Մատչելիության հղումներ

Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանում նվազել են գրանցված հանցագործությունները


Հանրապետության գլխավոր դատախազության կոլեգիայի երեքշաբթի օրը կայացած ընդլայնված նիստում համակարգի պաշտոնյաները հավաստեցին, որ Հայաստանում հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է, այդ թվում՝ դիտավորյալ սպանությունները նվազել են 3,3 տոկոսով, դիտավորյալ սպանության փորձերը՝ 11,1 տոկոսով:

Ըընդհանուր առմամբ, անցյալ տարի Հայաստանում գրանցվել է 11483 հանցագործություն:

Գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանի ներկայացմամբ, Երեւան քաղաքում, «որտեղ գրանցվել է հանրապետությունում գրանցված հանցագործությունների 43,5 տոկոսը», չնայած ընդհանուր հանցագործությունները նվազել են 0,6 տոկոսով, սակայն երեք համայնքներում գրանցվել է աճ՝ Մալաթիա-Սեբաստիա, Մաշտոց եւ Կենտրոնական համայնքում:

Ծանր հանցագործությունները աճել են հատկապես մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում եւ Տավուշի մարզում:

Ըստ Խառատյանի, եթե ծանր հանցագործությունների նվազումը կարելի է բացատրել քննչական աշխատանքների արդյունավետությամբ, ապա նույնը չի կարելի ասել այնպիսի հանցագործությունների բացահայտման մասին, ինչպիսիք են տնտեսական հանցագործություններն եւ թմրամոլության դեպքերը, որոնց բացահայտումները նվազել են:

«Էկոնոմիկայի բնագավառում բացահայտումը նվազել է 9,6 տոկոսով, թմրամոլության բացահայտումը՝ 14,9 տոկոսով: Կաշառակերության բացահայտումն աճել է ընդամենը 1 դեպքով», - ասաց Խառատյանը:

Գերատեսչության պաշտոնյաների վերլուծությունները վկայում են, որ հանրապետությունում դեռեւս տարածված են քաղաքացիների եւ պետական գույքի հափշտակությունների, պետական դիրքի չարաշահումների, հարկային վճարումներից խուսափելու դեպքերը:

Նշվեց, որ դեռեւս այնքան էլ արդյունավետ չէ պայքարը կոռուպցիայի դեմ: Թեեւ համայնքային դատախազի օգնական Սոս Բադալյանը իրենց աշխատավարձների բարձրացման համար շնորհակալություն հայտնելով, ընդգծեց, որ դա կոռուպցիայի դեմ պայքարի գործում կարճ ճանապարհներից մեկն է:

Այդուհանդերձ, գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի վկայությամբ, անցյալ տարի նախաքննության ընթացքում բացահայտված պետությանը պատճառված վնասի 2 մլրդ 86 մլն դրամից վերականգնվել է միայն 588 մլն դրամը, այսինքն՝ նախորդ տարվանից 9 տոկոսով պակաս: Ըստ նրա, այս տարի պետությանը ավելի շատ վնաս է հասցվել, քան վերականգնվել է:

Զինված ուժերի համակարգում էլ նվազել է հանցագործությունների թիվը: Նվազել են անձանց կյանքին, առողջությանն ու արժանապատվությանը վնաս հասցնող դեպքերը:

Այս տարվա ընթացքում 3 զինծառայող դատապարտվել է մահապատժի: Բանակում հատկապես մեծ է ունեցվածքի հափշտակությունների թիվը: Գողության 46, զենք-զինամթերքի հափշտակության 10 դեպք է բացահայտվել:

Գրեթե բոլոր ելույթ ունեցողները անդրադառնում էին նաեւ հանցագործությունների բացահայտմանը խոչընդոտող հանգամանքներին: Համակրագում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Չկան տեսագրող, ձայնագրող, լուսանկարչական պարզունակ սարքավորումներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհիմն դատավճիռներ են կայացվում գործերի տվյալները, օրենսդրությունը ոչ պատշաճ մակարդակով իմանալու պատճառով:

Ըստ Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի, դեռեւս չի հաջողվում վերացնել նախաքննական թերությունները, մեղադրողները շարունակում են դատարան մտնել առանց քրեական գործի նյութերին ծանոթանալու, սխալ որակումներ են տրվում մեղադրանքին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG