Մատչելիության հղումներ

logo-print

Արժույթի միջազգային հիմնադրամը լռություն է պահպանում հետաձգված վարկի ճակատագրի մասին


Իր հիմնական դոնորներից Հայաստանն այս տարի ակնկալում է ստանալ շուրջ 90 միլիոն դոլարի վարկավորում: Այդ գումարից 39 միլիոն դոլարի ստացումն ակնկալվում է Արժույթի միջազգային հիմնադրամից, մնացածը՝ Համաշխարհային բանկից՝ ինչպես կառուցվածքային բարեփոխումների օժանդակության, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղվող նպատակային վարկերի տեսքով։

Այս տարի 13-ական միլիոն դոլարի երեք մասաբաժնով հատկացումները Արժույթի միջազգային հիմնադրամից Հայաստանի կառավարությունը կստանա, եթե բավարարի հիմնադրամի կոշտ պայմանները: Այդ գումարներով պետք է համալրվեն Կենտրոնական բանկի արտաքին պահուստները։ Դրանց հաշվին է, հիմնականում ապահովվում ազգային դրամի կայուն փոխարժեքը։

Դեռեւս անցյալ տարեվերջին ակնկալվող առաջին մասաբաժնի հատկացումը Արժույթի հիմնադրամը չարեց, պատճառաբանելով հարկերի ոչ բավարար հավաքագրումը, թեեւ, ըստ պաշտոնական տեղեկատվության, հարկային մուտքերի պլանը կառավարությունը կատարել էր:

Հիմնադրամի ղեկավարությունը, այդուհանդերձ, հունվարի երկրորդ կեսին պատվիրակություն ուղարկեց, եւ շուրջ երկու շաբաթ տեւած ստուգումներից, բանակցություններից ու քննարկումներից հետո, թվում էր, թե որոշակի եզրակացության պետք է հանգեր:

Սակայն, արդեն 10 օր է, ինչ պատվիրակությունն ավարտել է ստուգումները, մինչդեռ եզրափակիչ փաստաթուղթ չի ստորագրվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասացին Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչի գրասենյակից, հուշագիրը դեռեւս վերջնական տեսքի չի բերված ու փոխադարձորեն համաձայնեցնելու խնդիրներ կան։

Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության պատասխանատուների եւ Արժույթի միջազգային հիմնադրամի բանակցությունների արդյունքներն ու դրանց գնահատականները անհայտ են մնում հասարակությանը։ Ու հազվադեպ է լինում, որ կողմերը քննարկումներից հետո հրապարակային հայտարարություններ անեն։

Ավելին, անցյալ տարեվերջին, երբ Արժույթի հիմնադրամը չտվեց խոստացած գումարը, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ուղղակի սպառնաց խզել հարաբերությունները միջազգային ֆինանսական կառույցների հետ։

Չի բացառվում, որ նախարարի այդ ելույթից հետո հիմնադրամն է'լ ավելի կոշտացրած լինի դիրքորոշումը: Հավանաբար նաեւ սրանով կարելի է բացատրել վերջին բանակցությունների եզրափակիչ հուշագիր չստորագելը։

Հարկ է նշել, որ դոնոր կառույցները Հայաստանի ստացած վարկերը ետ ստանալու հարցում առանձնակի խնդիրներ չեն տեսնում: Անցյալ շաբաթ Լոնդոնում ԱՊՀ առավել աղքատ յոթնյակի երկրների հետ դոնոր կառույցների հանդիպման ընթացքում շեշտվեց, թե այդ տեսանկյունից Հայաստանի դիրքերը անհամեմատ լավ են, եւ մինչեւ 2010 թվականը, եթե տնտեսության զարգացումը ընթանա այսպես ասած հիմնական սցենարով, ապա արտաքին պարտքի ճնշումը պետական բյուջեի վրա կլինի միանգամայն տանելի:

Այդ սցենարը ենթադրում է տնտեսական աճ ամեն տարի միջին հաշվով 5,5 տոկոս, արտահանման աճ՝ ավելի քան՝ 9 տոկոս, իսկ կառավարության հավաքած հարկերը պակաս չեն լինի երկրի Համախառն ներքին արդյունքի 17,4 տոկոսից։

Մյուս կողմից, փորձագետները չեն բացառում նաեւ տնտեսության «հոռետեսական» սցենարը, երբ տնտեսական աճը չի անցնի 4 տոկոսից, արտահանման աճը՝ 7,5 տոկոսից, իսկ ներդումները կկազմեն Համախառն ներքին արդյունքի 4 տոկոսից ոչ ավելին։ Այդուհանդերձ, այս տարբերակի դեպքում էլ դոնորները նպատակահարմար չեն դիտում Հայաստանի արտաքին պարտքից ինչ-որ մաս զիջելը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG