանք չեն հանդիպի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, որի վերադարձը Սանկտ Պետերբուրգից սպասվում է նույնպես վաղը:

Վրաստանի տարածքում հակաահաբեկչական գործողություններին ամերիկացիների հնարավոր մասնակցության մասին արդեն բազմաթիվ մեկնաբանություններ կան:

«Մենք ուշի-ուշով հետեւում ենք այսօրվա իրադարձություններին, որ տեղի են ունենում Վրաստանում: Դեռ այս պահի դրությամբ բավարար ճշգրտված տեղեկատվություն չունենք, ցավոք, հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այս պահին կարող եմ միայն հույս հայտնել, որ նման ներկայությունը եւ այդ զարգացումները լրացուցիչ խնդիրներ եւ լարվածություն չեն առաջացնի մեր տարածաշրջանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործանախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը:

«Վրաստանի անկանխատեսելիությունը ներքին եւ արտաքին հարցերում մեզ համար լուրջ մտահոգության առիթ է տալիս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց, սակայն, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը: - «Իհարկե, Վրաստանը ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի որոշելու, թե ում զորքերը, ինչքան ժամանակով եւ ինչ նպատակներով է հրավիրում իր տարածք, բայց եթե խոսքը չեչեն գրոհայինների մասին է, ապա ակնհայտ է, որ դա ավելի շուտ ռուսների գործն է»:

Ամերիկացիների մուտքը Վրաստան Վահան Հովհաննիսյանը ավելի շատ մտահոգիչ է համարում մեր հարեւանների՝ Ռուսաստանի եւ Իրանի համար:

Երեկվանից շատ մեկնաբանությունն են հնչում, թե այս հարցերը Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնեցրել են: Վահան Հովհաննիսյանը այս կարգի մեկնաբանությունների հետ համաձայն չէ, իսկ եթե, այնուամենայիվ, Մոսկվան ու Վաշինգտոնն են որոշել, թե Վրաստանում ով ինչ պետք է անի, ապա դա, ըստ նրա, նշանակում է, որ «Վրաստանը որպես պետություն դադարել է գոյություն ունենալուց»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG