Մատչելիության հղումներ

logo-print

Կենտրոնական բանկը աջակցում է երկու առեւտրային բանկերի միավորմանը


Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի նիստում այսօր հավանության է արժանացել «Արդշինբանկ» եւ «Ադանա» բանկերի միավորումը:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը միտումը բնորոշեց որպես «բանկի քաղաքականության կարեւորագույն տարրերից մեկը», տեղեկացնելով, որ արդեն բանակցությունների փուլում են երեք այլ առեւտրային բանկեր, որոնք նույնպես միավորվելու մտադրություն ունեն:

«Միավորման դրդապատճառը այն է, որ դրանից հետո նրանց ֆինանսական վիճակը պետք է անհամեմատ լավանա»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

«Արդշինբանկ»-ի եւ «Ադանա»-յի միավորման գործընթացի հաջողությունը ապահովելու համար Կենտրանական բանկը կտրամադրի երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքով 5 մլն 500 հազար դոլարի համակարգային վարկ:

«Արդշինբանկ»-ը հանրապետության համակարգային բանկերից մեկն է, ունի 29 մասնաճյուղ գրեթե բոլոր մարզերում: Այն հիմնականում սպասարկում է խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները: Իսկ «Ադանա»-ն թեեւ փոքր, բայց, Կենտրոնական բանկի նախագահի բնորոշմամբ, «յուրօրինակ ֆինանսական գործառնություններով, բավականին էֆեկտիվ աշխատող» բանկ է:

Մասնաճյուղերով հարուստ է «Արդշինբանկ»-ը, իսկ հեռանկարներով՝ «Ադանա»-ն՝ քանի որ պոտենցիալ ներդրողները, որոնք հիմնականում ռուսաստանաբնակ հայեր են, որոշել են հանդես գալ այս բանկի միջոցով:

Բոլորովին վերջերս պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, «Արդշինբանկ»-ի նախագահ Լեւոն Ֆարմանյանը նկատելիորեն գոհ էր թե իր եւ թե բանկի դիրքերից, եւ ոչինչ չէր ասել միավորման մասին:
Դժվար էր կանխատեսել, թե հարցազրույցը դեռ չհրապարակված նա կարող է կորցնել «Արդշինբանկ»-ի նախագահի պաշտոնը՝ կարճ ժամանակում արդեն երկրորդ անգամ բանկի մասնաճյուղերում լուրջ չարաշահումներ հայտնաբերելու արդյունքում:

Ու թեեւ դրանք հայտնաբերողը հենց բանկի ղեկավարությունն է եղել, Լեւոն Ֆարմանյանը այսօր ընդամենը «Արդշինբանկ»-ի ժամանակավոր ադմինիստրացիայի անդամ է:

Վերջերս «Արդշինբանկ»-ի Սեւանի մասնաճյուղում հայտնաբերվեցին բավականին լուրջ չարաշահումներ: Հարուցված է քրեական գործ, կան ձերբակալվածներ, իսկ մասնաճյուղը լուծարված է:

Իս բանկի երեւանյան մասնաճյուղերից մեկում կառավարիչը տրամադրել էր կեղծ հաշվետվություններ: Այստեղ քրեական գործին ավելանում է նաեւ այն հանգամանքը, որ մասնաճյուղի կառավարչի գտնվելու վայրը իրավապահների եւ բանկի ղեկավարության համար այս պահին անհայտ է: Ըստ որոշ լուրերի, անհայտ է նաեւ մասնաճյուղում եղած ամբողջ կանխիկի եւ գրավադրված թանկարժեք իրերի գտնվելու վայրը:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց դիտարկումը, թե մասնաճյուղի կառավարիչը, փաստորեն, փախուստի մեջ է:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG