Մատչելիության հղումներ




Չորեքշաբթի օրը ավարտվեց Հայաստանի նախագահի աշխատանքային-պաշտոնական այցը Ավստրիա: Վիեննայում Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը համոզմունք հայտնեց, որ առաջիկա մի քանի տարիներին Հայաստանում հնարավոր է ապահովել կայուն աճ:

Ավստրիա աշխատանքային-պաշտոնական այցի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը այսօր առանձնազրույց է ունեցել Ավստրիայի դաշնային նախագահ Թովմաս Քլեսթիլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել Հայավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Այցի ընթացքում ստորագրվել է երկու միջկառավարական համաձայնագիր. Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ եւ երկու երկրների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին:

Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Ավստրիայի դաշնային վարչապետ Վոլֆգանգ Շյուսսելի, Ազգային Խորհրդի նախագահ Հայնց Ֆիշերի, Տնտեսական պալատի նախագահ Ք. Լայթլիի հետ:

Այսօր ավելի վաղ Հայաստանի նախագահը Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի, ֆրասիացի ու ռուսաստանցի եռանախագահները խուսափեցին որեւէ մանրամասն հրապարակել հակամարտության կողմերին ներկայացվելիք նոր գաղափարների մասին, ասելով, որ բանակցությունները գաղտնի են եւ իրենք խոստացել են նախագահներ Քոչարյանին եւ Ալիեւին չհրապարակել մանրամասները:

Ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինան «Ազատություն» ռադիոկայանին սոսկ ասաց, որ դա «շատ լավ հանդիպում էր», իսկ ֆրանսիացի Ֆիլիպ Դը Սյուրմենը շեշտեց, որ կարեւորն այն է, որ երկու երկրների նախագահները աջակցում են եռանախագահների ջանքերին:

«Մենք շատ ակտիվ կերպով աշխատում ենք եւ փորձում ենք գտնել հակամարտության լուծումը եւ մենք հուսով ենք, որ հնարավորին չափ շուտ կգտնենք այն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուդոլֆ Փերինան:

Իսկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղի ունեցած հանդիպումը բնութագրեց որպես մի նախապատրաստական փուլ՝ եռանախագահների առաջիկա տարածաշրջանային այցից առաջ:

Երեկ նախագահ Քոչարյանը հանդիպել էր ավստիահայ փոքրաթիվ, բայց լավ կազմակերպված համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը նախ պատմեց իր այցի նպատակների մասին, կարեւորելով այն Հայաստանի՝ եվրոպական կողմորոշման քաղաքականության տեսակետից:

Անդրադառնալով հայաստանյան իրողություններին, Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ 2001 թվականը ուշագրավ էր տնտեսական զարգացման առումով. արձանագրվեց ավելի քան 9 տոկոս աճ:

«Նման տնտեսական աճ ունենալու դեպքում եւս մի երկու-երեք տարի, կարծում եմ, մենք ի վիճակի կլինենք էապես բարելավել Հայաստանում ժողովրդի սոցիալական վիճակը», - ասաց նախագահը, ավելացնելով, որ դա, ի թիվս այլ խնդիրների, կլուծի նաեւ արտագաղթի խնդիրը, որը «ցավոք, գոյություն ունի, բայց, որը այդ ծավալի չէ, որ փորձում են շատ դեպքում ներկայացնել»:

«Իհարկե, մենք ակնկալում ենք նաեւ Սփյուռքի աջակցությունը», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Եվ ներդրումային քաղաքականության բնագավառում, եւ քաղաքական ոլորտում: Ակնկալում ենք Սփյուռքի աջակցությունը նաեւ բարոյական ոլորտում»:

«Համոզված եմ, որ Հայաստանում հնարավոր է 2002 թվականին ապահովել նույն թվի շրջանակներում տնտեսական աճ, հնարավոր է ապահովել կայուն ներքաղաքական իրավիճակ, եւ կայուն աճ ապահովել մոտակա 4-5 տարվա համար», - ավստիահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի նախագահը:


Հրայր Թամրազյան, Վիեննա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG