Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլում այսօր տարածված է «Սոցիալիստական Հայաստան» միավորման, «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ), Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) եւ «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը, որին միացել է նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ). «Պահանջում ենք քաղաքական կազմակերպություններին դահլիճներ չտրամադրելու որոշումը վերացնել, հանրապետության ողջ տարածքում անհապաղ վերականգնել կուսակցությունների ազատ գործունեության (ժողովներ, հանրահավաքներ անցկացնելու) սահմանադրական իրավունքը»։

Իր արգելումներով իշխանությունը «նպատակ է հետապնդում ընդդիմադիր դաշտը հրահրել անհավասարակշիռ գործողությունների», - ընդգծում են հայտարարության հեղինակները։

«Երբ վարչապետ դարձաք, Ձեր շրջապատի որոշ մարդիկ համոզում էին պահանջել Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ Հիմա, երբ Դուք ընդդիմություն եք, արդյո՞ք ափսոսում եք, որ չարեցիք այդ բանը»։ «Առավոտ»-ի թղթակցի այս հարցին «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանում է. «Ո՛չ, միանշանակ չեմ ափսոսում։ Գտնում եմ, որ ճիշտ եմ արել, որովհետեւ դրանից հետո ինձ համար պարզ էր իրավիճակը։ Ես տեսա, թե ով՝ ով է։ Եվ խնդիրը ոչ միայն իմ տեսնելու մեջ էր, այլեւ հասարակության»։

Արամ Սարգսյանը կրկին հավաստում է, որ ինքը երկրի ղեկավար դառնալու նպատակ չունի, այդ առումով ավելացնելով. «Այն ժամանակ, երբ կար նախագահի ռեալ փոփոխության հնարավորություն՝ չէի տեսնում, թե ով կարող է լինել հաջորդ նախագահը։ Եվ առճակատումը չի արվել առաջին հերթին այս պատճառով»։

«Ինչո՞ւ եք կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու նախագահական ընտրություններին» հարցին Արամ Սարգսյանը արձագանքել է հետեւյալ հաշվարկներով. «Մեր երկրում հասարակական կարծիքը արժեք ունի եւ որոշիչ է։ 96-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշակի առումով այդ հասարակական կարծիքը հաշվի չառավ։ Նա հաղթեց 52%-ով, որից 40%-ն էր ռեալ։ Մնացյալը սարքովի էր... Եվ երկու տարի անց հաղթեց հասարակական կարծիքը՝ եւ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց... Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը 12% խախտում էր թույլ տվել, ապա Ռոբերտ Քոչարյանին հարկավոր է լինելու 52%-ի խախտում։ Սա ինքը շատ լավ հասկանում է»։

Տերպետրոսյանական գործիչներից Արա Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի իրենց «Արմատ» հավելվածում նշում է. «Ինքնավերարտադրվելու՝ վարչախմբի շանսերը արտաքուստ թվում են գերադասելի, քան՝ ընդդիմությանը: Սակայն հասարակական կյանքի խորքերում դրված են օրինաչափություններ, որոնք այն դարձնում են ավելի հարուստ, բազմազան ու անկանխատեսելի»:

Իրական ընդդիմություն համարելով միայն իրենց շարքերի ծնունդ կազմակերպությունները, Արա Սահակյանը ավելացնում է, թե ընդդիմություն լինելու հայտ են ներկայացրել նաեւ ՀԺԿ-ն, «Հանրապետությունը», ԱԺՄ-ի, կոմունիստների ու սոցիալիստների տարբեր ճյուղավորումները, «Ազգային միաբանությունը», ՍԻՄ-ը, սակայն՝ «նրանք հասարակության առջեւ ապաշխարհելու խնդիր ունեն, քանի որ պատասխանատվություն են կրում 1998-ի հեղաշրջման եւ Քոչարյանի վարչախմբին իշխանության բերելու համար»:

«Վերացնե՞լ մահապատիժը, թե՞ հրաժարվել Եվրախորհրդին անդամակցելուց». «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի հետ զրուցելով այս շրջանակում, գրող Գուրգեն Խանջյանը ասում է. «Չեմ հավատում, որ ունենք այն պայմանները, որոնք թույլ են տալիս հանցագործ մարդուն ցմահ բանտարկել: Կարո՞ղ ենք երաշխավորել, որ վաղը, մյուս օրը իշխանության փոփոխության ժամանակ չեն հայտնվի այնպիսի իշխանավորներ, որոնք պարզապես նրա արածը կարող է նույնիսկ լավ ընդունեն՝ իրենց ձեռնտու տարբերակով եւ գլուխը շոյեն, ասեն՝ դուրս արի: Իրենց ձեռքում են այդ օրենքները, ինչ ուզեն՝ կանեն, որովհետեւ մենք օրինապահ չենք»:

«Ես էլ եմ ուզում, որ Եվրախորհրդի անդամ լինենք, աշխարհով էլ հայտնի դառնանք: Բայց մի հատ ինքներս մեզ կրթենք, մի հատ կարգի բերենք, նոր միայն անդամակցենք: Թե չէ անհարմար է այս իրավիճակում», - կիսվում է գրողը: - «Լրիվ անօրեն երկիր է դարձել, եւ օրեցօր ավելի է գլորվում դեպի քաոսը, արդեն ով ինչ ուզում՝ անում է... Համարյա ոչ մի իշխանավոր իր տեղում չէ ու չի' աշխատում»:

Անդրադառնալով Վրաստանում Ջավածքի հետ կապված հերթական աղմուկին, վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը «Ազգ»-ի թղթակցին ասել է. «Ինձ համար անհասկանալի էր Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի փակ նիստը, որտեղ քննարկվել է Ջավախքում ստեղծված իրավիճակը։ Վերջին օրերին, վերջին ամիսներին որեւէ արտառոց պատահար չի եղել, էական բան չի փոխվել, ինչ-ինչ սուր հարցեր չեն դրվել, որից Ջավախքում մեծանա լարվածությունը»:

Վարչապետի խորհրդականի պարզաբանմամբ, «անգամ Գամսախուրդիայի նախագահության ժամանակ Ջավախքում անջատողական ձգտումներ չեն նկատվել, որեւէ մեկը ինքնավարության հարց չէր դրել։ Ջավախահայության պահանջը հետեւյալն է. եթե ձեւավորվում է տեղական իշխանություն, ապա տեղի ազգաբնակչությունը պետք է մասնակցի, պահպանվի նրա շահը... Բայց հենց մի հարց են շոշափում, անմիջապես վրաց որոշ շրջանակներ կասկածում են, թե դրա տակ ինչ-որ վատ բան կա»:

«Գոլոս Արմենիի» թերթը այսօր ՍՊԻԴ-ի դեմ պայքարի հայկական կենտրոնից գնահատական է փոխանցում, որ այդ ախտի համաճարակը Հայաստանում սկզբնական աստիճանից անցել է կուտակման աստիճան, եւ առավելագույն ջանքեր են պահանջվում այդ գործընթացը կասեցնելու համար: «Արմենիկում» նախագծի ղեկավար Լեւոն Գեւորգյանն էլ թղթակցին ասել է. «Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները շարունակվում են: Տվյալների վերլուծությունը շատ բարձր արդյունքներ է ցույց տալիս: Գիտնականների կարծիքով, «Արմենիկում»-ին հավասար արդյունավետություն ունեցող դեղամիջոց դեռեւս չի ստեղծվել: Մի շարք, այդ թվում՝ եվրոպական երկրներում արդեն ընթանում է «Արմենիկում»-ի գրանցումը»: Նախագծի հեղինակը նաեւ հերքում է ՍՊԻԴ-ի դեմ պայքարի ռուսաստանյան կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկու հայտարարությունը, թե «Արմենիկում»-ով անցած հիվանդների մեծ մասը մահացել է, եւ պնդում է, որ բուժում ստացած բոլոր հիվանդները ողջ են ու հսկողության տակ:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG