Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդարանը քննարկում է Հարավային Կովկասի հետ հարաբերությունները


Այսօր Եվրախորհրդարանը Բրյուսելի իր կենտրոնակայանում քննարկում է շվեդ պատգամավոր Պեր Գարտոնի զեկույցը Եվրամիության եւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ:

Եվրոպացի պատգամավորների դատին ներկայացված այս փաստաթուղթը ներառում է ամենատարբեր դրույթներ՝ սկսած այն աղետալի ազդեցությունից, որ երեք հանրապետությունների քաղաքական կայունության եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա գործում է կոռուպցիան եւ օրենքի ուժի պակասը, մինչեւ տարածաշրջանային հակամարտություններ:

Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, մասնավորապես, առաջարկվում է Հայաստանին եւ Ադրբեջանին հիշեցնել իրենց պարտավորությունները՝ դրա կարգավորմանն ուղղված ջանքերն աշխուժացնելու վերաբերյալ:

Ստեփանակերտի իշխանություններին փաստաթուղթը հորդորում է՝ կառուցողաբար ներգրավվել խաղաղության գործընթացին եւ ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են կանխորոշել խնդրի ապագա լուծումը:

Հայաստանին ուղղված կոչը հետեւյալն է՝ ձեռնպահ մնալ ադրբեջանական տարածքներում այնպիսի միջոցառումներ ձեռնարկելուց, որոնք կարող են մեկնաբանվել որպես այդ տարածքներում հայերի մշտական վերահսկողություն սահմանելու միտում:

Հայերին հետաքրքրողն, իհարկե, նաեւ Թուրքիային ուղղված հորդորն է՝ Եվրոպական ընտանիքի անդամ դառնալու հավակնություններին համապատասխան՝ քայլեր ձեռնարկել Հայաստանի շրջափակումը վերացնելու ուղղությամբ:

Եթե այս փաստաթուղթն ընդունվի նույնությամբ, Եվրախորհրդարանը կվերահաստատի 1987 թվականին ընդունած իր բանաձեւը, որով ճանաչվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ու նաեւ կոչ կանի Թուրքիային հիմք ստեղծել հաշտեցման համար:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի Եվրամիության հետ կապերի եւ տեղեկատվության գրասենյակի տնօրեն Նիկոլա Դավիդյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ նման վերահաստատումը շատ կարեւոր է: 1987 թվականին, երբ ընդունվեց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, Թուրքիայի անդամակցությունը Եվրոպական միությանը մերժվել էր: Սակայն 12 տարի անց՝ 1999 թվականին Եվրամիությունը փոխեց իր դիրքորոշումը եւ ճանաչեց Թուրքիային որպես անդամության հավանական թեկնածու: Եվ ուրեմն, եթե այս փաստաթուղթն ընդունվի, Եվրախորհրդարանը փաստորեն կվերահաստատի ցեղասպանության ճանաչումը բոլորովին նոր պայմաններում:

Զեկույցի քվեարկությունը տեղի է ունենալու վաղը մոտավորապես կեսօրին: Դավիդյանը քիչ հավանական է համարում, որ տեքստը ենթարկվի փոփոխությունների՝ փաստարկելով, որ տեքստն արդեն համաձայնեցվել է արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների, ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության կոմիտեում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG