Մատչելիության հղումներ

«Մենք այսօր իշխանություն ենք», - ասում է «Միասնություն» խմբակցության ղեկավարը


«Մենք ո'չ նախագահամետ ենք, ո'չ էլ իշխանամետ ենք: Մենք այսօր իշխանություն ենք», - լրագրողների հետ այսօր հանդիպման ժամանակ ասաց խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը ասաց նաեւ, թե չպետք է իրենց հարց տրվի՝ ում են պաշտպանելու նախագահական ընտրություններում: «Որովհետեւ մենք ընդգծված նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել ենք այսօրվա նախագահին: Մենք ընդգծված համագործակցում ենք այսօրվա գործող նախագահի հետ», - բառացիորեն այսպես բացատրեց նա, չմոռանալով, այդուհանդերձ, ավելացնել, որ կուսակցության համագումարն է որոշում ընդունողը: Իսկ եթե որոշ ուժեր, նրա խոսքերով, մինչեւ համագումարներն են արդեն հայտարարություններ արել, ապա դա կա'մ անգործությունից է, կա'մ էլ վարկանիշ ապահովելու ցանկությունից:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, Գալուստ Սահակյանը ասաց, որ դրանց գնալու են ոչ թե դաշինքներով, այլ՝ «առանձին կուսակցությունների հետ պայմանավորվածություններով»:

«Բայց դա համագործակցությունների փուլից այն կողմ չի անցնի», - ավելացրեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը, բացառելով ՀՀԿ-ի նախընտրական համագործակցությունը սոցիալիստական թեւի հետ, այս վերջինից էլ բացառելով Դաշնակցությանը, քանի որ Դաշնակցությունը «բացի սոցիալիստական լինելուց, նաեւ ազգային կուսակցություն է»:

Նրա խոսքերով, այսօր էլ որոշակի շրջանակներում հանրապետականները համագործակցում են Դաշնակցության հետ, բայց՝ որքանով դա հնարավոր են համարում քաղաքական տեսակետից: Տնտեսական համակարգերի, գաղափարախոսական տեսակետից հնարավոր չեն համարում: «Մանավանդ հանրապետականները դեմ են որեւէ տիպի հեղափոխություններին», - բացատրեց Գալուստ Սահակյանը:

Ճի՞շտ են, արդյոք, նախորդ շաբաթ հրապարակված տեղեկությունները, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կուսակցությունը նախընտրական նպատակներով տեղերում պաշտոնյաներին ստիպում է անդամագրվել կուսակցությանը կամ նրանց ազատում ու հանրապետականների է նշանակում:

Ըստ Սահակյանի, հենց իրենք են պաշտոնազրկում իրենց կուսակիցներին, ավելացնելով, որ պաշտոնանկվածների փոխարեն նոր հանրապետականների նշանակելն է «ճիշտ ձեւը», սակայն իրենց համար կարեւորն աշխատանքն է:

«Երբեք եւ ոչ մի պարագայում կուսակցական որսի դուրս չենք եկեք», - ասաց ՀՀԿ խորհրդի անդամը:

Գալուստ Սահակյանի խոսքերով, իրենք որեւէ մեկին չեն ստիպում անդամակցել կուսակցությանը, թեեւ «բավականին մեծ հոսք կա դեպի կուսակցություն»: Նրա բերած թվերով, այսօր արդեն իրենք մոտ 11,5 հազար են՝ անցյալ տարվա մինչհամագումարյան 6֊7 հազարի դիմաց:

Ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանի առաջարկած՝ կիսանախագահական համակարգի սահմանադրության բարեփոխումները պաշտպանելուն, Գալուստ Սահակյանն ասում է, թե հայերս «կոլեկտիվ ղեկավարման փուլով անցնող ժողովուրդ չենք կարող լինել»:

«Միշտ էլ թագավորական դինաստիաների պետություն ենք ունեցել», - կարծիք հայտնեց նա: «Միասնության» ղեկավարը խուսափեց հստակ պատասխանել հարցին, թե ինչու՞ էր 1995 թվականին Հանրապետական կուսակցությունը պաշտպանում խորհրդարանական կառավարման սահմանադրական նախագիծը, ասելով. «Կառավարման ձեւը հանրապետականների համար գերխնդիր չէ, հանրապետականներն ավելի շատ անկախական են»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG