Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչը հանդիպել է Հայաստանի ղեկավարներին





ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Լին Պասկոն այսօր Երեւանում հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Պասկոն Հայաստան է ժամանել մասնակցելու հարավկովկասյան պետություններում Միացյալ Նահանգների դեսպանների հանդիպմանը:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, «քննարկվել է հայ-ամերիկայն երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ»:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում, բացի տարածաշրջանային հարցերից, զրուցակիցները անդրադարձել են նաեւ հակաահաբեկչական պայքարի ընթացքին, հատկապես Կենտրոնական Ասիայում եւ Աֆղանստանում ընթացող գործնթացներին: Քննարկվել են նաեւ Միսկի խմբի համանախագահների սպասվող այցին առնչվող հարցեր:

Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը սպասում է մարտին: Միջնորդներն արդեն ասել են, որ ժամանելու են նոր գաղափարներով:

Լին Պասկոն Ղարաբաղյան կարգավորման հարցերով զբաղվող ամերիկացի առաջին դիվանագետներից է: Տարածաշրջանի ամենասուր խնդրին քաջատեղյակ պետդեպարտամենտի ներկայացուցիչը բոլորովին վերջերս ծանոթացել է նաեւ սփյուռքահայ ազդեցիկ կազմակերպությունների ու կուսակցությունների տեսակետներին:

Փետրվարի 21-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը, Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը, ՀՅԴ բյուրոյի քաղաքական դիվանի անդամ Կարո Արմենյանը, Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ Երվանդ Ազատյանը:

Ամերիկյան կողմը հանդիպմանը ներկայացրել են ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Կառլ Ռոովը, Եվրոպական եւ Եվրասիական հարցերով նախագահի հատուկ օգնական Դեն Ֆրիդը, եւ, ինչպես արդեն նշեցինք, պետքարտուղարի Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Լին Պասկոն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին առնչվող կարեւորագույն հարցերը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ-թուրքական հարաբերությունները, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրները, Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնությանը վերաբերող հարցեր:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի երեք երկրներում Միացյալ Նահանգների դեսպանատների ղեկավարների այսօր սկսվող խորհրդակցությանը, ապա նման հանդիպում-խորհրդակցությունները, կարելի է ասել, արդեն ավանդույթ են դարձել: Տարեկան մեկ անգամ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանները տարածաշրջանի հարցերը քննարկելու նպատակով այդպիսի հանդիպումներ են ունենում: Նախորդ երկու տարիներին այդ հանդիպումներն անցել են Բաքվում եւ Թբիլիսիում:

Երեւան են ժամանել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոս Վիլսոնը եւ Վրաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռեմլերը. Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպաններ Ջոն Օրդուեյը եւ Ռոս Վիլսոնը անցյալ տարեվերջին են նշանակվել, եւ սա փաստորեն կլինի նրանց առաջին համատեղ խորհրդակցությունը: Իսկ Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանը փոխվում է: Նոր նշանակում դեռ չկա, այդ պատճառով փոխդեսպանն է եկել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG