Մատչելիության հղումներ

logo-print

Եզիդիները բողոքում են իրենց արոտավայրերից «զրկելու» պատճառով


Մոտ երկու տասնյակ եզիդիներ երկուշաբթի օրը Հայաստանի նախագահի նստավայրի մոտ բողոքում էին, թե իրենց «զրկել են» Կոտայքի մարզի Քաղսի եւ Լեռնանիստ գյուղերի շրջակա արոտավայրերից:

Նշված գյուղերին հարող 150 եւ 200 հեկտար արոտավայրերը մրցութային կարգով վարձակալության են տրվել, ըստ բողոքավորների, ֆերմեր Սպարտակ Հովհաննիսյանին եւ Լյովա անունով մեկ այլ անձնավորության: Իրենք՝ եզիդիները, մրցույթին չեն մասնակցել:

«Քառասուն տարի է, մենք այնտեղ ենք, պետական փողը միշտ մուծել ենք», - ասաց նրանց ներկայացուցիչը:

Բողոքավորների ներկայացուցիչներին ընդունեցին նախագահի վերհսկողության ծառայության աշխատակից Արծրուն Թորոսյանը եւ նամակների բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը:

Սակայն եզիդիների նեկայացուցիչ Մաջիթ Ամարյանը հանդիպումից հետո ավելի վրդովված էր. եզիդիները չեն ուզում մասնակցել մրցույթին, եթե անգամ այն նորից անցկացվի:

«Մենք չենք կարող մրցման մասնակցել», - ասաց նա, ավելացնելով, որ մրցույթում հաղթած ֆերմեր Սպարտակը մի քանի ամիս առաջ մեծ գումարի վարկ է վերցրել, եւ իրենք չեն կարող այդքան գումար հայթայթել նրան մրցակից դառնալու համար:

Եզիդիներից ոմանք այս ամենի մեջ նույնիսկ դիտավորություն են տեսնում, ասելով, հանրապետության որոշ շրջաններից տասնյակ եզիդի ընտանիքներ արդեն հեռացել են:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասաց, որ 2001 թվականից համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը՝ խոտհարք, արոտավայր, վարձակալության են տրամադրվում մրցույթով: Վարձակալության գնի համար հիմք է ընդունվում տվյալ տարածքի հողի կադաստրային արժեքի 15 տոկոսը, կախված որակից՝ մեկ հեկտարի համար 400 դրամից մինչեւ 3800 դրամ:

Նրա խոսքերով, տեղի համանյքի բնակիչներին մրցույթում առաջնություն չի տրվում. «Ո’չ կառավարության հաստատած կարգով, ո’չ էլ հողային օրենսգրքով որեւէ մեկին արտոնություն չի տրվում»: Մարզպետը նաեւ հիշեցրեց, որ բողոքողները մրցույթի համար հայտ չեն ներկայացրել:

«Մրցույթի կանոններով, հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին վճարող անձնավորությունը», - ասաց մարզպետը:

Ինչ վերաբերում է վերը հիշատակված Սպարտակ Հովհաննիսյանի անձին, մարզպետը ասաց, որ նա տվյալ մրցույթում հաղթած, Հրազդանում գործող «Որդի Արմեն» ֆերմերային տնտեսության գործադիր տնօրենն է:

«Երեւանում նախագահի նստավայրի առջեւ սկսված ցույցից հետո հնարավո՞ր է, որ մրցույթը չեղյալ հայտարարվի» հարցին Շահգելդյանը պատասխանեց, որ մրցույթը անց է կացվել «օրենքի տառին համապատասխան», եւ այն չեղյալ հայտարարելու հիմքեր «ընդհանրապես չկան»:

Մինչդեռ բողոքավոր եզիդիները օրվա երկրորդ կեսին դեռ նախագահի նստավայրի մոտ էին, եւ հեռանալու մտադրություն չունեին. «Մենք այստեղ հացադուլ ենք անելու»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG