Մատչելիության հղումներ

Հարավկովկասյան երեք պետությունների քաղաքագետները ստեղծելու են համատեղ աշխատանքային խումբ


Գերմանական «Մարշալի կենտրոնի» նախաձեռնությամբ Երեւանում այսօր իր աշխատանքը սկսած հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքագետների սեմինարը երկրորդն է ծրագրված երեք սեմինարների շարքից, որի նպատակը, ըստ հայկական կողմի համակարգող «Համագործակցություն եւ ժողովրդավարություն» կազմակերպության ներկայացուցիչ Գագիկ Ավագյանի, «Ճգնաժամերի կառավարումը Հարավային Կովկասում» աշխատանքային խմբի ստեղծումն է:

«Փաստորեն այդ խմբի ստեղծման փուլերն են անցնում», - ասաց Ավագյանը, նշելով, որ առաջին նման հանդիպումը տեղի է ունեցալ Վրաստանում, իսկ երրորդը կազմակերպվելու է Ադրբեջանում: Աշխատանքային խմբում, նրա փոխանցմամբ, Հարավային Կովկասի երեք երկրները ներկայացնող քաղաքագետները աշխատելու են մեկ թիմում:

Սեմինարը բացեց Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: «Արդյո՞ք արդարացված է այսօր օգտագործել Հարավային Կովկաս բառակապակցությունը աշխարհաքաղաքական եւ ոչ աշխարհագրական առումով», - ասաց նա, պարզաբանելով, որ եթե խորհրդային Անդրկովկասի զարգացումը ընդհանուր էր մեկ պետության շրջանակներում, ապա Հարավային Կովկասի երկրները այսօր որդեգրել են զարգացման միմյանցից ընդգծված կերպով տարբերվող միտումներ:

Ընդհանուր համագործակցության միակ հեռանկարը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի համար Ռուբեն Շուգարյանը համարում է հակաահաբեկչական կոալիցիայում կողք-կողքի լինելը, ինչը, նրա արձանագրմամբ, միայն այս երկրների կամքից չէ, որ կախված է:

Ադրբեջանական կողմի մասնակիցների խմբի ղեկավար, Բոննի Խաղաղության եւ կոնֆլիկտոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Իլհամ Նուրիեւի տեսակետը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ըստ էության, պաշտոնական Բաքվի տեսակետն է. տարածաշրջանային համագործակցությունը անհրաժեշտ է, սակայն այն պետք է հետեւի հակամարտությունների կարգավորմանը:

«Եթե արդեն հիմա չօգտագործենք այն իրավիճակը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ, եւ հատկապես՝ սեպտեմբերի 11-ից հետո ձեւավորվող աշխարհաքաղաքական իրավիճակը, ապա տանուլ կտան եւ' Հայաստանը, եւ' Ադրբեջանը», - փոխզիջումների գնալու օգտին փաստարկեց Նուրիեւը, ավելացնելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որոշելու է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ողջ տարածաշրջանի ապագան:

Իսկ Վրաստանի ներկայացուցիչ, Վրաստանի հանրապետական կուսակցության նախագահ, «Զարգացում, համագործակցություն եւ բազմակարծություն» կենտրոնի ղեկավար Իլվիան Խաինդրավան ասաց, թե համագործակցությունը տարածաշրջանում 3 - 1 ֆորմատով, այսինքն՝ առանց Հայաստանի, չի ստացվում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG