Մատչելիության հղումներ

logo-print

Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին անհանգստացնում է Ալիեւի առողջական վիճակը


Ստեփանակերտ («Ֆրանս Պրես» գործակալություն). - Լեռնային Ղարաբաղի նախագահը նախազգուշացրել է, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի վատ առողջությունը կարող է հանգեցնել այդ անկլավի շուրջ պատերազմական գործողությունների վերսկսմանը:

Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է, որ Միացյալ Նահանգներում վիրահատության երթարկված 78-ամյա Ալիեւի հրաժարականի դեպքում Ադրբեջանում կարող է իշխանության գալ ավելի ռազմատենչ վարչախումբ:

«Քանի դեռ նախագահը Ալիեւն է, Ադրբեջանը կայուն է: Ալիեւի բացակայությունը կարող է ապակայունացնել իրավիճակը», - Ստեփանակերտում «Ֆրանս Պրես»-ի թղթակցին ասել է Արկադի Ղուկասյանը:

«Մենք մի քանի անգամ Արդբեջանում նման երեւույթների վկան ենք եղել, երբ այնտեղ գրեթե քաղաքացիական պատերազմ էր, եւ նման ապակայունացումը կարող է սադրել որոշակի ռազմական լուծումների (Ղարաբաղյան հարցի)»:

Ղարաբաղի էնթիկ հայ բնակչությունը պատերազմում էր Ադրբեջանի դեմ այն բանից հետո, երբ 1989 թվականին Ադրբեջանից անկախ հռչակեց իրեն: Հակամարտությունը հազարավոր կյանքեր տարավ եւ մոտ մեկ միլիոն մարդիկ լքեցին իրենց տները:

1994 թվականին Ալիեւի մասնակցությամբ հաստատվել է հրադադար, սակայն ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս սպառնացել են դիմել պատերազմական գործողությունների, եթե դա անհրաժեշտ լինի տարածքները վերադարձնելու համար:

Արկադի Ղուկասյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ուզում կրկին պատերազմել եւ որ, իր կարծիքով, որեւէ ողջամիտ ադրբեջանցի քաղաքական գործիչ չի վերսկսի պատերազմական գործողությունները:

Այդուհանդերձ, նա ավելացրել է. «Հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունեցող տարբեր գործընթացները, մենք հարկադրված էինք ուժեղացնել մեր պաշտպանունակությունը, քանի որ իրավունք չունենք այլ կերպ վարվելու: Ասացվածք կա՝ «Եթե խաղաղություն ես ուզում, պիտի պատրաստ լինես պատերազմի»:

Հստակ չէ, թե ով կարող է լինել Ալիեւի հետնորդը, ինչը շահարկումների տեղիք է տալիս, թե նրա հեռանալուց հետո իշխանության կարող են գալ ավելի ռազմատենչ ուժեր:

Ալիեւը շագանակագեղձի վիրահատության է ենթարկվել փետրվարի 14-ին Քլիվլենդի կլինիկաներից մեկում: Նախկինում նա ենթարկվել էր սրտի վիրահատության, ինչպես նաեւ աչքերի կատարակտի վիրահատության:

Ըստ պաշտոնական հայտարարությունների, Ալիեւը վիրահատությունից հետո ապաքինվում է, ամենօրյա կապի մեջ է Ադրբեջանի պաշտոնյաների հետ եւ շուտով կվերադառնա Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG